Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած»

9 Հոկտեմբերի, 2026

2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, երբ արդեն դժվարանում էր մարդկանց խաբելը, երբ ռազմաճակատից վատ ինֆորմացիա էր գալիս, բերնեբերան անցնող լուրերն ու մամուլի հրապարակումները 180 աստիճանով տարբերվում էին պետական քարոզչությունից, Փաշինյանը որոշում կայացրեց 700 հազարից մինչև 1 մլն դրամ տուգանել պաշտոնական լրահոսից բացի այլ լուրեր գրելու համար։ Սա շատերը կապեցին սրանց տապալված օպերացիաների հետ, որպեսզի ձախողումների մասին հայտնի չդառնա։ Բայց հիմնավորեցին այսպես՝ արգելափակում ենք, որովհետև մամուլը ստահոդ լուրեր է տարածում։

Եթե ասում էինք՝ այսինչ տեղում նահանջում ենք, այսինչ քաղաքը օկուպացվել է, հարձակվում էին մեզ վրա՝ «սուտ է, ո՞նց կարող եք չհավատալ Արծրունին», Նիկոլին, Արայիկին, նրա խոսնակին, այլ հավատալ ականատեսներին։ ՔՊ-ականները ԱԺ ամբիոնից ասում էին՝ հրապարակում են ականատեսների սուտ տեղեկություններ։ Ականատեսները ո՞նց կարող են ճիշտ ասել։ Նաև ասում էին՝ լրատվամիջոցները տալիս են տեղեկություններ, որոնք ազդում են քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակի վրա, այնինչ պետք է տալ տեղեկություններ, թե հեսա Բաքուն գրավում ենք, և Ալիևը փախչելու է իր «նախշունի» հետ։ Դրա համար էլ մարտի դաշտում հանձնումներ էին, նահանջ էր, դիեր էին, իսկ Երևանում՝ տպավորություն, թե այդ ամենը ադրբեջանական բանակի մասին է։ Պատկերացնո՞ւմ եք, ոչ միայն չէին հայտնում ճիշտը, այլև հատուկ օրենքով արգելեցին։

Պատերազմի 13-րդ օրը Ադրբեջանը կադրեր ցուցադրեց Ջեբրայիլից, Մատաղիսից, Թալիշից՝ ասելով, որ գրավել են։ Հերքումը չուշացավ․ Արծրուն Հովհաննիսյան․ «Մենք տեսանք, թե ինչպես իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի գրավման կապակցությամբ։ Այսօր մենք հրապարակեցինք տեսանյութը, որն ապացուցում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից փախչում Հայաստանի զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ։ Այսօր շարունակվեց նույն ապատեղեկատվությունը՝ կապված Ջաբրայիլի գրավման հետ, ինչը ևս ապատեղեկատվություն է»։

Պատերազմի 13-րդ օրը պայթեց Հադրութի գրավման լուրը։ Արծրունը գրեց․ «Ես հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու՝ մենակ հայերի եմ տեսնում»։ Այս հայտարարությունը այդ օրերին լուրջ ընդունվեց, իսկ այսօր հաճախ են ծաղրով հիշում։ Պաշտպանության նախարարությունը ևս ծաղրեց, թե՝ Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին։ Արայիկ Հարությունյանի խոսնակի սրամտությունն էլ էր բռնել․ «Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբր Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը՝ Հադրութից։ Այսինքն՝ տասնյակ կիլոմետրեր»։ Արծրունը չբավարարվեց միայն գրելով, թե ինքը Հադրութում է և ոչինչ չի կատարվում, եթեր էլ մտավ․ «Ալիևը հայտարարում է բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Եվ մեծ կասկած կա, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է»։

Իրականում ընդունենք, որ հայկական բանակի ռազմավարական կառավարման համակարգն էր խախտված, ու այդպես է մինչ օրս։ Օրեր անց թշնամին հրապարակեց կադրեր Հադրութից։

Կարծեմ երկու օր առաջ բողոքի ցույց էր Երևանում․ պահանջում էին հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն իբր քննած հանձնաժողովի զեկույցը։ Հետաքրքիր է՝ կա՞ մարդ, որը հավատում է էդ զեկույցի մեջ գրածին, ինչ էլ որ գրած լինի։ Էդ հանձնաժողովի զեկույցը կազմել են մարդիկ, որոնք այս 44 օրը լկտի խաբողներից են, ովքեր ասում էին՝ ականատեսներին մի հավատացեք, ովքեր սահմանափակում էին մամուլի հրապարակումները, որ դուք իրականությունը չիմանաք, ովքեր հենց Ալիևը գրաված գյուղերի անուններն էր տալիս, ասում էին՝ «Իլյուշին սխալ քարտեզ են ցույց տվել»։

Էնտեղ գրված է լինելու, որ մենք ամեն օր նահանջել ենք, բայց ձեզ հիմարացրել ե՞նք։ Գրված է լինելու՝ Նիկոլն ասել է՝ երբեք Արցախի շահերի դեմ քայլ չեմ անի, իրավունք չունեմ հիասթափեցնել, ու հանձնե՞լ է։ Այդ զեկույցում լինելու ե՞ն բանակցությունների ձախողումը, պատերազմի ժամանակ սխալ հրամանները, վատ օպերացիաները։ Այդ զեկույցը, որը, կրկնում եմ, բացառապես ՔՊ-ի հեղինակածն է, գերագույն գլխավորից մինչև կառավարական շտաբ մտնող տուրիստներին պատասխանատվության է կանչվելո՞ւ։ Չէ, վստահ եմ, տեսնելու եք խեղճ «հարիֆին», որին սխալ էին զեկուցում, որը ոչ մեղավոր է, ոչ պատասխանատու։ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի իբր զեկույցի միակ կամ գլխավոր նպատակը, շատերիս համոզմամբ, մեկ հոգու կաշին փրկելն է։ Մի քանի հոգու չէ, մեկ հոգու։

Այդ զեկույցն ասո՞ւմ է, թե ինչու է մի քանի անգամ հրաժարվել դադարեցնել պատերազմը․ մինչև պատերազմի դադարեցման առաջարկը որքան տարածք էինք կորցրել, որքան զոհ ունեինք, իսկ հրաժարվելուց հետո որքան ունեցանք զոհ ու տարածքային կորուստներ։ Զոհերի մասին կա՞ դրա մեջ, նրանք անուններո՞վ են, թե՞ համարներով կամ «պլյուս-մինուսով»։

Նախորդ օրը ճեպազրույցում ևս մարդամեկն ասել է, թե՝ «Այսօր էլ է պատերազմի օր, այսօր էլ ենք նահատակներ տվել, ի՞նչ անենք, քեֆ չանե՞նք, փակե՞նք բոլոր հարսանյաց սրահները, ռեստորանները, բարերը»։ Իսկ ինչո՞ւ է պատերազմի օր, եթե քեզ առաջարկել էին դադարեցնել։ Ինչո՞ւ եք զոհ տվել։ Մատ էր թափ տալիս ընդդիմության վրա, թե՝ «Ձմեռ է գալու, մառախուղ, և հանկարծ մեր մի զինվոր շփոթվի ու հայտնվի Ադրբեջանում, ես նրա մասին եմ մտածում»։ Զինվորի մասին է մտածում․ է՞ս ինչ նորություն էր։ Զինվորի մասին մտածում է մեկը, որը հարյուրավոր զոհեր է տվել 1 տապալված ռազմական օպերացիայում, երբ, տարբեր տեղեկություններով, համոզել են չգնալ այդ քայլին։ Զինվորի մասին է իբր մտածում մեկը, որը պատերազմը դադարեցնելու առաջարկները մերժել է, և ամեն մերժելուց հետո զոհերն ավելացել են։ Զինվորի մասին է մտածում մեկը, ով առանց օդը պաշտպանելու զինվորներին, կամավորներին ուղարկում էր երաշխավորված զոհվելու։ Մեկը, որն ասում էր՝ կարող էր այս ամենը լինել նաև առանց զոհերի, բայց 5 հազարին զոհել է, որ իրեն չասեն դավաճան․ այ նա մտածում է զինվորի մասի՞ն։ 5 հազարի մասին չի մտածել, մի զինվորի մասին է մտածելո՞ւ, որը հնարավոր է մի օր մոլորվի։

Պատերազմի առաջին օրերին Արայիկ Հարությունյանը զարմանք էր հայտնում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այնքան անմարդկային է իր զինվորների նկատմամբ, որ դիերի հետևից չի գալիս։ Հետո պետք է պարզվեր, որ սրանք 9 ամիս դին պահում են սառնարանում, հետո նոր տալիս ծնողին, կամ լցնում էին դիահերձարանի նկուղներում։ Այո, Ադրբեջանն իր զինվորի նկատմամբ անմարդկային է, իսկ սրա՞նք։ Նրանք գոնե հրապարակել են իրենց զոհերի անունները, հերոսապատումներ են գրել նրանց արած տեռորիզմից։ Մենք մեր զինվորների սխրանքների մասին չգիտենք, որովհետև անուններն անգամ չգիտենք։

Կարճ ասած՝ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Եվրոպական խորհրդարանը բանաձևով պահանջել Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Բանաձևին կողմ է քվեարկել 492 պատգամավոր, գերակշիռ մեծամասնությունը։ Հայաստանի խորհրդարանում, օրինակ, մեծամասնություն ՔՊ-ն հաստատ դեմ կքվեարկեր։ Իսկ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ այս ամենի մեղավորն ու պատասխանատուն այսօր, հոկտեմբերի 9-ին, 44-օրյա պատերազմի տարելիցին, երբ ԵԽ-ն պահանջում էր հայ գերիներին վերադարձնել․ Ալիևի հետ ու նրա կողքին սեղան էր նստել, հաց էր կիսում, սրտիկ էր ցույց տալիս ադրբեջանական երգի տակ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման միջադեպի շուրջ։ Այս և այլ թեմաների մասին YerevanToday-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հետ։...

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել, ԶԼՄ-ներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ Կոմերսանտը գրել էր, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ...

«Ժամանակակից քաղաքականության պոպուլիզմը». Վիկտոր Սողոմոնյան

Ժամանակակից քաղաքականության մեջ պոպուլիզմն ավելի ու ավելի է կառուցվում ցուցադրականության, վառ հակամարտությունների և աղմկահարույց հայտարարությունների վրա, մինչդեռ պետական կառավարման փորձը մղվում է երկրորդ պլան։ Այս մասին...

50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում

Վերին Դվինի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են լոլիկի մթերման կազմակերպումից, սուբսիդիան հանելուց հետո չեն կարողանում վաճառել իրենց լոլիկը, գրում է news.am-ը։ Այստեղ է նաև...

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն․ Մայր Աթոռ

Հոկտեմբերի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Այս մասին...