Ի՞նչ վտանգներ սպասենք Իրանում պատերազմից․ «Կարճ ասած»

2 Մարտի, 2026

Արդեն երեք օր է՝ փետրվարի 28-ից սկսած, պատերազմ է մեր հարևան, բարեկամ, ռազմավարական գործընկեր երկրի դեմ, և այն տարածում է ստանում։ Հունվար ամսին Իրանում հրահրված բողոքի ակցիաները, զանգվածային բախումներն ավարտվեցին դրանց հետևում կանգնած պետությունների պարտությամբ․ նրանք նշում էին, որ նպատակը Իրանում իշխանափոխությունն է։ Փետրվարին սկսեցին ամերիկա-իրանական բանակցությունները միջուկային թեմաներով, սակայն Ամերիկյան պահանջները բավականին շատացան՝ հասնելով մինչև իշխանափոխության պահանջի։ Շաբաթ օրը ամերիկյան ու իսրայելական ուժերը սկսեցին հարվածները։ Թե ինչպիսի ավերածություններ են տեղի ունենում, տեսել եք, չնայած նշեմ, որ համացանցում արհեստական բանակցնությամբ կամ տարբեր վայրերում պատերազմներից տեսարաններ են վերաթարմացվում, և պատկերների առումով իրականն ու կեղծը խառնվել են իրար։ Իսրայելա-ամերիկյան հարվածների թիրախում առաջին հերթին ռազմական օբյեկտներն են, բարձր պաշտոնյաներն են։ Զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, նրա ընտանիքի անդամներ, պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ։ Մենք վերջին երկու ամսում տեսանք արդեն երկրորդ դեպքը, երբ ԱՄՆ-ն թիրախավորում է պետության ղեկավարությանը, Վենեսուելայի դեպքում գերի տարան, Իրանի դեպքում սպանեցին։ Թրամփն ասում է՝ մենք արդեն տեսնում ենք ով պետք է լինի Իրանի ղեկավար, այսինքն՝ իր թեկնածուին է պարտադրում։ Ըստ ամենի, նրանց նպատակն է՝ գլխատել ղեկավարությանը, իրանցիներին հանել բողոքի և փոխել այդ երկրում ղեկավարներին, կառավարման համակարգը, իշխանության բնույթը։ Նպատակն է իր ուզած իշխանության հաստատումը, իր դրածոյի այսպես ասած և Իրանի ռեսուրսներին, հատկապես նավթային տարանցման, տիրապետումը։

Իհարկե չենք տեսնում Իրանի ղեկավարության գործելաոճում որևէ վախ, ընկրկում, հնազանդություն, «եկեք հանձնվենք, որ պատերազմն ավարտվի» ատահայտություն։ Ասել են՝ ամերիկյան կողմի հետ բանակցություններն ավարտված են, մենք չենք հրաժարվելու ուրանը հարստացնելու իրավունքից, մենք վրեժ ենք լուծելու մեր գերագույն առաջնորդի համար, մեր երկրին հարվածների համար։ Իրանը բալիստիկ հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրեց Իսրայելին, մի շարք երկրներում ամերիկյան ռազմաբազաներին՝ Քուվեյթում, Բահրեյնում, Իրաքյան Քուրդիստանում, Հորդանանում, Կատարում, ԱՄԷ-ում, Օմանում, Սաուդյան Արաբիայում՝ նավահանգիստներ, ռազմաբազաներ, նավթային համալիրներ, օդանավակայաններ, հյուրանոցներ և այլն։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով համաշխարհային տնտեսական, առևտրային խնդիրներ է ստեղծում։

Ինչ տեղի է ունենում Իրանում, միևնույն է՝ բացասական հետևանքներ է ունենալու նաև՝ մեզ վրա, որպես առաջին հերթին հարևան պետություն․ տնտեսական լուրջ խնդիրներ են սպասվում․ Հայաստանն ունի 4 հարևան պետություն, որից երկուսի հետ սահմանը փակ է։ Մնում են Վրաստանն ու Իրանը։ Վրաստանում արդեն 20 օր է լիքը հայկական բեռնատարներ են կուտակվել, կամայականորեն չեն թողնում անցնեն Հայաստան։ Իրանի հետ էլ պատերազմի պատճառով ունենալու ենք շատ վատ, ոչ կայուն կապ։ Այսինքն, պարենային, էներգետիկ, լոգիստիկ լուրջ խնդիրներ կունենանք։ Հնարավոր է գնաճ, ներկրվող որոշակի ապրանքատեսակների բացակայություն։ Չի բացառվում, որ պատերազմի շարունակության դեպքում Հայաստանի տարածքը ևս վնասներ կրի՝ որպես հարևան պետություն։ Հաշվի առնելով Իրանի ու ԱՄՆ-ի միջև թշնամական հարաբերությունների խորացումը և Հայաստանում Ամերիկայի հետ հակաիրանական նախագիծը, չի բացառվում հայ-իրանական հարաբերությունների վերանայում՝ բացասական տեսանկյունից։ Ամենակարևորներից է, որ պատերազմի երկարաձգման դեպքում ավելի քան 90 մլն բնակչություն ունեցող Իրանից մարդկանց արտահոսք։ Նրանք գալու են Հայաստան, Ադրբեջան, օկուպացված Արցախ։ Իսկ Իրանից բնակչության մեկ քառորդը թյուրքախոս ադրբեջանցիներն են։ Իհարկե՝ չի կարող այս պահին ոչ մի փորձագետ ասել, թե ինչ կլինի, հավանական սցենարները բազմաթիվ են։ Դա թողնենք մասնագետներին։

Բայց մենք տեսնում ենք Հայաստանի իշխանության անտարբեր, անպատասխանատու գործելաոճ։ Նախընտրական քարողարշավ են անում Իրանում պատերազմի առաջին օրից, պեռաշկի ու նարդի շոու։ Բոլոր այն անձինք, որոնք պետք է այս պահին քիթ սրբելու ժամանակ չունենային՝ վարչապետ, պաշտպանության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարար աշխատողները, շոուներ են անում։ Մի 20 օր է, ինչ տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել Հայաստանի տարածքով դուրս գալ Իրանից։ Դուք տեսել ե՞ք ՀՀ արտգործնախարարը իր քաղաքացիներին կոչ անի դուրս գալ Իրանից։ Հիմա էլ ռազմական գոտիներից ՀՀ քաղաքացիներին տարհանելու փոխարեն ԱԳ նախարարությունը կոչ է անում հետևել անվտանգության կանոններին։ Եգիտպոսում պատերազմ չկա, բայց ՌԴ նախագահը էնտեղից իր քաղաքացիներին տեղափոխում է իր երկիր։ Շաբաթը մի քանի ինքնաթիռ մարդ է գնում Հայաստանից Եգիպտոս, ի՞նչ են ձեռնարկում սրանք։ Տեսել ե՞ք Նիկոլը Արարատ Միրզոյանը ինչ-որ արտաքին ակտիվություն ցուցաբերեն, զանգեր, քննարկումներ, միջնորդական առաջարկներ։ Չէ, ինչ եք ասում, Իրանի 4 տասնյակ տարի ղեկավարին սպանել են, 2 օր հետո նոր Նիկոլենք ցավակցում են։ Հլը էս «ինքնիշխաններին» տեսեք, էլի, անգամ վախենում են, որ օրինակ՝ Թրամփը ջղայնանա։ Անգամ եթե դիվանագիտություն, քաղաքականություն-բան դնեմ մի կողմ, այ մարդ, մարդկություն է՞լ չկա։ Էդ մարդուն, իր ընտանիքին, թոռներով օդ են հանել, արա դուք բան չունե՞ք ասելու, մարդկություն է՞լ չունեք․ թե՞ էդ մարդկայնություններդ շարժվեց մենակ, որ Թուրքիայում երկրաշարժ եղավ, արագ-արագ՝ էլ ցավակցություն, էլ օգնություն ուղարկեցին, կարծես ձեր օգնության հույսին էին թուրքերը։ Առհասարակ, սրանց թրքասիրությանը չափ ու սահման էլ չկա, ոնցոր Թուրքիայի պատրիոտ լինեն, էնքանա սրտները դողում։

Արդարադատության նախարարին հարցնում են՝ ինչո՞ւ եք շոուով զբաղված, պատասխանում է՝ անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Էդ ո՞նց է գնահատել, կա՞ մի երկիր, որ հիմա կարող է գնահատել, որ իրեն վտանգ չկա։ Մակունցն էլ գուշակել էր, որ 44-օրյա պատերազմում Թուրքիան չի խառնվի։ ԱՄՆ-ն հարվածել էր Իրանին, ո՞վ կմտածեր, որ երկրորդ օրը արդեն 10 երկրում պայթյուններ կլինեն։ Այսինքն, եթե դուք կանխատեսում եք, որ ամեն ինչ լավ է լինելու, ուրեմն, դատելով փորձից, վստահաբար պետք է պատրաստվել վատագույնին։ Չի կարող ամբողջ աշխարհը փոխվել, տարածաշրջանը փոխվել, դու ասես՝ է մեզ մոտ բան չի փոխվի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ենք նախաստորագրել։

Բոլոր ոլորտների պատասխանատուներին, սաղ գործադիր ու օրենսդիր ուսապարկերին, հավաքել-տարել է քարոզարշավ, իր պոստին ոչ մեկին չի թողել․ ասում է արտգործնախարարին՝ տեղյակ ե՞ք թոշակն ինչքան է ու հռհռում են։ Ասում են մենք մեր գործով ենք զբաղված․ իսկ ո՞վ ասաց, որ էս փուլում դա է մեր գործը։ Վաղը որ սրանց հարց տաս, թե ինչպե՞ս են պատրաստվելու միգրացիոն հոսքերին, կասեն վատ է՞, որ տները կթանկանան։ Սրանք ամեն ինչին այ էդ պրիմիտիվ կտրվածքով են նայում։ Իրանում 100 հազարին մոտ հայկական համայնք կա, ի՞նչ եք անում իրենց հետ, տեղյա՞կ եք ինչ է կատարվում, թե՞ հայերի խնդիրները ՀՀ կառավարության խնդիրները չեն։ Էսօր ՔՊ-ական ուսապարկն է ասում, որ իրենցից ընդհանրապես ոչինչ կախված չէ։

Կարճ ասած՝ Հայաստանի իշխանության փոխանցած ազդակն այն է, որ մենք նրանց վրա հույս չկապենք, Հայաստանը ինքնահոսի գնում է՝ ոչ մի անվտանգության բարձիկ չունենալով։ Իսկ ժողովուրդ ջան, 5 տարի հետ գնանք, 44-օրյա պատերազմում մեր իշխանության պահվածքը ինչպիսի՞ն էր։ Էլի նույնը չէ՞ր, էլի թքած չունեի՞ն մարդկանց ճակատագրի վրա, կարևորը ամեն մեկը իր տանից իր կասկան վերցներ գնար մահվան, իրենք էլ ասեին՝ հանուն ոչնչի է։ Այո, Իրանում պատերազմի պարագայում մեր երկրի իշխանությունը ցույց է տալիս իր ոչկոմպետենտությունը․ իսկ մեր պատերազմի ժամանակ ինչպե՞ս էր։ Սրանք ցույց են տվել ինչի են ընդունակ՝ քեֆեր, պարգևավճարներ, շոուներ։ Արձանագրենք՝ նման ծանր փուլում այսպիսի անվտանգության պատասխանատուների առկայությունը պարզապես հանցագործություն է։ Իրանում, որ պատերազմ է հիմա, ավելի լավ վիճակում են, քան մենք, որովհետև այնտեղի ղեկավարությունը հանուն իր երկրի պաշտպանության է, սրա՞նք հանուն ինչի են։

Ընդամենը նախորդ թողարկմանն էի խոսում ճգնաժամային կառավարման մասին․ սրանք տեղով ճգնաժամ են։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...