«Փաստ» օրաթերթը գրում է. Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ դեմ արևմուտքի կիրառած սանկցիաների և տնտեսական առճակատման վերջին մեկ տարին, ըստ ԱՄՀ գնահատականի, ավարտվել է ՌԴ օգտին: Ինչ վերաբերում է արևմտյան և հատկապես եվրոպական տնտեսությանը, ապա այն սպասվածից շատ տուժեց իր իսկ կողմից կիրառված սանկցիաներից: Ճապոնական խոշոր վերլուծական կենտրոններից մեկը նշել էր, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն ավելի շատ եկամուտ է ստանում էներգակիրների արտահանումից, քան մինչ դրանց ներդրումը։ Նախկինում արևմտյան շուկա արտահանվող էներգակիրների երկու երրորդը այժմ ուղղվում է դեպի Ասիա և Մերձավոր Արևելք:
Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, ապա ըստ Bloomberg-ի, հավանականությունը, որ առաջիկա 12 ամսում եվրոգոտու տնտեսությունը պատմական անկում կգրանցի, այժմ մոտենում է 50 %-ին (հիմա կազմում է 45 %): Մինչև ուկրաինական ճգնաժամը այդ հնարավորությունը կազմում էր 20 %, իսկ ամռանը անցկացված հետազոտության ժամանակ՝ 30 %։ Այն բանից հետո, ինչ Եվրոպան հրաժարվեց ՌԴ-ից ներկրվող էժան վառելիքից և Բելառուսից ներկրվող մատչելի կալիումից, եվրոպայում պարարտանյութի արտադրությունը պարզապես կանգ է առել, քանի որ նման արտադրությունը անշահավետ է դարձել գազի գնի պատճառով (ազոտական պարարտանյութերի ինքնարժեքի 75 %-ը կազմում է գազի ինքնարժեքը):
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի որդեգրած սանկցիաների քաղաքականության զոհ է դարձել ավելի քան 50 արտադրություն, իսկ սա իր հերթին նշանակում է, որ արդեն 2024-ին եվրոպացիները խնդիրներ են ունենալու նաև բերք աճեցնելու հետ: Եվրոպայում ստեղծված այս իրավիճակն անգամ անվանում է ստացել՝ Եվրոպայի արդյունաբերական դեինդուստրիացիա։ Ուշագրավն այն է, որ այսքանից հետո սեփական սխալներից տուժող Արևմուտքը չի զլանում խորհուրդներ շռայլել Հայաստանին, որոնցից մեկն էլ վերաբերում է հակառուսական սանկցիաներին միանալուն: Հասկանալի է, որ Արևմուտքն այս դեպքում հետապնդում է իր շահերը, իսկ որ Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական կոլապսի առջև, արևմտյան գործընկերներին այնքան էլ չի հետաքրքրում:
Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2024-ին ևս Հայաստանը ՌԴ-ից կշարունակի գազ գնել արտոնյալ գներով: Այս պահին ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիային գազը վաճառում է մոտավորապես 250 դոլարով, Իրանը Թուրքիային գազ է վաճառում 400 դոլարով, և եթե Հայաստանի իշխանությունները հույս ունեն ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով կամ իրանականով, ապա պետք է պատրաստ լինեն դրա համար վճարել եռակի կամ քառակի ավելի:
Եթե Հայաստանը դադարի ՌԴ-ից գազ գնել արտոնյալ պայմաններով, ապա դա ուղղակիորեն հարվածելու է բոլոր ոլորտներին՝ տրանսպորտային միջոցներին, գյուղատնտեսությանը, արտադրությանը, էլեկտրաէներգիայի գներին, որովհետև Հայաստանում էլեկտրաէներգիայի 30-35 տոկոսն արտադրում են ջերմակայանները, որոնք աշխատում են Ռուսաստանից եկող գազով։ Այսինքն, գնի բարձրացումը կատաստրոֆիկ կերպով տարածվելու է ամբողջ Հայաստանի տնտեսության վրա, ինչն էլ կհանգեցնի բոլոր ապրանքների թանկացմանը: Տնտեսագետները համակարծիք են, որ ԵՏՄ-ից հրաժարվելու դեպքում Հայաստանը միայն գազամատակարարման համար տարեկան 360 մլն դոլար է ծախսելու, ինչը մեր երկրի համար հսկայական բեռ է լինելու: Հետևաբար, պատահական չեն տնտեսագետների ու այլ փորձագետների զգուշացումները, որ ուրիշի՝ տվյալ դեպքում Արևմուտքի սխալներից դաս քաղելով՝ պետք է զգոն լինենք եւ ամրապնդենք մեր էներգահամակարգի անվտանգության դիրքերը՝ առանց այն էլ մեր երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին ևս մեկը չավելացնելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը