Գնա՛ ընտրության, որ վաղը մեղավորներ չփնտրես․ «Կարճ ասած»

8 Մայիսի, 2026

Մեկնարկեց Հայաստանի համար ճակատագրական խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Քաղաքացու համար, իրականում, կարծում եմ՝ դժվար չէ ընտրություն կատարելը։ Հիմնական ուժերին ճանաչում են, գիտեն անցած ուղին ու ձեռագիրը։ Մնում է՝ քաղաքացին գնա ընտրատեղամաս։ Ամեն ինչ կախված է դրանից։ Այս ընթացքում տեսնում ենք, որ հետևողականորեն արվում է ամեն ինչ, որ քաղաքացին մնա տանը, քանի որ վերարտադրվել փորձող իշխանությանը դա՛ է ձեռնտու։ Այդ նպատակով է հենց, իմ կարծիքով, տարածվում մի քանի թեզ, որոնց ցանկանում եմ անդրադառնալ։

Թեզ 1 – Բոլորն էլ մեկ են։ Սա հենց մարդկանց մեջ հուսահատություն մտցնելու համար է, թե՝ որ մեկ են բոլորը, ինչի՞ գնամ ընտրության։ Մեկ է՝ ում էլ ընտրեմ՝ նույնն է, բան չի փոխվելու։ Իշխանությունը հասկանում է, որ իր աղետներից հետո իր փրկությունը մարդկանց հուսահատեցնելու մեջ է, որ բոլորին նույն ցեխի մեջ թաթախեն ու հավասարության նշան դնեն։ Ժողովուրդ ջան, շատ պարզ հարց տամ. սնունդ առնելիս չեք ասում, չէ՞՝ սաղ մեկ են։ Ժամկետ եք նայում, հաճախ՝ փորձում եք, եթե գիտեք, որ այդ սննդատեսակից թունավորվող են եղել, էլ չեք առնում։ Չեք ասում՝ սաղ մեկ է, ինչ էլ առնեմ ուտելու։ Կամ՝ չեք ասում, չէ՞, մեկ է՝ փափուկ անկողնու, մահճակալի վրա կքնեմ, թե հատակի, տարբերություն չկա։ Ավտոմեքենա գնելիս էլ չեմ տեսել, որ ասեք՝ դե մեկ է, ինչ կառնեմ։

Ժողովուրդ ջան, հող պահողն ու հող տվողը չեն կարող նույնը լինել։ Ղեկավարը, որի օրոք Հայաստանն ու Արցախը պաշտպանված էին, ունեինք երաշխավորված անվտանգություն, հաղթանակած բանակ ու ամուր սահմաններ, և նա, ում օրոք սաղ վարի է տրվել, ու թշնամին մտել է մեր տարածք, անգամ հանցագործություն է համեմատելը։ Չեն կարող աղքատությունը կրճատածն ու աղքատությունը խորացնողը նույնը լինել։ Չի կարող աղետի գոտին վերակառուցողն ու այդ գոտում անգամ մեկ ավտոտնակ չսարքածը նույնը լինել։ Համեմատությունն անգամ ոչ արժանապատիվ է։ Սահմաններն անխախտ պահողն ու սահմանամերձ գյուղերը հանձնողը համեմատության եզրեր չունեն։ Ինչպե՞ս կարելի է տուն ու օջախ կառուցողին հավասարեցնել մարդկանց անօթևան ու գաղթական դարձնողի հետ։

Ներդրում բերողն ու բիզնես խլողը չեն կարող նույնը լինել։ Նախկինում Հայաստան էին մտնում հարյուր միլիոնավոր դոլարների ուղիղ օտարերկրյա ներդրումներ, որոնք արդյունք էին ստեղծում, աշխատատեղ էին դառնում։ Այսօր տեռոր է բիզնեսի նկատմամբ։ Տնտեսություն զարգացնողը, արտադրողն ու երկրի ռեսուրսները մսխողը, կապիտալը երկրից փախցնողը երբեք չեն կարող նույնը լինել։ Չեն կարող ղեկավարը, ումից թշնամին վախենում էր, և ղեկավարը, ում թշնամին ծաղրում է, լինել նույնը, այդպես չի լինում։ Հայաստանի արժանապատվությունը միջազգային ասպարեզում բարձր պահողին ու արտաքին քաղաքական մուրացկան դարձածին չի կարելի ասել, թե նույնն են։

Ընտրության գնալուն խոչընդոտող մեկ այլ թեզ է՝ «մեկ է՝ սաղ որոշված է, իմ ձայնով ոչինչ չի փոխվելու» տարածված արտահայտությունը, որը շատ մարդիկ համարում են իրենց ընտրության չգնալն արդարացնելու միջոց։ Եթե չես գնում ընտրության, հարգելի՛ քաղաքացի, դու քեզ զրկում ես պահանջելու իրավունքից և համաձայնում ես, որ քեզ հետ և քո երկրի հետ վարվեն ինչպես ուզում են։ Դու քեզ զրկում ես պահանջելու իրավունքից․ գազդ թանկանա՝ պահանջելու տեղ չունես, տունդ կհանձնեն՝ չունես, հացը կթանկանա՝ չունես։ Դու ընտրության չգնալով որոշել ես, որ չունես պահանջելու իրավունք ու անգամ դժգոհելու իրավունք։ Քո ձայնով շատ բան է փոխվում։ Վիկտոր Օրբանից լավ տղա չլիներ ու նրա չափ աջակցություն չունենար, նա գնաց, որովհետև հունգարացին գնաց ընտրության։

Ինձ ամեն անգամ փողոցում հանդիպելիս, երբ բողոքում են մեր երկրի, իրենց սոցիալական խնդիրներից, հարցնում եմ՝ դուք ընտրե՞լ եք։ Լինում են ընտրած-խաբվածներ, բայց նաև մարդիկ, որ ասում են՝ չէ, մենք երբեք ընտրության չենք գնում։ Ասում եմ՝ բա էլ ի՞նչ ես պահանջում, ո՞ւմից ես պահանջում։ Դու պետք է գնաս քվեարկես, որ վաղը ադրբեջանցիներով չլցվի Հայաստանը։ Բայց եթե չգնաս, ուրեմն չպետք է բողոքես, եթե քո տունը կամ քո հարևանի տունը դառնա այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացու ապրելատեղ, որովհետև այսօր հնարավորություն կա դա կասեցնելու, վաղը գուցե չլինի։

Քո քվեաթերթիկը զենք է, վճիռ է՝ հա՛մ քեզ համար, հա՛մ երկրի համար, հա՛մ քաղաքական ուժերի համար։ Այդ մի քվեով դու այդքան ճակատագիր ես որո՛շում, ուրեմն պարտավոր ես գնալ ու քվեարկել։ Այդ մեկ ձայնն է ու այդ մեկ ձայնի բացակայությունն է, որ որոշելու է՝ վերջին 6 տարում մեր գլխին լցվածն ավարտ ունի՞, թե այդ ողբերգությունները դեռ միայն սկիզբն էին։

Քանիցս լսել եմ, թե՝ «հենա սրան ընտրեցինք, ի՞նչ շահեցինք, որ մի հատ էլ գնանք ընտրության»։ Առաջին հայացքից արդարացված հիասթափություն է։ Հավատացել են, խաբվել են, ծանրագույն կորուստներ են ունեցել ու հիմա չեն վստահում ոչ մեկին և ոչ մի գործընթացի։ Սխալվելը ողբերգություն չէ, ողբերգություն է սխալը չուղղելը։ Դրան եք բերել, դրա համար էլ չեք շահել, տարեք, որ շահեք։

Ասենք՝ գնացել ես խանութ, համոզել են, անպետք կամ հոտած ապրանք են տվել․ ուրեմն ի՞նչ պետք է անես․ կատարես երկրորդ ընտրությունդ ու ազատվես այդ ապրանքից։ Հիմա կթափես, հետ կտանես խանութ, կարևորը դա չէ, կարևորն այն է, որ քեզ կազատես այդ ապրանքից։ Կամ՝ եթե փչացած կաթ եք խմել ու թունավորվել եք, հո չե՞ք որոշում կյանքի մնացած տարիներին ընդհանրապես հաց չուտել։ Ո՛չ, պարզապես այլևս չեք գնում այդ ապրանքը։ Կոշիկ ես հագել, որը սեղմում է ոտքդ, մեջն էլ քար կա։ Տարիներով հագնում ես ու ցավեցնում է, նեղում է․ ի վերջո պետք է կատարես ընտրություն և հրաժարվես այդ կոշիկից։ Ժողովուրդ ջան, հանեք էդ կոշիկն ու դինջացեք։

Մի պատկերավոր օրինակ էլ բերեմ։ Ասենք՝ մեկից կարտոֆիլ եք գնել, վատն է, անհամ է, հետն էլ՝ ծակ-ծակ․ նույն մարդուց էլի գնում եք, էլի նույնը, երրորդ անգամ չեք գնի, չէ՞։ Հիմա ձեզ վաճառել են այդպիսի կարտոֆիլ, ու վաճառողն ասում է՝ եկեք պայմանագիր կնքենք, որ հաջորդ 5 տարին էլ ինձանից ես գնելու, բայց էլի նույն ապրանքից եմ տալու։

Եթե դուք վարպետ եք վարձել, ով եկել ու քանդել է ձեր տունը, դուք հո չե՞ք թողնում տունն ավերակ վիճակում։ Վռնդում եք այդ վարպետին ու բերում եք նրան, ով կվերականգնի քանդածը։ Հիմա պետության հարցում ինչո՞ւ եք որոշել, որ եթե մի անգամ սխալ ընտրություն եք կատարել, ուրեմն պետք է ձեռքներդ լվանաք ու թողնեք, որ այդ «վարպետը» մինչև վերջ քանդի մեր ընդհանուր տունը։ Դուք ընդունել եք նրան աշխատանքի ձեր քվեով, ուրեմն հենց դուք էլ պետք է ազատեք նրան աշխատանքից նույն այդ քվեով։ Սա արժանապատվության հարց է։ Ինչո՞ւ եմ կենցաղային պրիմիտիվ օրինակներ բերում. որովհետև մենք մեր կենցաղային հարցերին, հասարակ սննդի ընտրությանն ավելի լուրջ ենք վերաբերվում։

Իշխանության ամենամեծ երազանքն այն է, որ դուք հուսահատվեք ու մնաք տանը։ Իշխանական քարոզչամեքենան հատուկ է տարածում «բոլորը նույնն են», «ոչինչ չի փոխվելու» թեզերը։ Գիտե՞ք ինչու։ Եթե հիասթափված մեծամասնությունը մնում է տանը, վարչական ռեսուրսն անում է իր սև գործը։ Երբ դուք մնում եք տանը, նրանց այդ փոքրիկ տոկոսը դառնում է որոշիչ մեծամասնություն։ Տանը մնալով՝ դուք չեք պատժում իշխանությանը, այլ նրան նվիրում եք ձեր ձայնը։ Տանը մնալը չեզոքություն չէ, դա իշխանության վերարտադրությանն աջակցելու ամենահաստատուն ձևն է։

Մենք հիմա չենք ընտրում լավի և ավելի լավի միջև։ Այս ընտրությունը լինելու կամ չլինելու, պետություն ունենալու կամ թուրքական վիլայեթ դառնալու մասին է։

Կարճ ասած՝ հուսահատությունն ու ապատիան մեր թիվ մեկ թշնամին են այսօր։ Իշխանությունը սնվում է ձեր հիասթափությունից։ Կոտրե՛ք այդ սցենարը։ Սխալվելը մարդկային է, բայց սեփական սխալը տեսնել ու այն ուղղելուց հրաժարվելը հանցագործություն է ինքներդ ձեր ու պետության հանդեպ։ Ընդամենը մեկ քվեաթերթիկով դուք կարող եք փակել այս կործանարար էջը։ Գնացե՛ք ընտրության, որպեսզի վաղը մեղավորներ չփնտրեք։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար...

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից։ Մասնավորապես՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց...

Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա, ասում ա՝ Արարատը մոռացեք․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Լոռվա բնակիչներին։ Կարծիքները՝...

Գազը կթանկանա, հացը կթանկանա․ Եվրոպայից բան դուրս չի գա, խաբեբա են․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

«Հիմա շտապում եմ հաց ուտելու»․ Սրբուհի Գալյանը պատասխանեց ընդամենը 1 հարցի

  «Ասում եք՝ ի՞նչ գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագրին» չեն գաղտնալսել։ Եթե այդպես է, ինչո՞ւ հրապարակում չեղավ, և բոլոր հրապարակումներն ընդդիմությանն են վերաբերում»,- արդարադատության նախարարին հարց ուղղեց լրագրողը։...