Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործը համարվում «Աշխարհաքաղաքական N1»․ «Կարճ ասած»

14 Հոկտեմբերի, 2026

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 18-րդ օրը, որոշ չափով բացահայտվեց պատերազմի դաշտում մեր կորուստների մասին։ Ուղերձով հանդես եկավ մարդամեկը․ նախ դարձյալ գլուխ գովաց, թե ինչպես հուլիսյան մարտերի ժամանակ է ասել, որ Ադրբեջանը թույլ է․ «2020 թ․ հուլիսին տեղի ունեցած տավուշյան հաղթական մարտերը ապացուցեցին շատերի համար անսպասելին՝ ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծելու Ղարաբաղի հարցը։ Այս պահին մեր զոհերի թիվը մեծ է, և սգում եմ մեր նահատակների համար։

Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն է՝ թե կոնկրետ որտեղից, որ ժամին պետք է հարձակվեին»։

Հիշեցնեմ՝ նույն թվականի հուլիս ամսին Տավուշում հայկական զորքը մի քիչ դիրքերն առաջ էր տվել․ Փաշինյանը դա սարքեց Ռայխստագի գրավում և, քանի մետր առաջացել էին չեզոք գոտում, էդքան մեդալ տվեց աջ ու ձախ, ինչը շատերը համարեցին սադրանք և ևս մեկ քայլ մոտեցում պատերազմին։

Ասում է՝ պատերազմը մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի՝ «Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն է, թե կոնկրետ որտեղից, որ ժամին պետք է հարձակվեին»։ Հետո պետք է բազմիցս ֆռացներ՝ օրը գիտեինք, ժամը չգիտեինք, ժամը գիտեինք՝ ուղղությունը չգիտեինք, անսպասելի էր, սպասելի էր և այլն։ Հարց՝ ինչո՞վ էին պայմանավորված այդքան կորուստները հենց առաջին օրերին, պատերազմի՝ սպասելի՞ լինելուց, թե՝ անսպասելի։

Նիկոլ Փաշինյանը նաև ասում է․ «Պարտավորություն ունեմ ճշմարտությունն ասել՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը և, մեր հաշվարկներով, ավելի քան մեկ մլրդ դոլարի զինտեխնիկայի կորուստը»։

Հիշեցնենք, որ սրանք պատերազմում մեր մարդկային ու նյութական կորուստների մասին մինչ այսօր որևէ արժանահավատ թիվ չեն հայտնել։ Զոհերի իրական թիվն ու անունները չգիտենք, բայց գիտե՞ք, օրինակ, թե քանի միավոր և քանի միլիարդ դոլարի զինտեխնիկա ենք կորցրել, թողել թուրքին, անգամ՝ առանց մեկ կրակոց արձակելու։

Առաջինը պաշտոնական մակարդակով տարածքային կորուստների մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Բայց ստերի չեմպիոնը հերքեց նաև ստերի այս մյուս չեմպիոնին։

Այսպես, Փաշինյանն ասում է․ «Մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել»։ Արծրունը հարցազրույցում ասում է․ «Հայկական բանակը շատ մեծ հաջողությամբ դիմակայում է։ Որոշ տեղերում ադրբեջանական զորքերն առաջ են, բայց էդ հատվածը, որ իրենք առաջանում են, ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր է օգտագործված ուժերի, կորուստների և ժամանակի կտրվածքով։ Հարգելինե՛րս, հավատացե՛ք, որ իրական, շոշափելի հաջողություններ չունեն»։

Այս օրը՝ հոկտեմբերի 14-ին, ՌԴ արտգործնախարարը խոսեց ազատագրված 7 շրջաններից 5-ը հանձնելու և Արցախում խաղաղապահներ տեղակայելու մասին, որը պատերազմը դադարեցնելու քայլ էր։ Փաշինյանը, ըստ էության, պատերազմի հենց սկզբից ունեցել է նման հնարավորություն՝ դադարեցնել պատերազմը տարբեր փուլերում տարբեր հանձնումներով՝ սկսած մեկ շրջանից, բայց ամեն անգամ խորանալով՝ մեծացել է դադարեցնելու դիմաց հանձնումների ծավալը, իսկ պատերազմի 18-րդ օրը հասել է 5 շրջանի։ 18-րդ օրը 5 շրջան հանձնելով՝ դադարեցնելու խոսք է եղել։ Իհարկե՝ դրան էլ է դեմ եղել, որովհետև գուցե նրան դա ձեռք չէր տալիս։ Ինչպես երևում է՝ նա ուզում էր հանձնել ամբողջը։

Պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի բազմաթիվ քմահաճույքներ, գրեթե բոլորը։ Ես չգիտեմ՝ կա՞ էդպիսի բան, որ Ալիևը պահանջել է, ու սա չի արել։ Այսքան ժամանակ սրանք չեն ասել՝ այսինչ բանը ուզեցել են, չենք տվել։

Այսօր մամուլի ասուլիս էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում։ Ասուլիսները լինում են ամեն շաբաթ, և դրանց խորագիրն է՝ «Աշխարհաքաղաքական գործ N1»: Ինչու «աշխարհաքաղաքական գործ»․ արդեն մի անգամ անդրադարձել ենք․ այս գործը կապված չէ իբր կոռուպցիոն և այլ մեղադրանքների հետ, այն կապված է Հայաստան պետության ու այսօր նրա շուրջ կատարվողի հետ։ Ասուլիսում փաստաբանի խոսքին չեմ անդրադառնում․ այստեղ քրեական գործ չկա, քաղաքական է, մեր համոզմամբ, և ուրեմն՝ քրեական էլեմենտներ քննարկելն անիմաստ է, մանավանդ որ գործում ևս Ռոբերտ Քոչարյանին վերաբերող մեղադրանքներ չկան, բացի նրանից, որ նա եղել է նախագահ և կատարել իր աշխատանքը։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ևս նշում է, որ այս կալանքը Ալիևի պահանջն է։ Ինչպես հայր Ալիևը, այնպես էլ որդին ամբողջ կյանքի ընթացքում չեն կարող մարսել Ռոբերտ Քոչարյանից կրած պարտությունը և նվաստացումը՝ թե՛ պատերազմի դաշտում, թե՛ դրանից հետո՝ դիվանագիտական դաշտում։ Հիմա Ալիևը, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, հասել է իր երազանքին․ տեսնում է, որ նա ինչպես որ Ադրբեջանին հավասար իրավունքներ ունի Նիկոլի ղեկավարած Հայաստանում, Ադրբեջանում իր թելադրանքով է, Հայաստանում՝ իր պարտադրանքով, ու Փաշինյանի ձեռքով հանում է իրենց մուռը Քոչարյանից։

Օրերս մի դեպք տեղի ունեցավ, որը շատ սիմվոլիկ է․ ադրբեջանական հեռուստատեսությունները լայնորեն լուսաբանեցին Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարյանի հայրական տան քանդումը։ Սովորական, շարքային տուն էր, պալատ չէր։ Ադրբեջանը քանդել է Արցախում բազմաթիվ բարձրահարկ շենքեր, քանդել է գեղեցիկ առանձնատներ, հազարից ավելի հուշարձան է ոչնչացրել, ոչ մեկը չի լուսաբանել, արել է անաղմուկ։ Լուսաբանել է պետական մի քանի կառույցների քանդումը, այդ թվում՝ ԱԺ շենքը, Ազատամարտիկների միության շենքը, ու Քոչարյանի տունը։ Հենց դա ցույց է տալիս իր ատելության չափը։ Ու նրա ցուցումով այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։

Ալիևը, այո՛, Քոչարյանից վրեժ է լուծում առաջին պատերազմում խայտառակ պարտության ու նվաստացման համար, դիվանագիտական հարթակներում Ռոբերտ Քոչարյանի բավականին կոշտ դիրքորոշումների համար։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն այսօր հիշեցրեց նախագահ Քոչարյանի հայտնի ելույթը ԵԽԽՎ-ում՝ 2004 թ․ հունիսի 23-ին։ Ադրբեջանի պատվիրակությունը հարցնում է՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն անձամբ մասնակցել է ռազմական գործողություններին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է․ «Իմ երեխաները մանկություն չեն ունեցել։ Ես երեք երեխա ունեմ, ավագն այն ժամանակ յոթ տարեկան էր։ Իսկ 1991-ից մինչև 1994 թվականը նրանք ապրել են նկուղներում՝ ադրբեջանական ավիացիայի ռմբակոծությունների տակ։ Իմ ամբողջ ընտանիքը։ Այո՛, ես հպարտ եմ, որ մասնակցել եմ մարտական գործողություններին, և հպարտ եմ այն արդյունքով, որն այսօր ունենք»։

Այդ արդյունքը Քոչարյանի համար հպարտություն էր, հայ ժողովրդի համար ազգային հպարտություն էր։ Ժողովո՛ւրդ ջան, աշխարհում քա՞նի ազգ կա, որ ունի երկու պետություն։ Մենք ունեինք, ու դա հպարտություն էր։

Նախագահի գրասենյակի ղեկավարը շատ ուշագրավ օրինակ է բերում․ Հայաստանն ու Արցախը կապող Հակարիի կամրջով բռնագաղթի ժամանակ 120 հազար մարդ է անցել․ Ադրբեջանը, որ կալանավորեց Արցախի նախկին նախագահներին, մատով չկպավ նրանց զավակներին, նրանք անցան կամուրջը։ Նիկոլ Փաշինյանը, Ալիևի պահանջը կատարելով, մեկ քայլ առաջ գնաց ու կալանավորեց ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև կալանավորեց որդուն՝ Սեդրակին։ Երեք տարի առաջ էլ մյուս որդուն էր կալանավորել՝ Լևոնին։ Սեդրակ Քոչարյանն առաջին պատերազմի ժամանակ մանկությունն անցկացրեց ապաստարաններում՝ ադրբեջանական ռումբերի տակ, հիմա՝ ԱԱԾ նկուղում՝ Ադրբեջանից եկած ցուցումով։

Ռոբերտ Քոչարյանի գործը, այո՛, աշխարհաքաղաքական է, որի ընդամենը մի մասն է Ալիևը։ Մյուս մասը, ինչպես գրասենյակի ղեկավարը նկատեց, հայ-թուրքական հարաբերություններն են․ հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի կեցվածքն այս հարցում, նրա պատասխանը Էրդողանի նամակին, նրա վերաբերմունքը հայ-թուրքական արձանագրություններին։ Ազգային հպարտություն էր։ Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչ Էրդողանն անգամ չէր կարող երազել․ եթե Թուրքիան ասում է՝ Ցեղասպանության հարցի քննումը թողնենք պատմաբաններին, Փաշինյանը ընդհանրապես փակում է թեման ու գրկում Էրդողանի գիրքը․ իր ձևով տալիս է Էրդողանի՝ 20 տարի առաջ Քոչարյանին գրած նամակի պատասխանը։

Աշխարհաքաղաքական գործի մյուս ասպեկտը հայ-ռուսական հարաբերություններում Քոչարյանի գործողություններն էին, Իրանի հետ բարեկամական հարաբերություններում նրա գործողություններն էին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Ալիևի բռում է, Էրդողանի բռում է, Թրամփի բռում է, ԵՄ բռում է, ու մենք դա զգալու ենք հերթական աղետների տեսքով։ Միայն Ալիևի կամքը չէ, որ կատարում է։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի դրոշը սկսեց ծածանվել մի շարք միջազգային կառույցների դիմաց, մենք հպարտանում էինք, որ ունենք երկրին ու ժողովրդին արժանի առաջնորդ։ Այո՛, ունեինք լիքը խնդիրներ, բայց դրանք ներքին էին ու լուծվող էին, ու լուծվում էին աստիճանաբար։ Այսօր էլ է մեր դրոշը ծածանվում այդ կառույցներում, բայց մեզ վրա խնդում են, ու ամաչում ենք, որ ունենք մեզ ներկայացնող էսպիսի կերպար, որն այլ երկրների ղեկավարների բռի մեջ է։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ տեսանյութ էր ցուցադրում Բագրատ Միկոյանն այսօրվա ասուլիսում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի ասուլիսում ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ նախագահ Քոչարյանը պատասխանում...

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային...

Ֆիդանը մեկնել է Բաքու

Ֆիդանը մեկնել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին։ Միջոցառմանը նա կներկայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։...

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսությունից։ Լևոն XIV-ին ուղղված նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել՝ ողջունելով Պապի հաջող վիրահատությունը։ Հայրապետը...

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը․ Լիանա Մանուկյան

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը․ Լիանա Մանուկյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան»-խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը մասնակցել է COP 17-ի շրջանակում անցկացվող «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին...