Նախ ուզում եմ վերհիշենք 6 տարի առաջ այս օրվա իրադարձությունները։ 44-օրյա պատերազմի 6-րդ օրն էր։ Թշնամին հրթիռակոծեց Ստեփանակերտը, Հադրութը։ Հայաստանի իշխանության՝ այդ օրը հայտնած տեղեկություններից երևի ամենաճիշտը դա էր, մնացածը՝ ինչպես որ միշտ։
Տեսանյութ, Արծրուն․ «Ամեն ինչ կարգին է, տղաների ոգիները շատ բարձր է, բոլորը վստահ են, որ հաղթում ենք։ Զորքերն ուղղակի փայլուն են աշխատում, աչքովս տեսել եմ ինչպես է փայլուն աշխատում հրամանատարական կառավարման համակարգը, ինչ հիանալի է աշխատում, հստակ, ամեն ինչ տիրապետում են, միլիմետր առ միլիմետր վերահսկում են»։
Իհարկե՝ հետո պետք է Նիկոլը հրամանատարներին մեղադրեր իր տարած պարտության համար։ Հոկտեմբերի 2-ին թշնամին հայտնեց Ջեբրայիլ, Ֆիզուլի հատվածում առաջխաղացման, Մատաղիսի բարձունքները գրավելու մասին։ Երկու օր անց Արծրունը հերքեց։ Ադրբեջանը գրաված բնակավայրերի անուններ էր տալիս, Հայաստանում տեղեկատվական տեռորով զբաղվողները հերքում էին։ Ադրբեջանը հրապարակում էր զորամասի մարտական դրոշի նկար՝ ասելով, որ գրավել են, սրանք ասում էին փնթի բեմադրություն է։
Պատերազմի 6-րդ օրը սկսեցին մեդալների ու կոչումների շնորհումը։ Ամեն վայրկյան նահանջում էին ու կոչումներ ցփնում։ Քարոզչական կեղծիքի մի մաս էր։ Հետո պետք է հրապարակվեին տեղեկություններ, որ Փաշինյանն անգամ գեներալի կոչում է տվել «Լելե թեփե» օպերացիայի համար, որի ժամանակ, ըստ տարբեր տեղեկությունների, կորցրել ենք շուրջ 700 զինվոր, բազմաթիվ զինտեխնիկա․ դա ստացավ հետագայում «Ջեբրայիլի մսաղաց» անունը։ Ընդամենը մի քանի րոպե բարձունքը պահելու համար գլխատվեցին մեր զինվորները, իսկ այլոք, այնուամենայնիվ, կոչումներ ու մեդալներ ստացան։ Հետագայում տեղեկություններ օդում կախվեցին, որ բարձր զինվորական կոչումներ ու մեդալներ են ստացել նաև Փաշինյանի որդուն տարհանելու համար։ Պատերազմի 6-րդ օրը Փաշինյանը չերևաց ոչ մի տեղ։ Ի՞նչ էր անում․ բանաստեղծություն էր գրում, հայրենասիրական, «Հայոց զորքը հարթավայրում» վերնագրով։
Թեման, որին այսօր պետք է անդրադառնամ, հենց 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի տրամաբանության մեջ է։ Ադրբեջանից ահաբեկիչ է անցել Հայաստան, ըստ երևույթին՝ մի քանի օր մնացել մեր երկրում, ապա հայտնաբերվել քաղաքացիների կողմից, կրակել նրանց վրա, վիրավորել։ Այս դեպքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Նախ՝ թաքցնելու մասին․ տարբեր տեղեկություններ են գալիս, որ այդ ադրբեջանցին Հայաստանում է եղել մի քանի օր․ զորամասը լքել է սեպտեմբերի 25-ին։ Ադրբեջանը հայկական ԱԱԾ-ին հայտնել է սեպտեմբերի 29-ին։ ԱԱԾ-ն, փոխանակ հայտներ և բարձրացներ հանրության զգոնությունը, դեպքը թաքցրել է։ Մարդամեկը կասեր՝ ԱԱԾ-ն ինքն է որոշում՝ իր ունեցած ինֆորմացիան ոնց արտահոսք անի։ Դուք վստա՞հ եք, որ այդ ադրբեջանցի տեռորիստը այլ հանցանքներ չի գործել։ Գուցե գործել է։ Քաղաքացու վիրավորումը արդյո՞ք ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ոստիկանության անպատասխանատվության արդյունք չէ։ Մարդիկ չգիտեն, որ զինված տեռորիստ է փախել ադրբեջանական բանակից, գալիս են՝ տեսնում են իրենց տանն է։ Էդ ընթացքում, երբ սրանք գիտեին ներխուժած ադրբեջանցու մասին, Սուրեն Պապիկյանը վիդեոներ էր նկարում իր PR-ի համար։
Լավ, իսկ գուցե մի հոգի՞ չէ։ Քա՞նի տեռորիստ է մտել Հայաստան Ադրբեջանից։ Միգուցե այդ մասին ԱԱԾ-ն գիտի և լռում է, բայց գուցե` ոչ էլ գիտի։ Այս դեպքի մասին առաջինը հրապարակել է մամուլը․ հետո նոր, տեսնելով, որ չեն կարողանում թաքցնել, հրապարակեցին արդեն ԱԱԾ-ն, դատախազությունը։ Եթե մամուլը չգրեր, ոչ էլ կիմանայինք, վստահ եմ։
Սրանք ասում են՝ դասալիք։ Բայց երեխաներին պատանդ վերցնողը դասալի՞ք է, թե՞ տեռորիստ։ Մարդիկ իրավունք ունեն, չէ՞, անհանգստանալում, որ կարող է՝ ահաբեկիչ է, կարող է` դիվերսանտ է, կարող է՝ հետախույզ է։ Արցախցի անզեն պապիկին դաշտերում գերի էին բռնել, որպես դիվերսանտ դատեցին, սրանք բռնել են տեռորիստին, ասում են՝ դասալիք է։
Մյուս հարցադրումը, որ առաջանում է քաղաքացիների մոտ․ ինչպե՞ս է կարողացել այդ ահաբեկիչն անցնել սահմանը և խորանալ Շաքի, որն Ադրբեջանի հետ սահմանից կամ շփման գծից ուղիղ գծով 15 կմ հեռու է։ Բա սրանք ասում էին՝ սահմանը ամուր է։ Գիտե՞ք, այս ընթացքում՝ նախընտրական փուլում, ընտրություններից հետո տեսնում ենք, որ ԱԱԾ ջոկատները գրոհում են ընդդիմադիրների, հատկապես ընդդիմադիր առաջնորդների տները, դիմակավոր ԱԱԾ-ականները գրոհում են եկեղեցի, Ծառուկյանին են պառկեցնում գետնին՝ շատ տգեղ ձևով, Սամվել Կարապետյանի տուն են մտնում, Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու տուն են մտնում․ բայց էսքան դուխով ԱԱԾ-ականների, Ալֆա ջոկատի պարագայում հայ կինն ինքն է դանակով պաշտպանվում ավտոմատավոր ադրբեջանցի զինվորից։ Քա՞նի ԱԱԾ-ական պետք է հիմա ազատված լիներ աշխատանքից՝ տնօրենից սկսած։ Չէ, ինչի՞, մեր ԱԱԾ-ի ամբողջ անելիքը միայն Նիկոլին փայփայելն է։ Սաղ ուժային մարմինները զբաղված են Նիկոլի աթոռի ոտքերը կամ ռոլիկները պահելով։ Աթոռի ամեն ոտքի վրա աշխատում են հազարավոր իրավապահներ։
Ժողովուրդ ջան, մեր երկրի սահմանների անձեռնմխելիության հարցը շատ սուր է դրված․ ով ուզի և ինչ զենքով ուզի՝ կարող է հատել մեր սահմանը։ Էն որ հա խոսում են պետություն, ինքնիշխանություն և այլն, գազարի տեսքավ քարտեզը կպցրել են դոշներից, էդ քարտեզի մեջ ոնց ուզում գալիս-մտնում են, ինչ ուզում՝ անում են։ Հլը մի հատ դեպք ասեք, որ ուզեցել են ու չեն եկել, կանխել եք։ Մեր սահմանային անվտանգությունը նվազագույն մակարդակի վրա է։ Էն որ ռուս սահմանապահներից հրաժարվում էին, ասում էին՝ մենք ի զորու ենք։ Էս ա՞ ձեր ի զորուն։ Սենց ե՞ք ԹՐԻՓՓ-ը հսկելու։ Մարդը գնում է տուն՝ իր անչափահաս երեխաների հետ, տեսնում է՝ թուրքը տանը քնած է։ Զինված, «խաղաղասեր» ահաբեկիչը։ Ասում էր՝ պետք է ոչ թե ասենք՝ վայ, 50 մետր այն կողմ Ադրբեջան է, այլ ասենք՝ ինչ լավ է, 50 մետր այն կողմ Ադրբեջան է։ 16 կիլոմետրից եկել, կրակել-վիրավորել է։ Էկրանի լուսանկարներից մեկում Նիկոլն է խաղաղության պատի տակ։
Եթե պետությունը չի կարողանում պատասխանել, թե ինչպես է զինված ադրբեջանցին անցել սահմանը, ինչպես է հասել Հայաստանի խորքը, քանի օր է մնացել այստեղ և ինչ է հասցրել անել մինչև հայտնաբերվելը, ապա քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ ո՞վ է իրականում վերահսկում այս երկրի անվտանգությունը։ Ինչո՞ւ պետությունը կանգնած չէր այդ Շաքիի բնակիչնեռրի և զինված թշնամու միջև։
Մեկ այլ հարց էլ է, բնականաբար, առաջանում մարդկանց մոտ․ սա փակ սահմանի պարագայում ադրբեջանցու գործելաոճն է, իսկ բաց սահմանների դեպքո՞ւմ ինչ է սպասվում։ Մենք գիտենք այդ երկրում տրամադրվածությունը մեր նկատմամբ։ Հաջիևն էր էսօր ասում՝ պետք է հայ ժողովրդին տրամադրի Հայաստանի իշխանությունը խաղաղության։ Դուք ձեր ժողովրդին ինչի՞ եք տրամադրել։ Ամեն օր խոսում են «Արևմտյան Ադրբեջանից», խոսում են, թե Հայաստանն իրենց հողն է, հայերը թշնամի են, իրենք երբեք չեն մոռանա և այլն․ էդ գաղափարներով լցվածը գնում է ծառայելու, հետո զենքը վերցնում մտնում մեր գյուղ։
Մեկ այլ հարց է ՀՀ իշխանության վերաբերմունքը։ Ժողովուրդ ջան, ձեզանից որևէ մեկը գիտի՞, թե ինչ է տեղի ունեցել։ Առավոտից իրիկուն լրահոսի մեջ եմ, բայց չգիտեմ։ Դատախազությունը հայտնում է՝ կրակել է քաղաքացու ուղղությամբ, Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ դեպքի մասով տուժածների վիճակը կայուն է, ՔԿ-ն լռում է, ասում է՝ հենա Դատախազությունը հայտնել է, ՊՆ-ն վափշե չկա։ Մենք ոչ պետական մարմիններից ենք իմանում, որ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, կողքից ենք իմանում, որ մայրը, երեխաներին պաշտպանելիս, կորցրել է ձեռքի 3 մատները։ Կողքից ենք իմանում, որ երեխան էլ է վիրավորվել, կողքից ենք իմանում, որ կրակելուց հետո նորից է լիցքավորել զենքը։ Մենք էս կարևոր բաները իմանում ենք կողքից․ մեր իշխանական մարմինները չեն հայտնում, որ չիմանանք, մեզ թվա՝ էդ մարդիկ վախից են վատացել, ոչ թե հրազենային վիրավորումից։ Հա, էն աղջիկը ո՞ւր է, հակահետախուզության, երկու օր առաջ էր Ադրբեջան գնացել է։ Ինչի՞ հայտարարություն չենք լսում, որ հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք։ Մեկ ասում են մի հոգի, հետո լուրեր են տարածվում երկու հոգու․ խոսեք՝ իմանանք։
Դրա համար էլ քաղաքացու մոտ հարց է առաջանում՝ նպատակը ո՞րն է։ Հլը պահանջին չեմ անդրադառնում, որ՝ պետք է փոխանակել հայ գերիների հետ։ Չի բացառվում ափալ-թափալ բարի կամք դրսևորի ու հանձնի։ Հենց խոսքը վերաբերում է ադրբեջանցիներին, բարի կամքը եռում է Նիկոլի մեջ։ Ինչքան թուլություն ասես ցուցաբերում են Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի, իբր, պատերազմ չլինի։ Այս տարիներին տպավորություն եմ ստացել, որ Նիկոլը պատերազմից չէ, որ վախենում է։ Ալիևից է վախենում, նրա շանտաժներից։ Թե չէ՝ պատերազմից ինչի՞ պետք է վախենա․ ո՛չ ինքն է կռվելու, ո՛չ իր հարազատները, ո՛չ մոտիկները, մնացածը՝ հեչ, զոհերը իր համար պլյուս-մինուս են։
Այս դեպքը չպետք է լիներ որևէ պարագայում, թե՛ քաղաքականապես, որովհետև այսպօես կոչված խաղաղությոն է, թե անվտանգային առումով, որովհետև մեռան գովելով իրենց սահմանային պաշտպանությւոնը։
Կարճ ասած՝ տեղի ունեցածը պարզ միջադեպ չէ, ու մենք չենք ծանրացնում իրավիճակը։ Ադրբեջանը սրանով ասում է՝ մենք գալու ենք, մտնենք ձեր տները։ Իսկ ՀՀ իշխանություն կոչվածի քայլերն էլ ասում են՝ դուք պետք է ինքնապաշտպանվեք, մենք չկանք։ Մենք զբաղված ենք մեր աթոռով։ Բազմիցս ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը, նրա «խաղաղությունը» դուք քիչ կտարբերեք սողացող պատերազմից։ Հերթական գեղեցիկ հայտարարությանը, թե «ամեն ինչ վերահսկողության տակ է», վաղուց քաղաքացին չի հավատում։ Խաղաղությունը ձր ամենօրյա հայտարարությունները չեն, խաղաղությունը այն իրավիճակն է, երբ հայ մարդը իր տանը կարող է քնել՝ առանց վախենալու, որ զենքով ադրբեջանցին կարող է անցնել սահմանը, հասնել իր գյուղ, մտնել իր տուն ու իր երեխաների աչքի առաջ կրակ բացել։
Իսկ էն նախագահը, որի օրոք ադրբեջանցին, անգամ եթե փախչելու լիներ իր երկրից, ռիսկ չէր անի անցներ մեր սահմանը, այ էդ նախագահին տարել են ԿԳԲ-ի պադվալ՝ ընտանիքով։
Սևակ Հակոբյան






