Մինչև վերջ ոտքը գազին մխած՝ գնում են Ուկրաինայի ճանապարհով․ «Կարճ ասած»

15 Հոկտեմբերի, 2026

Արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանն այսօր ասել է․ «Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել»։ Իսկ ի՞նչ էր ասում նույն Միրզոյանը ուղիղ 6 տարի առաջ այս օրը։ Ասում էր․ «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո՝ Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ Ո՛չ մի գնով»։ Կհավատա՞ք, որ դա նույն մարդն է ասել։ Ու հենց այսօր խոսում է Հայաստանից տարածքների հանձնման մասին։ Ասում էր՝ Արցախը մեր հայրենիքն է, չենք կարող զիջել․ մի հայրենիքը զիջեց, հիմա մյուս հայրենիքի տարածքներն է դարձրել առևտրի առարկա։

6 տարի առաջ այս օրերին Արարատ Միրզոյանը գործուղում էր ձևակերպում ու պետբյուջեի ծախսերով, օրապահիկով գնում Արցախ, հրամանատարական շտաբ մտնում՝ ռազմական գործից ունենալով զրո պատկերացում․ հո գիտե՞ր՝ ինչ են բերելու Արցախի գլխին ու դրանից հետո՝ Հայաստանի գլխին։ Միայն Արարատ Միրզոյանը չէ, որ հրամանատարական շտաբ ու բունկերից դուրս չէր գալիս։ Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը տարակուսում է, թե Նիկոլի կինն ինչ գործ ունի հրամանատարական բունկերում, ու փոխանակ նրան բունկերից դուրս հանեն, դուրս են հանում գեներալին։ Թե՝ գեներալն ո՞վ եղավ, որ Նիկոլի կնոջը դիտողություն անի։

Տեսանյութ – Մովսես Հակոբյան

Պատերազմի 19-րդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, վիճակը ծայրահեղ էր, բայց թաքցնում էին հերոսական գրառումներով, մեդալներ ու կոչումներ շաղ տալով։ Այս օրը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը դարձավ գեներալ-լեյտենանտ, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ գեներալ-գնդապետ։ Ըստ երևույթին, սա կոչում էր՝ լռության դիմաց։ Մինչ այսօր ձկան պես լուռ են։ Պատերազմի գիտակներին, գեներալներին հեռու պահեցին, իսկ մյուսներին տվեցին կոչումներ ու ուղեկցեցին պարտության։ Կոչումներ էին տալիս ու խոսում ինչ-որ հաղթանակի մասին։ Փաշինյանն այսպիսի գրառում արեց․ «Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները տապալվել են»։ Արծրունն էլ գրեց, թե ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով գրոհել է մեր մի քանի մարտական դիրքերը և կրելով չափազանց շատ կորուստներ՝ հետ շպրտվել։

Հայաստանն այսօր էլ է կորցնում․ ոչ միայն տարածքներ։ Ու դրան հասել են քայլ առ քայլ, հետևողական աշխատանքով։ Շատերն են վերլուծում և զգուշացնում, որ գնում ենք Ուկրաինայի ճանապարհով։ Մենք ենք ասում, զգուշացնում են ՌԴ-ից, խրախուսում են Վրաստան պատերազմ բերած նախկին և Ուկրաինա պատերազմ բերած գործող ղեկավարները, շատերը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ համոզված եմ՝ Հայաստանը երկրորդ Ուկրաինա չի դառնա։ Հենց նրա քայլերը, սակայն, հակառակն են ապացուցում։ Հենց այնպես՝ օդից չեն զգուշացնում․ կան գործողություններ, ելույթներ, որ պարզ հասկացնում են՝ ուր ենք գնում։ Ուկրաինայում չեն քնել-զարթնել ու տեսել՝ պատերազմ է, երկիրը կես է ընկել։ Մի օր հակառուսական կադրի են նշանակել բարձր պաշտոնի, մի օր միջազգային արենայում հակառուսական օրենքի են կողմ քվեարկել, մի օր իրենք են նման օրենք ընդունել, պարբերաբար հակառուսական ելույթներ են հնչեցրել, մի օր գործիչների մուտքն է փոխադարձաբար արգելվել, մի օր արտահանումն է արգելվել, մի օր գազային խնդիրներ են ունեցել, ու վերջում հասել է պատերազմի։

Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի, ծաղկի, ձկան, որոշ տեսակի խմիչքների ներմուծումը։ Ռուսաստանը գիտե՞ք երբ է արգելեց ուկրաինական գյուղատնտեսական և սննդամթերքի մի շարք տեսակների ներմուծումը․ 2016-ից։ Պատերազմը 22-ին է սկսել, գյուղմթերքի սահմանափակումը՝ 2016-ից ու աստիճանաբար հասել այս օրվան։

Իսկ մինչ այդ, 2014-ին Ռուսաստանը սահմանափակումներ կիրառեց ուկրաինական մի շարք ապրանքների նկատմամբ։

Հայաստանը հիմա գազի գնի թանկացման սպառնալիքի տակ է։ Հիշենք Ուկրաինան․ 2006 և 2009 թթ․ ունեցավ գազային ճգնաժամեր, մատակարարումների շուրջ վեճեր, գների բարձրացում և մատակարարման դադարեցումներ։ 2013 թ․ դեկտեմբեր՝ Յանուկովիչի կառավարության հետ համաձայնությունից հետո Ռուսաստանը ժամանակավորապես իջեցրեց Ուկրաինայի գազի գինը։ 2014թ․ ապրիլին Ռուսաստանը չեղարկեց զեղչը, և հայտարարված 268,5 դոլարը դարձավ 385,5 դոլար՝ յուրաքանչյուր 1,000 խորանարդ մետրի համար, կարճ ժամանակ անց՝ ևս 100 դոլարով բարձրացավ։ 2014 թ․ հունիսին Ռուսաստանը դադարեցրեց Ուկրաինային գազի ուղղակի մատակարարումները և անցավ կանխավճարային համակարգի։

Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակների միջև կա կառուցվածքային նմանություն։

2014թ․ Ուկրաինան մոտ 100 ռուս պաշտոնյայի նկատմամբ Ուկրաինա մուտքի արգելք կիրառեց․ նրանց թվում էին Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին և Կրեմլի պաշտոնյա Սերգեյ Գլազևը։ Ռուսաստանն էլ սահմանափակել է ուկրաինացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների մուտքը։ Հետո կիրառեց պատժամիջոցներ ուկրաինացի քաղաքական ու պետական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ։ Ինչ եղավ Հայաստանում․ սրանք արգելեցին Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան, ինչպես նաև միչ շարք ՌԴ քաղաքացիների։ Երեկ Ռուսաստանն արգելեց ՔՊ-ական պատգամավոր Լուլուի այցը Սանկտ Պետերբուրգ։ Իհարկե՝ Զատուլինի ու Լուլուի համեմատությունը տեղին չէ, որովհետև Զատուլինը հայ ժողովրդի բարեկամ է, Լուլուն ռուս ժողովրդի բարեկամ երբեք չի եղել։ Ինքն էր կողմ քվեարկում Հռոմի ստատուտին, որը հատուկ հակապուտինյան փաստաթուղթ էր դիտվում, ինքն էր առաջարկում Հայաստանում արգելել ռուսական ալիքները։ Ինքը ընդգծված հակառուս էր, Զատուլինը՝ ընդգծված հայամետ, ուղղակի քննադատում էր Նիկոլին։

Դուք տեղյա՞կ եք, թե քանի հազար ՀՀ քաղաքացիներ են միայն այս տարվա ընթացքում դեպորտ արվել ՌԴ-ից։ Ձեզ թվում է՝ հասարակ ակտ չմուծելու, ոտքը ծուռ դնելու պատճառո՞վ է։ Ո՛չ, Նիկոլի՛։ Իսկ գիտե՞ք քանի հարյուր հազար Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ են կիրառվել մուտքի, կացության նկատմամբ տարբեր սահմանափակումներ։ Ժողովուրդ ջան, սրանք ուղիղ զուգահեռներ են և օգտակար են իմանալու համար, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ժամանակ տնտեսական և վարչական միջոցները կարող են դառնալ քաղաքական հակամարտության մի մասը։

Հիմա, վստահաբար, ՔՊ-ում էլ են անհանգիստ, Նիկոլը հունիսին հայտարարում էր, թե հեսա ընտրություններից հետո պայմանավորվել ենք գնամ հարցերը կարգավորեմ-գամ։ Ընտրություններից հետո Պուտինը չընդունեց, հետո երկու անգամ հանդիպավ, ու սահմանափակումներն են դեռ ավելանում, պոմիդորի արգելքին ավելացել է Լուլույի արգելքը։ Երբ դիվանագիտական անձնագիր ունեցողը փաստի առաջ է կանգնել, ուրեմն հենց ՔՊ-ն պետք է իր շեֆին հարց տա՝ բա ասում էիր կարգավորելու եմ։ Եթե դու այս հարցը չես կիարող լուծել, մեր պետության՝ այդքան կախվածությունը ՌԴ-ից և հետևանքները ո՞նց ես հաղթահարելու։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լրագրողը հարցնում է․ «Ինչո՞ւ Պուտինին բռնապետ չեք անվանում»։ Պատասխանում է․ «Ես ստիպված եմ գործարքներ կնքել մարդկանց հետ, ուստի չեմ զբաղվում նրանց պիտակներ կպցնելով»։ Այս հայտարարությունը շատ դիպուկ կերպով արտացոլում է դիվանագիտական պրագմատիզմը։ Երբ պետության իշխանական գործիչները, ղեկավարները հրապարակայնորեն «պիտակավորում» կամ առջակատման են գնում այլ երկրի հետ, մանավանդ որից ունեն խիստ կախվածություն, փակում են դիվանագիտական դռները և չեն կարող ստանալ խաղաղ, զարգացող միջավայր։ Առճակատումը զարգացման չի կարող բերել։ Այն հրապարակային էմոցիաները և հռետորաբանությունը, որ սրանք ունեն, վատ տեղ են տանում։ Ադրբեջանի պարագայում հակառակն է՝ ասում են՝ զգույշ լինենք, վատ բան չլինի։ Սրանք Ադրբեջանից վախենում են, իսկ Ռուսաստանից, որից ունենք ծայրահեղ կախվածություն համարյա բոլոր ուղղություններով, որը գերտերություն է, որը աշխարհի ամենամեծ պետությունն է՝ ո՞չ։ Հույսը ըստ երևույթին, դարավոր բարեկամական կապերն են, որոնց հետ իրենք ոչ մի կապ չունեն։ Բայց Ուկրաինան էլ ուներ դարավոր կապեր, եղբայրական։

Կարճ ասած՝ սովորական մայրուղով երբ գնում եք, հազար հատ նշան կա, չէ՞․ «Զգուշացե՛ք, կով է», «առավելագույն արագությունը՝ 70», «Թունել եք մտնում», «զգուշացեք՝ ճանապարհը կտրուկ թեքվում է», «զգուշացեք՝ փակուղի է» և այլն։ Վարորդ կա՝ էդ նշանների հետևում է ու գնում-հասնում է այնտեղ, որտեղ ուզում էր, վարորդ կա, որ ոչ մի նշանի չի հետևում ու գնում է այլանդակ արագությամբ։ Հետո ասում են՝ ճակատագիր էր։ Բայց չէ՞ որ նշանները զգուշացնում էին։ Հիմա սրանց հազար անգամ ասել են, որ զգուշացեք էդ ճանապարհը տանում է Ուկրաինա, սա ոտքը սեղմում է գազին մինչև վերջ և գնում է այդտեղ։ Եթե էդ ավտոբուսի մեջ մենակ ՔՊ-ն լիներ իր խմբակով, կասեինք՝ ջհանդամը, ուր ուզում եք՝ գնացեք։ Բայց ավտոբուսում ամբողջ պետությունն է, ու բոլոր կողմերից մեռան ասելով՝ ճանապարհի նշաններին հետևեք։

 Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: «Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի...

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։...

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի...

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության՝ Ռուսաստան մատակարարումների համար նախատեսված արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Առաջարկվում է սահմանափակումը պահպանել մինչև ռուսական գերատեսչության մասնագետների կողմից...

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...