Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին․ «Կարճ ասած»

29 Սեպտեմբերի, 2026

Մինչ հիմնական թեման, ուզում եմ հիշենք, որ 6 տարի առաջ այսօր արդեն երեք օր պատերազմ էր։ Եվ մինչ սրանք հանձնում էին, նահանջում էին, մեր տղերքը զոհվում էին, կառավարությունն արգելել էր լրատվամիջոցներին պաշտոնականից տարբերվող լուրեր հայտնել․ իսկ պաշտոնական լրահոսը սուտ էր։ 2020-ի սեպտեմբերի 29-ին այսպիսի ստեր էին հայտարարում․

Տեսանյութ — Արծրուն Հովհաննիսյան․ «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե հայկական զորամաս են ոչնչացրել, սուտ է։ Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն մեծ կորուստներ, չափազանց մեծ կորուստներ… Մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց կորուստների հետ, դրա համար փորձելու են մշտապես իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել զորամասերի ոչնչացման մասին, զինվորականների ոչնչացման մասին և այլն»։

Արայիկ Հարությունյան․ «Մենք չենք խնդրելու զինադադար, սա պետք է բոլորս իմանանք, մենք պետք է պարտադրենք զինադադար»։

Ֆեյսբուքյան քարոզչությունը շատ ավելի զավեշտալի էր։ Այդ ժամանակ ԱԺ նախագահ աշխատող Արարատ Միրզոյանը գրում էր․ «Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու»։ Նրա տեղակալ աշխատող Ալեն Սիմոնյանը գրում էր․ «Հակառակորդը խուճապի եզրին է․․․»։

Ինչպես որ մենք չենք մոռանում մեր հերոսներին, մեր ողբերգությունը, մեր երկրի ու մեր Արցախի գլխին բերվածը, այնպես էլ չպետք է մոռանանք բոլոր մեղավորներին։

Օրերս Կասպից ծովում անցկացվող զորավարժությունների ժամանակ 17 ղազախ զինծառայող հայտնվեց ծովում, նրանցից 14-ը զոհվեց։ Բարձրաստիճան զինվորականներ կալանավորվեցին, իսկ երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, Ղազախստանի նախագահ Տոկաևը պաշտոնից հեռացրեց պաշտպանության նախարարին։ Այս լուրը կարդացողներն անմիջապես համեմատություն տարան Հայաստանի հետ, որտեղ 2023թ․ հունվարին վառվեց խրճիթ, որը Սուրեն Պապիկյանն օգտագործում էր որպես զինվորների համար զորանոց, և զոհվեց 15 զինծառայող: Նախարարն անգամ պաշտոնական ամոթանք չստացավ։ Եթե Ղազախստանում ողբերգության պատճառները պարզելու համար կառավարությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով, մեր դեպքով Նիկոլը հավաքեց կառավարության անդամներին և մեղքը բարդեց սպայի վրա, թե՝ վառարան է վառել և այլն, ու հարց էլ չտվեց ինքն իրեն, թե ինչու է զինվորն ապրում այդպիսի պայմաններում։

Քանի որ Ղազախստանից խոսեցինք, շարունակեմ համեմատությունը․ մեր երկրի բնակչությունը հազիվ 2.5 մլն է, Ղազախստանինը՝ 21 մլն։ Հասկանալիորեն, բանակի թիվն էլ է ավելի մեծ։ Ղազախստանի բանակում այս տարի՝ մինչ այս զորավարժություններն ու զոհերը, համաձայն բաց աղբյուրների, զոհվել էր 9 զինծառայող․ վարժանքների ժամանակ, վրաերթից, հիվանդության պատճառով, զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում։ 9-ից միայն 1-ն էր սպանություն։ Մեր երկրի բանակն ինքնասպանությունից աչք չի բացում։ Նույն Ղազախստանի ողբերգության օրը՝ սեպտեմբերի 24-ին, մեր բանակում սպանվեց 23-ամյա պայմանագրային զինծառայող։ Կարդացինք՝ նռնակի պայթյունին նախորդել է զինծառայողների միջև վիճաբանություն։

Մեր բանակում այս բարդակի արդյունքում զոհերը մշտական են․ ո՞ւր է պատասխանատվությունը։ Ղազախստանում զորավարժությունների ժամանակ 14 հոգի զոհվում է, ստանձնում են պատասխանատվություն, հեռացնում են։ Այստեղ 15 հոգի զոհվում է, ՊՆ-ն չաղ է, բախտավոր, ուրախ, տներն ու եկամուտներն ավելացել են։ Հասկանում ենք, ինքը չունի էդ բարոյական նկարագիրը, որ ինքնակամ գնա, մանավանդ որ տարեկան մի 30 միլիոն ստանում է, մի էդքան էլ կավելանա։ Բայց իրեն նշանակո՞ղը։ Նա ունի՞։

Ամիս չկա, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակում զոհ չլինի բանակում բարդակի արդյունքում և Պապիկյանի՝ «դո՞ւ խի չես զոհվել» ելույթի շրջանակներում։ Պաշտպանության նախարար աշխատողից լսել ենք ամենացինիկ հայտարարությունը․ «Բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է»։ Այ քեզ նորություն։ Բա ո՞ւմ մեղադրենք, գյուղատնտեսության փորձագետների՞ն։

Սրանց մոտ արդարանալը սովորություն է․ ՔԿՀ-ներում մի տարում 25 հոգի մահանում է, ինքնասպան է լինում, Արդարադատության նախարարին հարցնում են՝ ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, կատաղում է․ «Արգելում եմ խոսել իմ մեղավորության մասին։ Իսկ դուք մեղավոր համարո՞ւմ եք, որ դրսում մարդ է մահանում»։ Չեմ չափազանցնում, Գալյան Սրբուհու պատկերացումն է։ Եթե քաղաքացին գտնվում է պետության ամբողջական վերահսկողության ներքո, պետությունն ունի նրա կյանքի և առողջության նկատմամբ առանձնահատուկ պարտականություն ու պատասխանատվություն։ Այո, մեղավորը հենց Արդարադատության նախարարն է, ում օրոք մահվան և ինքնասպանության դեպքերը կրկնապատկվել են, իսկ ինքը ստացել է այնքան շատ պարգևավճար, որ անգամ չէր հիշում՝ 7 մլն էր, 8 մլն էր թե ինչ էր։

Երևի պատասախանատվությունից թռնելը շեֆից են սովորել․ եթե նա 5 հազարին տարավ գերեզման ու ասաց՝ «մեղավոր եմ, պատասխանատու չեմ» կամ էլ հակառակը, Սուրեն Պապիկյանն ինչո՞ւ պետք է պատասխան տա իր օրոք հարյուրավոր զինվորների խլված կյանքի համար։ Եթե դատարանները աջ ու ձախ անհիմն կալանք ու դատապարտման վճիռ են տալիս՝ պատասխանատվություն չկրելով, դատապարտյալի մահվան համար ինչո՞ւ պետք է դա լինի։

Գիտե՞ք, Պաշտպանության նախարարը կարող է անձամբ չի սպանել զինվորին, չի հրդեհել զորանոցը, արդարադատության նախարարը միգուցե անձամբ չի բռնություն կիրառել դատապարտյալի նկատմամբ։ Բայց պետության կառավարման մեջ կա քաղաքական և կառավարչական պատասխանատվություն կարևոր հասկացությունը։  Չի կարելի ինքնաբերաբար ասել, թե ցանկացած ողբերգությունից հետո նախարարը պետք է հեռանա պաշտոնից։ Բայց երբ դրանք մշտական են, երբ բարդակ է, հարցեր են առաջանում․ արդյո՞ք համակարգը ճիշտ է կառավարվում, արդյո՞ք վերահսկողության մեխանիզմները աշխատում են, արդյո՞ք նախկին դեպքերից հետևություններ են արվել, արդյո՞ք այդ համակարգի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել։ Եթե 120 հազար դրամ ստացող սահմանապահն ունի պատասխանատվություն, ուրեմն 30 միլիոն ստացող նախարարի դեպքում ավելի մեծ է դա։ Երբ վերևներում ոչ ոք պատասխանատվություն չի կրում համակարգային ձախողման համար, միջին և ստորին օղակները դադարում են զգոն լինելուց։ Մեր երկրում քաղաքացիների մոտ ձևավորվել է համոզմունք, որ պետությունը չի արժևորում մարդկային կյանքը, իսկ պաշտոնը միայն արտոնություն է։ Բայց դե ո՜ւմ համար ենք ասում, հազարավորներին մահվան տարածներին, հարյուր հազարավորին անտուն թողածներին, կյանք ու ճակատագիր խեղածներին եկել ուզում ենք բացատրել, թե քաղաքական պատասխանատվությունն ինչ է։

Կարճ ասած՝ Հայաստանի հավաքականը երեկ 3 գնդակ է բաց թողել, կրել պարտություն և դրանով նյարդայնացրել է ՔՊ-ական պատգամավորին․ սա էլ նեղսրտած գրում է, թե՝ ո՞նց կարող է այսքանից հետո հավաքականի դարպասապահը մնա։ Այսինքն, ըստ ՔՊ-ի՝ պատասխանատվությունն աշխատում է միայն էն ժամանակ, երբ դա վերաբերում է ուրիշներին։ Իսկ հարցնենք՝ այդ ՔՊ-ականը, նրա շեֆը Հայաստանի Հանրապետության դարպասներին քա՞նի գոլ են թողեել, այդ գնդակներից քա՞նիսի հարվածներն էր մահացու և ինչպե՞ս եղավ, որ շարունակում են մնալ ՀՀ քաղաքական հավաքականի խաղացողներ։ Այդ դարպասապահի բաց թողած գոլի արդյունքն էլ նայեք, ձեր բաց թողած գոլերին էլ․․․

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։ Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը,...

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։ Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական...

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»,-ֆեյսբուքյան տեսանյութին ուղեկցող...