Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր․ «Կարճ ասած»

30 Սեպտեմբերի, 2026

 

Այս և առաջիկա 40 օրերի թողարկումները սկսելու ենք 6 տարի առաջ այս օրերի ողբերգական իրադարձությունների, հրամցվող պաշտոնական ստերի վերհիշմամբ։ Այսօր սեպտեմբերի 30-ն է. 6 տարի առաջ այս օրը պատերազմ էր, և վերընթերցելով 2020-ի իրադարձությունները՝ կրկին ու կրկին համոզվում ենք, թե մեր պետության ու մեր ժողովրդի դեմ ինչ մեծ հանցագործություն է արվել ոչ միայն թշնամու, այլև չակերտավոր «մերոնց» կողմից։

2020թ․ սեպտեմբերի 30-ին, երբ հայկական բանակը նահանջում էր, կորուստներ կրում, ՊՆ խոսնակը գրում էր ճիշտ հակառակի մասին․ մեջբերում եմ․ «Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել է և վերագրում է հայկական ուժերին»։ Մեծն ստախոս Արծրուն Հովհաննիսյանը գրում էր․ «Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա»։

Սեպտեմբերի 30-ին լուրեր նետվեցին դաշտ, թե այնքան ենք առաջ գնացել, որ ազատագրում ենք Գետաշենն ու Շահումյանը։ Սրանք չէին հերքում, խորհրդավորության քողով էին պատում։ Տեսանյութում, որը հիմա կդիտեք, Արծրուն Հովհաննիսյանին հարցնում են՝ ճի՞շտ է, որ Գետաշենն ու Շահումյանն ազատագրում ենք, ի՞նչ է պատասխանում․ «Կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողությունները, որոնք վերաբերում են մեր զինված ուժերի հաջողություններին, չեմ կարող մեկնաբանել․ այս պահին նպատակահարմար չէ նկարագրելը»։

Այս պատասխանից հասկանում ես, որ այո, այդտեղ հաջողություն ունենք, բայց նպատակահարմար չէ հիմա անդրադառնալը։ Այնինչ՝ տարածքներ էինք կորցնում։ Արծրունից չէին տարբերվում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու իր խոսնակը։

Արայիկ Հարությունյան․ «Առաջին և գլխավոր ֆակտորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու մոտ։ Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում՝ ոչ հաղթանակով։ Հետևանքները՝ իրենց կողմից տասնյակ հազարավոր զոհեր»։

Վահրամ Պողոսյան (Արայիկ Հարությունյանի խոսնակ)․ «Ընդամենը մի քանի ժամ է հաջողվել որոշակի առաջխաղացում ունենալ Ադրբեջանի բանակին։ Այս պահի դրությամբ ամբողջությամբ զսպում է ՊԲ-ն Ադրբեջանի ագրեսիան»։

Արայիկ Հարությունյանն ասում էր՝ նողկանք եմ ապրում, թե ինչքան բարբարոս պետք է լինի Ադրբեջանի իշխանությունը, որ թքած ունենա իրենց զոհերի, տղաների ճակատագրի վրա։ Համաձայն եմ, բայց հետո պետք է պարզվեր, որ սրանք սառնարաններում ամիսներ շարունակ պահում են մեր տղաների դիերը, հետո հանձնում ծնողներին, կամ դիերը լցնում էին նկուղներում։

Այս օրը փայլատակեց նաև տխրահռչակ Արարատ Միրզոյանը․ տեղադրել էր Նիկոլի մի նկար ու հաթաթա տվել․ «Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա, չշշկռեք»։ Շշկռեցին․ հետո՞։

Անցնեմ օրվա թեմային։ Այս օրերին բավականին ակտիվորեն քաղաքական դաշտը քննարկում է ԵԽԽՎ ամփոփիչ զեկույցը Հայաստանում հունիսի 6-ի ընտրությունների վերաբերյալ։ Ի՞նչ է արձանագրում ԵԽԽՎ-ն․ անդրադառնանք կարճ։ Արձանագրում է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին պետական աշխատողների՝ ճնշումներով մասնակցությունը։ Մենք ոչ միայն արձանագրել ենք, այլև տեսանյութերով ցույց ենք տվել այդ ապօրինությունները, հրապարակել ենք, թե ինչպես են ֆեյսբուքյան ներքին խմբերում պահանջում մասնակցել ՔՊ-ի զանազան հավաքներին։ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը համարյա սաղ պետական պաշտոնյաներ են եղել, ինչը կաշկանդել է ընտրողներին։ Այո՛, հենց վարչական ռեսուրսը սա է։

ԵԽԽՎ-ի մտահոգությանն են արժանացել կառավարության սոցիալ-տնտեսական նախընտրական միջոցառումները։ Բազմիցս ենք խոսել 10 հազար դրամով թոշակի բարձրացման ընտրակաշառքից, անհուսալի վարկերի վերաբերյալ օրենքից, տաքսիստներին արված լավությունից, տարբեր հիմնարկներում աշխատավարձերի բարձրացումից, համայնքապետերի բաժանած սոցօգնություններից, էլեկտրական ավտոմեքենաների գույքահարկի իջեցումից՝ ընտրություններից անմիջապես առաջ, և այլն, և այլն։ Սրանք ի՞նչ էին, եթե ոչ ընտրակաշառք։

ԵԽԽՎ-ն արձանագրում է ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերը, քաղաքական ենթատեքստը և կոչ է անում ապահովել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ պատշաճ դատավարական երաշխիքներ։ Շեշտել է քաղաքական հետապնդումները, որոնցից մեռանք խոսելով։ Այդ հետապնդումները մինչև այսօր շարունակվում են, բայց եվրոպական արձագանքը չկա։ Քաղաքական գլխավոր ուժերի գրասենյակներում խուզարկություններ էին, ապօրինի գաղտնալսումներ, կտրած-կպցրած ձայնագրություններով կալանքներ։ Եվ այդ բոլորն ազդեցություն են ունեցել ընտրողի վրա, մթնոլորտի վրա։ Ընտրակաշառքի սուտ հայտարարություններով ընդդիմադիրների են նստացրել։ Սա ազդել է ընդդիմության քարոզարշավի վրա։

Քա՞նի անգամ ենք ասել, որ հակաօրինական է ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը։ Դա արձանագրում է ԵԽԽՎ-ն, և նշում, որ դատարանը վեճը չի լուծել։ Կարևոր արձանագրում է անում, բայց՝ փափուկ։ Իրականում տեղի է ունեցել քաղաքական սպանություն․ քաղաքական ուժին զրկել են մանդատներից։

ԵԽԽՎ-ն նշում է նաև, թե հայկական ժողովրդավարությունը աննախադեպ և մտահոգիչ ճնշման է արժանացել դրսից։ Իհարկե, նկատի ունեն Ռուսաստանին։ Բայց միգուցե արդար կլիներ, եթե խոսեին նաև այն մասին, որ Հայաստանի ներքին գործերին կոպիտ միջամտո՞ւմ էին ԵՄ, ԱՄՆ, Թուրքիայի բարձր պաշտոնյաները՝ սատարելով իշխանությանը։ Իսկ կոպիտ միջամտություն չէ՞ր մեր երկրում հիբրիդային պատերազմ մղելու համար հատկացրած միլիոնները։

Լավ, իսկ ի՞նչ է տալիս այս զեկույցը․ ի՞նչ կարող են անել, ինչի՞ հնարավորություն ունեն, և կանե՞ն, թե՞ չէ։ Ժողովո՛ւրդ ջան, հարցն այստեղ է․ մեր երկրի նկատմամբ սրանց քաղաքականությունը չի փոխվում։ Պարզ է, թե մեր երկրի վերաբերյալ նրանք ինչ են ուզում տեսնել։ Դա լրիվ հասկանում ենք։ Որևէ մեկին այնտեղ չի հետաքրքրում՝ այստեղ ժողովրդավարություն է, եկեղեցու վրա ինչ գրոհներ են, մարդու իրավունքները հարգվո՞ւմ են, թե՞ չէ։ Նրանց չի հետաքրքրում, որ այս պահին բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, քաղաքական գործունեությունը խոչընդոտված է։ Եվ այդ ամենն արվում է անգամ ամենափոքր ապացույցներ չունենալով։ Այո, զեկույցներ կտան, ընդդիմությունը մատնացույց կանի այս ու այլ բացասականը, իշխանությունը կասի՝ ընտրատեղամասերի 44 տոկոսում խախտումներ են եղել, բայց 56-ում չեն եղել։ Իշխանությունը կարող է իր ուզածը մատնացույց անել, ընդդիմությունը՝ իրենը, բայց քանի դեռ այս երկակի մոտեցումն է, բան չի փոխվելու․ ինչը ձեռնտու է՝ բարձրաձայնում են, ինչը ձեռնտու չէ՝ լռում են։ Իսկ բարձրացնում են, ըստ իս, որ ծախեն իշխանության վրա, թե՝ «տեսեք, այսքան խախտումներ էին, բայց համարում ենք ընտրությունները նորմալ։ Տեսեք, արձանագրում ենք, որ մի կուսակցության դուրս եք թողել, որը ազդել է ընտրությունների արդյունքների վրա, բայց համարում ենք նորմալ։ Լեգիտիմություն չունես, բայց աչք ենք փակում, ուրեմն կանես ինչ ասենք։ Քանի որ բախում է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, իսկ Հայաստանի այս իշխանությունը, հավասարակշռություն չունենալով դարձել է Արևմյուտքի պատանդը, ընտրությունները, բոլոր թերություններով հանդերձ, կհամարվեն նորմալ։

Կարճ ասած՝ այս զեկույցով էլ, առանց զեկույցի էլ հասկանալի է, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ․ դա մենք արձանագրել ենք առանց զեկույցի, զեկույցը եկավ հաստատելու։ Բայց դրանից հետո գալիս է ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է փոխվելու։ Որովհետև զեկույցները կարող են արձանագրել, դատապարտել, առաջարկություններ ներկայացնել, բայց Հայաստանի քաղաքացիների համար վերջնական չափանիշը ոչ թե զեկույցի հաստությունն է կամ գեղեցիկ ձևակերպումները, այլ այն՝ այդ ամենից հետո երկրում իրականում փոխվո՞ւմ է քաղաքական միջավայրը, ուժեղանո՞ւմ են իրավական երաշխիքները, վերանայվո՞ւմ են խնդրահարույց որոշումները։ Ոչ։ Վստահաբար՝ ոչ։ Մեր երկրում իշխում է մի ուժ, որը որոշումներ է կայացնում, կալանքներ տալիս, երկրի ճակատագրի հետ խաղում, և ոչ լեգիտիմ է։ Հենց այդ լեգիտիմության ճգնաժամն է, որ սրան դրդում է սխալ որոշումներ կայացնելու՝ հանուն աթոռի։ Սրանց յուրաքանչյուր որոշում վերածվում է նոր սխալի, նոր ողբերգության։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

«Նարեկ Կարապետյանը՝ Ուժեղ Հայաստանի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը, խոսում է արցախցիների իրավունքի մասին՝ իրենց տուն վերադարձի իրավունքի մասին, միաժամանակ ավելացնում, որ դրա համար պետք է անցնենք շատ երկար աշխատանքային ճանապարհ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ...

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի և ռուսական ռազմանավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ռուսաստանը ուղղաթիռի...

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Դուք շատ շուտով կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թրամփը իր ելույթում հայտարարել էր, որ վերջին ամերիկյան...

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի առաջնորդները վերջապես կհասկանան, որ դիվանագիտությունը շողոքորթությունը, ճարպկությունը կամ ուղղակի ինչ-որ բան համոզելը չէ (բնականաբար խոսքը գործողների մասին չէ, սրանք անհույս են)։...

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել...