«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանում ձյան տեղումների պատճառով հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել: Ձմեռային անվադողեր չունենալը տրանսպորտը կոլապսի է ենթարկել:
Այն, որ քաղաքապետարանը նախապես իմացել է առատ ձյան մասին եւ անգամ հայտարարել ու զգուշացրել քաղաքացիներին, բոլորն են տեսել, սակայն այդքանն իմանալով` ինչո՞ւ հանրային տրանսպորտի անվադողերը չեն փոխել: Ինչո՞ւ վարչական շրջանների կոմունալ բաժնի աշխատողները նախապես չեն պատրաստվել ճանապարհների պատշաճ մաքրման աշխատանքներին։ Միայն թանկացնելով չէ, պարոնայք: Եվ հետո` գլխից դուրս տուգանքներ սահմանելով, որն առանձին թեմա է եւ կրկին օրենքի խախտում:
Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք եւ, ցավոք, այս ամենի դեմ ռադիկալ պայքար մղող ընդդիմություն չունենք: Մեզ մնում է ուժ եւ համբերություն մաղթել մեր քաղաքացիներին, ովքեր այս ցրտին, աշխատանքից հետո, հոգնած, սառած, սոված դեռ անորոշ վիճակում կանգնած են կանգառներում եւ չեն հասկանում, թե ինչպես պետք է հասնեն տուն ու որ ժամին: Կամ վաղը, ինչպես պետք է հասնեն աշխատավայր, ուսումնական հաստատություն, երբ ո՛չ ավտոբուսներն են նորմալ աշխատում եւ ո՛չ էլ փողոցներն են նորմալ մաքրվում:
Երեկվա դրությամբ, դատարկ ավտոբուսները կանգնած են կանգառներում՝ միացրած վթարային լույսերը, իսկ տաքսիների գները հասել են ինքնաթիռների գներին, որը հասարակ աշխատավոր քաղաքացու համար իսկական դարդ է: Մի տեսակ անակնկալի եկած քաղաքապետարանը չի կարողանում հասկանալ, թե այդ ինչպես ստացվեց, որ ձմռանը ձյուն եկավ: Բա որ իմանար, գոնե ավտոբուսների անվադողերը կփոխեր: Չմեղադրեք, մարդիկ թանկացումներով են զբաղված»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը