Քաղաքացիներից մեկն այսօր հարց է տալիս Փաշինյանին՝ ի՞նչ ես անելու, որ գալիս ես։ Ճիշտ հարցադրում եմ համարում։ Մնում ես, որ ի՞նչ անես, իշխանությունը պահում ես, որ ի՞նչ անես։ Պետության զարգացում չենք տեսել, անվտանգություն՝ չենք տեսել, սոցիալական բարելավում չենք տեսել, սահմանների ապահովություն չենք տեսել, ներդրումներ չենք տեսել․ մնում ես, որ ի՞նչ անես։ Նաև ուզում եմ հարցնել՝ ժողովուրդ ջան, լավ, իսկ քո՝ իրեն պահելու մոտիվացիան ո՞րն է։ Տեսել եք մահեր, թալան, բռնագաղթ, աղքատություն․․․ Դրանց վստահելու մոտիվացիան ո՞րն է։ Պահում եք, որ ի՞նչ անեք։Այս ընթացքում հասցրել եմ հետևել 5-6 ուժի նախընտրական քարոզարշավի․ կարող եմ ասել, որ առանձնանում է ՔՊ-ն՝ իր ուղերձներով։ Տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը խաղադրույք է արել մարդկանց հիշողության վրա։ Երևի մտածում են՝ այնքան կարճ է այդ հիշողությունը, որ ընդամենը վերջին 5 տարվա իրադարձությունները չի մտաբերում։
Ուղիղ 5 տարի առաջ այս օրերին դարձյալ նախընտրական քարոզարշավ էր։ Նիկոլ Փաշինյանը նույն վայրերն էր այցելում ու կրկնում էր նույն խոստումները, որոնք տալիս է հիմա, կամ, որն աբսուրդ է՝ տրամաբանորեն հակառակ բաներն է ասում։ Սա քաղաքական խաբեության և ընտրողին ծաղրելու նախադեպ է։
2021 թ․ ընտրություններից առաջ՝ մայիսին, թշնամին առանց մեկ կրակոցի օկուպացրեց շուրջ 50 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ-ից։ Նիկոլը քարոզարշավին ասում էր․ «Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, և մենք տեսնում ենք հնարավորություն այդ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու»։ Ուղիղ 5 տարի հետո հայկական որևէ տարածքից ադրբեջանցի զինվոր դուրս չի եկել։ Դեռ ավելին՝ դրանից հետո ևս 180 քառակուսի կիլոմետր օկուպացրել են՝ որը հարձակումներով, որն առանց կրակոցի, բայց մեկ թիզ հետ չեն գնացել, տնավորվել են մեր դիրքերում։
Նիկոլը հիմա դարձյալ քարոզարշավի է գնում նույն վայրերը ու հայտարարում․ «Համոզված ենք, որ սահմանազատման գործընթացը կակտիվացնենք և ճշգրիտ սահմանները կարձանագրենք»։ Վստահեցնում եմ, որ եթե սա մնա մինչև 2070 թվականը, 2070 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ էլի ասելու է՝ ունենք հնարավորություն, որ այս անգամ Ադրբեջանը դուրս կգա մեր տարածքներից։ Իհարկե, կարող է և չասել, որովհետև իր ընտրվելու դեպքում, վստահ եմ, ադրբեջանական օկուպացիան արդեն տարածվելու է «Արևմտյան Ադրբեջան» անվանումով։
Սա ընդամենը մեկ օրինակ է, թե այդ մարդն ինչպես է ժողովրդին հիմարացնելով փորձում ձայն տանել։ Բայց հիմա մյուս օրինակը, որն էլ ավելի աբսուրդ է. ես չեմ հիշում պատմության մեջ նման բան։ 5 տարի առաջ այս օրերին ի՞նչ կարգախոսով էր մասնակցում ընտրություններին Նիկոլ Փաշինյանը, հիշո՞ւմ եք։ Վստահաբար հիշում եք, հեչ որ չէ՝ մենք էլ չենք թողել, որ մոռանաք, այնքան ենք ասել։ Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու խոստումով էր մասնակցում։ 2021 թվականին ասում էր՝ ընտրեք ինձ, որ հասնենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքով։ 5 տարի անց նույն Սյունիքում ասում է՝ ինձ ընտրեք, որովհետև Արցախը հանձնել եմ, որովհետև մերը չէր։ Ասում է՝ «Այսօր ինչ խոսում են, ասում են՝ Արցախը մերն էր․ ինչո՞վ էր մերը, այնտեղ դպրո՞ց են կառուցել, մանկապարտե՞զ են կառուցել, գործարա՞ն են կառուցել»։
Նախ՝ այո՛, կառուցել են՝ դպրոց էլ, հիվանդանոց էլ, մանկապարտեզ էլ, գործարան էլ։ 80 ֆաբրիկա ու ձեռնարկություն ես հանձնել, 40 ՀԷԿ ես հանձնել, 4 ջրամբար, 230 դպրոց, 4 համալսարան, 10-ից ավելի հիվանդանոց։ Բա դրանք ո՞վ էր սարքել, իրենք իրենցո՞վ էին առաջացել։ Սարքեց «դժբախտ-դժգույն» Շուշին… Բայց այս ուղղությամբ չխորանամ։
Զավեշտը հենց այն է, որ գնում է նույն վայրերը, որտեղ այցելել է 2021-ին, կանգնում է ճիշտ նույն հրապարակներում, նայում է ճիշտ նույն մարդկանց աչքերին, բայց ասում է տրամագծորեն հակառակը։ Այս մարդը 2021 թվականին ձայն է տարել՝ ասելով՝ Շուշին ու Հադրութը հետ կբերեմ, Արցախի ինքնորոշման ճանաչմանը կհասնեմ, հիմա ուզում է ձայն տանել՝ ասելով՝ «Արցախը մերը չէր՝ հանձնել եմ»։ Քաղաքացուն ցինիկ կերպով դրել են հիմարի տեղ։ Մարդուց ձայն են կորզել Արցախը փրկելու լոզունգի տակ, ընտրվելուց հետո այդ քվեն օգտագործել են Արցախը հանձնելու և թշնամու պահանջները բավարարելու համար։ Ու ասել են՝ քաղաքացին մանդատ է տվել, որ անեմ՝ ինչ ուզում եմ։ Հիմա էլ ասում է՝ էլի մանդատ տուր, որ հիմա էլ լրիվ ուրիշ բան անեմ։
Ժողովուրդ ջան, սա քարոզարշավը սկսել է Սյունիքից, որի գլխին կախված է Նիկոլի իշխանության վտանգը։ Սյունիքի վրա աչք է տնկել թշնամին։ Ու Նիկոլը Սյունիքում անում է շատ կասկածելի հայտարարություններ։ Մասնավորապես, Նիկոլն ասում է՝ «Սյունիքը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը»։ Ժողովուրդ ջան, ի՞նչ է այս հայտարարությունը նշանակում, եթե ոչ՝ «Սյունիքը կարող է և չլինել ՀՀ անբաժան մասը»։ 2019-ին էլ ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այսինքն՝ Արցախը ՀՀ անբաժան մասն է։ Ու ի՞նչ արեց։ Կարո՞ղ եք ասել՝ ինչու է կարիք առաջացել, որ պետությունը ղեկավարողն իր երկրի տարածքի մասին ասի՝ կմնա մերը․ ուրեմն վտանգ կա, չէ՞։ Հապա պատկերացրեք՝ երկրի վարչապետը հայտարարի՝ Երևանը մնալու է ՀՀ անբաժան մասը։ Նշանակում է՝ քննարկվում է Երևանի՝ ՀՀ անբաժան մասը չլինելու հարցը։ Սրանց օրոք վտանգ է կախված մեր բոլոր անբաժան մասերի վրա։ Եթե այդ մարդը Ստեփանակերտը հանձնում է և հպարտանում, թե՝ գտանք Հայաստանը, ո՞վ է խանգարում, որ վաղը ասի՝ Հայաստանը վտանգի տակ էր Սյունիքի գոյությամբ, կհանձնենք Սյունիքը, որ գտնենք Հայաստանը։ Եթե հնարավորություն տաք, որ սա մնա, դա է լինելու, կասկած չունեմ։ Ուրեմն պետք է հնարավորություն չտալ, որ բանը հասնի այդտեղ։
Երեկ Գեղամասարի բնակիչներն ասում էին, որ իրենք մտավախություն ունեն, որ իրենց գյուղը կհանձնի, կդարձնի «Արևմտյան Ադրբեջան», որովհետև սահմանին է ու Սևանի ափին է, որի վրա ևս աչք է դրել Ալիևը։ Ու այդ մարդկանց կասկածները օդից չեն։ ՔՊ-ն մասնակցում է քարոզարշավի՝ հանձնելու խոստումներով։ Չեմ չափազանցնում։ Քարոզչական բեմից սրանց արտգործնախարարը հայտարարում է՝ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ։ Սա ի՞նչ է նշանակում․ ուղիղ նշանակում է հետևյալը՝ ընտրեք մեզ, որ հանձնենք։ Ո՞ր տարածքները նկատի ունի. Տիգրանաշե՞նը, Վերին Ոսկեպա՞րը։ Ո՞վ ասաց։ Դուք վստա՞հ եք, որ Սևանը նկատի չունի։ Ստեփանակերտը կարող է հանձնել, Երևանը չի՞ կարող։ Ինչո՞ւ չի կարող, այն էլ էր մայրաքաղաք, սա էլ է մայրաքաղաք։ Ու չզարմանաք, որ Սևանն էլ հանձնի, ավտոբուսներով մարդկանց հավաքի-տանի Գորիս քարոզարշավի ու ասի՝ Սևանն ինչո՞վ էր մերը․ նույն այն բառերը, որ ասում է Արցախի մասին։
Ժողովուրդ ջան, ի տարբերություն 2018 և 2021 թթ․, հիմա սրանք խոսում են իրենց հանձնելու պլանների մասին։ Ամեն մեկդ հիմա պետք է մտածեք՝ ձեր քաղաքը, գյուղը, որտեղ ապրում եք, ըստ Նիկոլի՝ ձե՞րն է, թե՞ Ադրբեջանինը։ Երբ իշխանությունն ընտրողին դնում է հիմարի տեղ, ընտրողի միակ արժանապատիվ պատասխանը նրան մերժելն է։ Հակառակ դեպքում, 2031 թվականին մեզ կհամոզեն, որ Սյունիքն ու Գեղարքունիքն էլ մերը չէին։ Այն, որ հատ-հատ թվարկում է՝ «և այդ մի մարդը դու ես», այո՛, այդ մարդիկ, ովքեր կտան Հայաստանը կործանելու մանդատ, ունեն անուն-ազգանուն, ՀՀ քաղաքացիներ են, ում ձայնից է այսօր ամեն ինչ կախված, այդ թվում՝ հենց իրենց՝ այս երկրում վաղվա կարգավիճակը։
Կարճ ասած՝ քաղաքացիներից մեկն այսօր հարց է տալիս Փաշինյանին՝ ի՞նչ ես անելու, որ գալիս ես։ Ճիշտ հարցադրում եմ համարում։ Մնում ես, որ ի՞նչ անես, իշխանությունը պահում ես, որ ի՞նչ անես։ Պետության զարգացում չենք տեսել, անվտանգություն՝ չենք տեսել, սոցիալական բարելավում չենք տեսել, սահմանների ապահովություն չենք տեսել, ներդրումներ չենք տեսել․ մնում ես, որ ի՞նչ անես։ Նաև ուզում եմ հարցնել՝ ժողովուրդ ջան, լավ, իսկ քո՝ իրեն պահելու մոտիվացիան ո՞րն է։ Տեսել եք մահեր, թալան, բռնագաղթ, աղքատություն․․․ Դրանց վստահելու մոտիվացիան ո՞րն է։ Պահում եք, որ ի՞նչ անեք։
Սևակ Հակոբյան



