Մարդամեկն այսօր մինչ այս պահը 8 հատ գրառում է արել, որոնցից 5-ով փորձել է ժողովրդավար երևալ, 1-ով՝ մարդասեր․ իբր, որպես ժողովրդավարության աապացույց էլ ներկայացնումէ աշխաատանքից ազատման դիմում։ Խոսում է ընտրական իրավունքի, բռնաճնշումների մասին։ Հայաստանում ընդամենը 5 օրից տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ ավելի քան 20 համայնքում։ Այս ընտրությունները վստահ կարելի է համարել ՀՀ ՏԻՄ-երի պատմության ամենագորշ ընտրությունները, որոնցում ընդդիմադիր թեկնածուներ չկան, մի քանի բացառությամբ։ Երկիր, որտեղ ՀՀ իշխանությանը խիստ ընդդիմադիր է բնակչության կեսից ավելին, երկիր, որտեղ իշխանությունը զանազան կեղծիքներով հազիվ 49 տոկոս ձայն է հավաքում, այ էդ երկրում ընդդիմադիր թեկնածու համարյա չկա համայնքապետի ընտրություններում։ Ինչո՞ւ։ Վստահաբար՝ պատճառը խորը բռնաճնշումներն են, ժողովուրդ ջան։ Էն ընդդիմադիրը, որը պետք է հավակնի դառնալ գյուղապետ կամ քաղաքապետ, աչքի առաջ ունի Գյումրու քաղաքապետի օրինակը, որը հաղթեց ու կալանավորեցին, Վանաձորի քաղաքապետի օրինակը, որը հաղթեց և կալանավորեցին, Փարաքարի համայնքապետի օրինակը, որը հաղթեց և սպանեցին, Էջմիածնի և այլ համայնքապետի թեկնածուների օրինակը, որոնց բազմաթիվ բարեկամներին, ընկերներին աշխատանքից ազատեցին, էն համայնքների օրինակը, որ նախորդ ընտրություններում ջախջախեցին ՔՊ-ին, բայց հիմա ճնշվելով՝ ՔՊ-ի կողմից են մասնակցում։ Այ էս է, ըստ երևույթին, պատճառը, որ մեր՝ ընդդիմադիր բնակչությամբ լի երկրում ընտրություններին մասնակցում են միայն ՔՊ-ականներ։ բռնաճնշումներն են, վստահաբար, պատճառը, որ «Ուժեղ Հայաստանն» ասում է՝ բազմաթիվ տեղերում կմասնակցեմ ընտրություններին, բայց մասնակցում է մի տեղ։
Փաշինյանն ասում է՝ Արտաշատում ՀՅԴ թեկնածուն երկու քրեական գործով է անցնում։ Երկու քրգործն էլ, ժողովուրդ ջան, քաղաքական են, կաալանք էլ են տվել, բայց հիմա սա ընկալվում է որպես զգուշացում․ եթե հաղթի, երկու քրգործերից մեկով կամ մի երրորդ քրգործով անկասկած կալանավորվելու է։ Մեղադրում է, որ ընդդիմադիր թեկնածուի կինը աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում որպես ավագ մասնագետ։ Հասկանո՞ւմ եք, նախարար չի աշխատում, ոչ էլ փոխնախարար կամ վարչության պետ, Միասնական սոցիալական ծառայությունում մասնագետ։ Ըստ Նիկոլի՝ ընդդիմադիրի ընտանիքի անդամը իրավունք չունի աշխատել պետական համակարգում։ Ինչո՞ւ, հոր տնի՞ց է բերել էդ համակարգը։ Աշխատանքային իրավունքի ոսկե կանոն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ծառայության անցնելու և աշխատանքի հավասար իրավունք՝ հիմնված բացառապես իր մասնագիտական որակների, այլ ոչ թե ընտանիքի անդամների քաղաքական գործունեության վրա: Փաստորեն, Նիկոլը աշխատողներին ճնշում է՝ ստիպելով ընդդիմադիրներին կամ նրանց հարազատներին հրաժարվել քաղաքական գործունեությունից կամ այլախոհությունից՝ ընտանիքի ապրուստը չկորցնելու համար: Սրանց համար ընդդիմադիրը ոչ թե մրցակից է, այլ՝ թշնամի։ Ըստ Նիկոլի՝ պետք է ընդդիմադիրի հարազատներն աշխատեն միայն մասնավոր ոլորտո՞ւմ, այն էլ՝ ընդդիմադիր գործատուի մո՞տ։ Բայց դրանք էլ խլում եք ու փակում։
Ասում է՝ ով որ ճնշում է գործադրում ՏԻՄ ընտրություններում, սպառնալիքներ հնչեցնում, ընտրական իրավունքին խոչընդոտում, դիմեք ինձ։ Այսինքն՝ Նիկոլին նամակ գրեն, ասեն՝ Նիկոլ Փաշինյանը մեզ ճնշո՞ւմ է։ Ընտրությունները ե՞րբ են տեղի ունենալու․ այս կիրակի․ առաջադրումներն ավարտվել են, հեսա քարոզարշավն է ավարտվում, էս ամբողջ ընթացքում ճնշումների մասին ահազանգում են, նոր զարթնե՞ց։ Ընտրությունից 5 օր առաջ արդարություն է խաղո՞ւմ։ Ուղիղ 35 օր առաջ պատգամավորն ահազանգել է, որ ընտրություններում առաջադրվող ընդդիմադիր թեկնածուներին կամ նրանց ծնողներին զգուշացնում և հոգեբանական ճնշման են ենթարկում՝ ակնարկելով․ «Տղեդ բանակում է ծառայում»։ Ասում է՝ քաղաքացին դիմում է ոստիկանություն, որ տեղեկանք ստանա և առաջադրվի, ՔՊ-ն արդեն տեղյակ է և սկսում է ճնշումները։ Ամիսուկես առաջ են այս մասին ասել, դեռ առաջադրումներ չկային, ձայն չեք հանել, ընտրություններից 5 օր առաջ ի՞նչ դերասանություն է անում։
Կամ ինչո՞ւ է Փաշինյանը զբաղվում սրանով, ի՞նչ է անում իրավապահ համակարգը, ԿԸՀ-ն։ Իսկ կարող է՞ մարդամեկի հրահանգն է, որ բանի տեղ չդնեն։ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, որոնք, ասում է, կարող են խաթարել հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և վնասել ժողովրդավարությանը։ Խորհրդարան անցած ուժին հրաժարվել են մանդատ տալ ու խոսում են ժողովրդավարությունից։ Խնդալու չէ՞։ ՔՊ-ականին նշանակել են ԿԸՀ նախագահ ու խոսում են վստահությունից։
Հիմա, երբ Նիկոլն ասում է՝ եթե կան ճնշումներ, դիմեք ինձ, դա նախևառաջ վկայությունն է պետական համակարգի վախճանի։ Նշանակում է, որ պետությունը, իր իրավական համակարգով, մեռած է։ Այլապես ԿԸՀ-ն, դատախազությունը ուշադրություն կդարձնեին բոլոր ահազանգերին։ Իսկ ինչո՞ւ չեն դարձնում։ Որովհետև, կրկնում եմ, վստահաբար՝ նա՛ է այդպես ուզում։ Վստահաբար՝ էդ հրահանգները հենց նրա համար են եղել, որ մենակ դուք մասնակցեք։ Թե չէ, Նիկոլ Փաշինյանը, որ գիշեր-ցերեկ Ֆեյսբուքում գցած է, մեռնում է գրառումներ ու քոմենթներ կարդալով, տեղյակ չէ՞ ինչ է կատարվում։
Ասում է՝ «իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ»։ Այսինքն՝ պետական որևէ հաստատություն չկա՞, չի՞ մնացել, որ խախտված իրավունքի համար դիմեն, մնացել է բողոքի ակցիա՞ն ու հեղափոխությո՞ւնը։ Սրա մոտ էդպես է․ հացը թանկ է՝ փողոց հելեք, հեղափոխություն արեք, ծեծում են՝ հեղափոխություն արեք, բռնաճնշում է՝ հեղափոխություն արեք, սպանում են՝ հեղափոխություն արեք, դեղը թանկ է՝ փողոց ելեք, թալանում են՝ փողոց ելեք։ Եթե չեք ելնում, ուրեմն լավ են անում։
Պատկերացնո՞ւմ եք, իրավական պետությունում վարչապետ աշխատողն է արդարության հասնելու միակ ճանապարհը, բռնաճնշում են անում, դիմեն նրա՞ն։ Նա պետք է պատասխանատու լինի այնպիսի պետական համակարգի աշխատանքի համար, որտեղ քաղաքացին կարող է պաշտպանել իր իրավունքները՝ առանց վարչապետի բարեհաճությանը կամ անձնական միջամտությանը հույս դնելու։ Պետության համապատասխան մարմիններն ի՞նչ են անում, էդ ձրիակերները, եթե քաղաքացին պետք է Նիկոլից ակնկալի իր իրավունքների պաշտպանությունը։ Ո՞ւր է ՄԻՊ-ը, Ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները։
Էս մարդն ասում է՝ էդ կառույցները չկան, սաղի տեղը ես եմ ու սաղի փոխարեն ես եմ որոշում։ Կամ ինձ էլ մի դիմեք, բողոքի ցույց արեք։ Բայց երկու դեպքում էլ ես եմ որոշելու։ Հայաստանում քա՞նի հոգի է դարձել քաղբանտարկյալ զուտ բողոքի ցույց անելու պատճառով։
Նաև հարց է, թե ով է ժողովրդավարությունից ու իրավունքներից խոսողը․ ոչ լեգիտիմ մի վարչապետ, որ լիքը ընտրակեղծիք-կաշառքով, բռնաճնշումներով, խորհրդարան անցած կուսակցության բոլոր ձայները գողանալով՝ պահեց աթոռը։ Մի քանի օր առաջ էր ԵԽԽՎ-ն զեկույց հրապարակել սրանց խայտառակ ընտրությունների, բռնաճնշումների, քաղաքական դրդապատճառներով կալանքների մասին, ավելի խորացրին։
Այսօր դատական նիստ էր նախատեսված, հայր ու որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու մասով։ Դրանով է զբաղված իրավական համակարգ կոչվածը։ Զբաղված է նրանով, որ խորհրդարանական ընտրություններում հաղթած երեք ընդդիմադիր ուժերի լիդերներն էլ կալանքի տակ են։ Հենց սա խոսում է, եթե ուրիշ բառեր չասենք, Հայաստանի իշխանության որակի, հակումների մասին։
Կարճ ասած՝ Փաշինյանը որքան էլ իր գրառումների վերջում գրի «կեցցե՛ ժողովրդավարությունը», դա ծաղր է հենց ժողովրդավարությանը։ Ժողովրդավարության ամենամեծ թշնամին այն մտածելակերպն ու այն ուժն է, որը չի հանդուրժում այլակարծությունը։ Ժողովրդավարության թշնամին նա է, երբ մեկ մարդ կամ մի խումբ իրեն իրավունք է վերապահում որոշել բոլորի փոխարեն։ Երբ մարդկանց մանիպուլացնում են, թաքցնում ճշմարտությունը և զրկում տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունից։ Երբ այլ կարծիք ունեցողը դիտվում է որպես թշնամի, ոչ թե որպես հավասար իրավունքներ ունեցող քաղաքացի։ Երբ հանրային շահը զոհաբերվում է անձնական կամ խմբային շահերին։ Երբ օրենքը հավասարապես չի գործում բոլորի համար, իսկ իշխանավորները հաշվետու չեն իրենց գործողությունների համար։ Երբ քաղաքացիները հրաժարվում են պաշտպանել իրենց իրավունքները, մասնակցել հանրային կյանքին կամ բարձրաձայնել անարդարության մասին։ Երբ թուլացվում են անկախ դատարանները և իշխանությանը վերահսկող ինստիտուտները։ Սրաանք պետությունը սարքել են իրենց հոր դուքանը։
Սևակ Հակոբյան





