2020թ․ այս օրը՝ պատերազմի 9-րդ օրը, ժպիտով լեցուն դեմքով ուղիղ եթեր մտավ Նիկոլ Փաշինյանը և շատ տարօրինակ կոչով դիմեց հանրությանը․ «Ովքեր ունեն իրենց հետ հագուստ, ձմեռային բաճկոն, սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ, որ որևէ ձևով ուղարկեն կենտրոնական հավաքակայան։ Սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք-կողքի, ուս-ուսի պետք է կանգնենք և մեր հակառակորդի ողնաշարը ջարդենք։ Եվ պետք է հաղթենք»։
Ինչպե՞ս եղավ, որ պատերազմի ընդամենը 9 օրը արդեն մեր բանակն ուներ հագուստի, զրահաբաճկոնի կարիք։ Փաշինյանը պատերազմի 9-րդ օրը ասում էր՝ վիճակը ծանր է, որից հետո պետք է շարունակեր ևս 35 օր և մի քանի անգամ հրաժարվեր պատերազմը դադարեցնելուց։ Ողջ օրվա ընթացքում էլի շարունակվեցին պաշտոնական մեգաստերը։ Արայիկ Հարությունյանի խոսնակը գրում էր հուժկու հարվածների մասին, ասում էր՝ Ադրբեջանի տարբեր քաղաքներից հազարավոր մարդիկ խուճապահար փախչում են Բաքու, մի քանի օրից հնագետներն անգամ չեն կարողանանա գտնել Գյանջայի տեղը։ Նահանջում էինք, սա գրում էր՝ մարտավարական նահանջ է, որ ավելի մեծ կորուստներ հասցնենք թշնամուն, Արծրունն էլ լրացնում էր․ «Սպասեք լավ լուրերի․ միևնույն է՝ հաղթելու ենք»։
Ալիևը գրում էր մի շարք գյուղեր գրավելու մասին, սրանք ասում էին՝ հետևեք միայն մեր պաշտոնական լրահոսին, նրանք ունեն ընդամենը փոքրիկ ու ժամանակավոր հաջողություններ։
Որքան իրավիճակը մարտի դաշտում ծանրանում էր, այնքան սրանք շեղում էին ուշադրությունը։ Պատերազմի 9-րդ օրը սկսեց Փաշինյանի ընտանեկան փիարը, իբր որդուն ուղարկել է մարտի դաշտ, իսկ ՔՊ-ականներն էլ հետո պետք է առասպելներ պատմեին, թե ինչպես էր Նիկոլի որդին աղաչում հրամանատարին չլքել դիրքը։ Շատերիս էր տեսանելի, որ Նիկոլի դրա գերագույն հրամանատարությամբ անհնար է հաղթելը կամ գոնե չպարտվելը։ Պատերազմի 7-րդ օրը հրապարակեցինք Արցախից վերադարձածի գրառումը, որ մեր չպարտվելը հնարավոր է միայն Նիկոլի Փաշինյանի անհապաղ հեռացմամբ։ Հայտնվեցինք ամբոխի թիրախում։ Գիտեին՝ Բաքուն ենք գրավում, Գյանջան հօդս ենք ցնդեցրել, ու դժվար էր ընկալելը իրականությունը։ Սա է այդ օրերի իրականությունը։
Փաստենք, որ այսօր մեր երկրի անվտանգությունը ավելի լավ վիճակում չէ, քան պատերազմի ժամանակ էր։ Իսկ ամենաանվտանգը էն ժամանակ էր, երբ սահմանային դիրքերում սրանց այդքան քննադատած պահածոյի բանկաներն էին։ Այսօր թշնամին կարող է մտնել մեր երկիր, մի քանի օր պտտվել՝ զենքով, գյուղ ու քաղաքով ման գալ, ու այդ մասին բացահայտվի միայն էն ժամանակ, երբ հանցանք գործի, կրակի մարդկանց վրա։ Այ էդքան իջել է մեր պետության անվտանգային մակարդակը։
Կարդում եմ խորհրդարանական քառօրյայի օրակարգային հարցերը, ապշում եմ․ մենք ինչից պետք է խոսենք, բայց ինչից ենք խոսում։ Հունիսի 23-ը տոնական օր սահմանելու մասին, եկեղեցու քանդման համար ՔՊ-ի քննիչ հանձնաժողովի մասին։ Այսօր, այո, կարիք կա քննիչ հանձնաժողովի, ու դա պետք է ստեղծվի ՀՀ սահմանային իրավիճակի, անվտանգության հարցով, քննվեն պաշտպանության նախարարության, նախարարի ու գենշտաբի թերացումները, ԱԱԾ-ի թերացումները, ոստիկանության, դատախազության ու մյուսների թերացումները։ Պետք է հասկանանք, թե ինչպես է երկիրը դարձել թշնամու համար զենքով պտտվելու ու մարդկանց որս անելու տարածք, իսկ պատկան ոչ մի մարմին իր տեղում չէ՝ կանխողից մինչև պատժող։
Քննիչ հանձնաժողովը պետք է պարզի, թե ինչպես է թշնամին հա ամրացնում օկուպացրած տարածքներում իր դիրքերը։ Երկու օր առաջ մամուլը գրեց, որ Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։ Ընդլայնում է ճանապարհները, կահավորում, լայնացնում դիրքերը: Սրա՛ համար է պետք քննիչ հանձնաժողովը։
Միայն Ջերմուկում չէ այդ վիճակը, Ադրբեջանի հետ սահմանակից բոլոր մարզերում է։ Ընդամենը կես ամիս առաջ մամուլը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որ Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Տավուշում՝ Այգեպարի հատվածում, մոտ 500 մետր խորացել է Հայաստանի տարածքում։ Տավուշից սահմանազատել են, հանձնել են, ու մի հատ էլ թշնամին առաջ է եկել։ Էն որ մարդամեկն ասում է՝ ՀՀ տարածքը 29․743 քկմ է, վաղուց այդքան չէ։ Այս տարվա սեպտեմբերին մամուլը բացահայտեց, որ Սյունիքի մարզից օկուպացրած հատվածում 2025 թ․ մայիս-հուլիս ամիսներին ընդարձակել են ճանապարհները, փորել է խրամատների ցանց։ ՊՆ-ն իբր հերքում է, թե բա՝ 2025-ին են արել․ իսկ ինչո՞ւ են մեր հողում 2025-ին խրամատ փորել։
2026-ի մարտին, երբ հրապարակվեց, որ Գեղարքունիքում նոր դիրք են տեղադրել մեր հատվածում, ՊՆ-ն իրեն ճղում էր, թե բա՝ սուտ է։ Պարզվեց՝ իրենք են ստում։ Հիմա էլ չեն հերքում։ Որովհետև իրոք թշնամին մտել է ու տեղադրել դիրքեր, առաջ տվել, ամրաշինական աշխատանքներ արել, թաքստոցներ ստեղծել։ Ու հենց սրա համար պետք է քննիչ հանձնաժողով բացվի։ Լրագրողներն ասում էին՝ թշնամին ամրաշինական աշխատանք է անում իր օկուպացրած տարածքներում, մարդամեկն ասում էր՝ իր ինքնիշխան տարածքն է, ինչ ուզում՝ անում է։ Մեր տարածքի մասին էր ասում։ ԳՇ պետը հաստատում է, որ ադրբեջանցի զինծառայողները տեղակայված են Հայաստանի տարածքում․ դիրքերի կահավորման և ենթակառուցվածքների ստեղծման ընթացքում ծառահատումներ են անում։ Սրանց լռության ֆոնին։
Ասում էին՝ խաղաղությունից եք խոսում, բայց թշնամին հա առաջ է գալիս, Նիկոլը պատասխանում էր՝ էդ որ ասում եք խաղաղություն չկա, պատերա՞զմ է, վիրավոր կա՝ ինձ չե՞ք ասում, խնայո՞ւմ եք։ Ո՞րտեղ կա պատերազմ, ո՞րտեղ կա վիրավոր։ Այո՛, վիրավոր կա։ Բա հիմա՞ ինչ կասես։ Ասում էր՝ գնացեք-տեսեք ինչ ամրաշինական աշխատանք են անում․ էս ա ձեր ամրաշինականը։ Թուրքը մտնում, մի շաբաթ զբոսնում է մեր երկրում։ Ու հենց սրա համար է պետք քննիչ հանձնաժողովը՝ ձեր պայմանավորվածությունները, թշնամու ամեն հանցագործություն արդարացնելը բացահայտելու համար։
Կարճ ասած՝ թշնամին գործողություններով ասում է՝ երբ ինչ ուզենամ՝ քո տարածքում կանեմ։ Հայաստանը ղեկավարողները թշնամու առաջխաղացումները, հարձակումները, հանցանքները թաքցնում են ու ասում՝ խաղաղություն է։ Բացահայտումը իրենց վրա վերցրել են լրատվամիջոցները՝ ի հեճուկս իշխանության։ Ադրբեջանը առանց կրակոցի առաջ է բերում դիրքերը, նվեր է ստանում գյուղեր, հեկտարներով հողեր։ Ասում է՝ ինչ լավ է, իրոք խաղաղություն է․ ինչ ուզում եմ՝ խաղաղ վերցնում եմ։
Սևակ Հակոբյան






