Ի՞նչ են անելու Միրզոյանի հետ փակ դռների հետևում․ «Կարճ ասած»

15 Սեպտեմբերի, 2026

 

Այս ամիս Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Իհարկե՝ կասկած չունենք, որ այդ բանակցություններին Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը գնում է վիզը ծռած, գնում է ներկայացնելու կատարած հանձնարարականների հաշվետվությունը և ստանալու նոր հանձնարարականներ։ Արարատ Միրզոյանն այս անգամ արդեն պաշտոնապես է գնում որպես միջազգային առևտրի նախարար՝ երևի առևտուրը շարունակելու ՀՀ տարածքների շուրջ։ Այս առումով խորհելու տեղիք են տալիս նախորդ օրերի իրադարձությունները։

4 տարի առաջ այս օրերին՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը պատերազմ սկսեց Հայաստանի մի շարք բնակավայրերի ուղղությամբ՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում։ Կորցրինք 225 զինվոր, հայկական տարածքի օկուպացիան հասավ ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի։ Ջերմուկյան դեպքերի 4-րդ տարելիցին Փաշինյանը հեծանվարշավ է կազմակերպում երկրով մեկ, Երևանի կենտրոնական փողոցում փռում են սեղաններ և կազմակերպում խորովածի փարթի։ Այն, որ հենց այդ օրն ընտրեցին իրենց փարթիի համար՝ ողբերգության տարելիցին, հատուկ նպատակ ենք տեսնում։ Գոնե ձևական գլուխ խոնարհելու համար չգնացին Եռաբլուր։ Սրանց պատճառով միայն սեպտեմբերին երեք անգամ գլխիկոր Եռաբլուր այցելելու օր է՝ Ջերմուկյան դեպքեր, 44-օրյա պատերազմ, 2023 թ․ Արցախի վրա հարձակում և բռնագաղթ։

Ի՞նչ էր անում նույն օրը՝ Ջերմուկյան դեպքերի տարելիցին, Ադրբեջանը․ 58 երկրից 150 դիվանագետների հերթական՝ 22-րդ այցն էր կազմակերպել օկուպացված Արցախ։ Ալիևի օգնականը հայկական դարավոր եկեղեցիները ներկայացնում էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցուցադրության համար դրված մակետները ծաղրի ենթարկում, թե տեսեք՝ հայոց պատմությունը դատարկ էջեր են․ դիվանագետ կոչվածներն էլ հռհռում էին։

Ամբողջ օրը Հայաստանի իշխանություն կոչվածից արձագանք չկար։ Հաջորդ օրը խորհրդարանում ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ չեք արձագանքում, մի բան ասեք գոնե։ Ու ի՞նչ է պատասխանում ԱԺ նախագահ աշխատողը․ «Նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ»։ Թե բա՝ չարձագանքենք, որ պատերազմ չլինի։ Քեզ հետ իբր խաղաղության պայմանագիր նախաստորագրածը քեզ ամեն օր նվաստացնում է, իր օկուպացրած, իրեն անցած, նվիրած տարածքում ոչնչացնում է քո դարավոր հուշարձանները, յուրացնում է դրանք․ դա մշակութային ցեղասպանություն է, պետական մակարդակով վանդալիզմ է, մշակութային պատերազմ է։ Ու դուք հավատում եք, որ դրա հետ խաղաղությա՞ն եք գնալու ու չեք արձագանքում, որ չվնասե՞ք էդ չեղած խաղաղությանը, ավելի ճիշտ՝ հրադադարին։

Դուք Հայաստանին, առաջին հերթին՝ ձեզ ծաղրելու, հեգնելու վերաբերմունքն անտեսում եք, իսկ երբ գնում եք նրանց հետ հանդիպման, էդ ժամանա՞կ ոնց եք ձեզ պահում։ Արարատ Միրզոյանը երբ գնա Բայրամովին հանդիպելու, Նիկոլը երբ գնում է Ալիևին հանդիպելու, ի՞նչ է տեղի ունենում․ էլի էդ հանդիպումներում նվաստացնում են, դուք էլ ձայն չեք հանում, որ այսպես կոչված փխրուն խաղաղությանը չվնասե՞ք։ Մեզ չհամոզեք, թե հրապարակային ձեզ նվաստացնում են, բայց փակ դռների հետևում հետներդ խոսում են հավասարի պես։ Ադրբեջանը սրանով իրականում ցույց է տալիս, թե ինչպես է բանակցություններում վարվում ՔՊ-ական իշխանության հետ, Նիկոլի հետ։ Ու Ադրբեջանի էս հայտարարություններից պետք է ՔՊ-ն հուզվեր առաջին հերթին, որովհետև մեր աչքի առաջ է դրանց հարաբերվելու ձևը, բովանդակությունը։ Միրզոյանը, որ, իբր, չի արձագանքում Ադրբեջանի լկտի հայտարարություններին, որ հրադադարին չվնասի, պատկերացրեք՝ գնացել-նստել է Ադրբեջանի պաշտոնակցի դիմաց․ նրա կողմից էլի նույն լկտի պահվածքն է, ինչպե՞ս է իրեն պահում։

Իսկ այդ բանակցություններո՞ւմ ինչեր են պարտադրում, ու սրանք էլ համաձայնում են փխրուն խաղաղությանը չվնասելու համար։ Ասում ենք՝ էդ ո՞նց եղավ, որ պարտադրեցին նոր Սահմանադրություն․ այ էսպես, ժողովուրդ, նրանք ասին՝ պետք է փոխեք, սրանք էլ ասին՝ կփոխենք, որովհետև փխրուն խաղաղությունը պետք է պահել։ Ասում ենք՝ թե էդ ոնց եղավ, որ դուք խոսում եք հանձնելու մասին, անկլավների մասին, իրենք չեն խոսում, էդ ո՞նց եղավ, որ դուք հանձնեցիք, իրենք ոչինչ չտվեցին, էդ ո՞նց եղավ, որ մեր տարածքներից դուրս չեն գալիս, դուք էլ ձեն չեք հանում․ հենց էդպես՝ հլու-հնազանդ ենթարկվում են՝ «որ պատերազմ չլինի» հիմնավորմամբ։ Բայրամովն այսօր դարձյալ ասել է՝ TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը։ Սրանք ասում են՝ Հայաստանում պետք է անխոչընդոտ անցնենք։ ՔՊ-ականներն իբր հերքում են, բայց արդյո՞ք հենց էդպես չի լինելու՝ «որ փխրուն խաղաղությանը չվնասենք» հիմնավորմամբ։

Արցախը հանձնել եք, տվել եք, ասում եք՝ մերը չէ, բայց էնտեղ գտնվող հայկական ժառանգությունը ինչի՞ց եք վախենում, որ ասեք՝ մերն է։ Իսկ գուցե դուք է՞լ եք մտածում ադրբեջանցիների պես։ Նրանք որ ասում են հայկական չէ, հո գիտեն, որ հայկական է․ բայց դո՞ւք ոնց եք մտածում։ ՔՊ-ականներին՝ Փաշինյանին, Ռուբինյանին պետք է ուղիղ հարց տալ՝ Գանձասարը հայկակա՞ն է, ըստ իրենց, թե՞ չէ։ Ադրբեջանն ասում է՝ հայոց պատմությունը դատարկ էջեր են․ համաձա՞յն է ՔՊ-ն։ Եթե ոչ, ինչու է լռում։ Իսկ գուցե ադրբեջանցի պաշտոնյաները էդ եզրակացությունն արել են Փաշինյանի ելույթների՞ց, սա էլ է նման բաներ ասում։ Ես մենակ խոսում եմ սրանց արձագանքից, չեմ խոսում դեռ նրա մասին, որ պետք է Հայաստանի արտգործնախարարությունը այդ միջոցառման մասնակից բոլոր երկրների դեսպանատներ ուղարկեր բողոքի նոտաներ։

ՔՊ-ական խոսնակն ասում է՝ Ադրբեջանին առնչվող շատ բան մեզ, մեր ժողովրդին, նյարդայնացնելու է։ Ճիշտ չեք, կարծում եմ՝ մեր ժողովրդին չի նյարդայնացնում Ադրբեջանի ասածները, մեզ անհանգստացնում է, որ դուք լուռ եք ու ձեր այդ լռությամբ հրապարակային համաձայն եք էդ ասածների հետ․ մեզ ներվայնացնում է ձեր վախկոտությունը, ոչ թե նրանք։

Խորհրդարանն այսօր փոխեց կառավարության անդամի երդման տեքստը։ Արդարադատության ՔՊ-ական նախարարն ասում է՝ հին տեքստով պետությունը չէր կարող հարատև լինել, սերունդների առջև պատասխանատվություն չկար և այլն։ Երդման տեքստում գրել են իրենց ամենասիրած ու ամենաշատը տապալած «ինքնիշխանություն» բառը, որը նշանակում է՝ պետության՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություն։

Ժողովուրդ ջան, Ադրբեջանը՝ հարևան և թշնամի պետությունը, սրանց պարտադրում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, սրանք արդեն գրել են փոխված տեքստը՝ Ալիևի ճաշակով․ գուցե Ալիևն է գրել-ուղարկել, գուցե հանձնաժողովի նիստերը օնլայն են եղել, և դրանց մասնակցել են ադրբեջանցիները՝ Բայրամով-Սաֆարով-բան, ու խոսում են ինքնուրույն որոշումներ կայացնելու մասին։ Ինքնիշխանությունը պետության՝ իր ներքին և արտաքին գործերը ինքնուրույն, անկախ որոշելու իրավունքն ու կարողությունն է՝ առանց այլ պետությունների ենթակայության։ Պետությունն այլ պետություններից անկախ է և ինքնուրույն է որոշում՝ ում հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ, ինչ միջազգային պայմանագրեր կնքել, ինչ արտաքին քաղաքականություն վարել, ինչպես պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ազգային շահերը։ Պարզ ասած՝ ինքնիշխան պետությունն այն պետությունն է, որի փոխարեն ուրիշ պետությունը չի որոշում՝ ինչպես ապրել, կառավարել երկիրը և ինչ արտաքին քաղաքականություն վարել։ Սրանք օկուպացիայի են հանձնել տարածքներ, սրանց պարտադրում են հանրաքվեներ, սրանց պարտադրում են նոր Սահմանադրություն, սրանք վախենում են արձագանքել թշնամական կողմից ցանկացած վնասակար հայտարարության ու խոսում են ինքնիշխանության մասին։

Կարճ ասած՝ մենք հասկանում ենք այս իշխանության գործունեությունը․ հակահայ են․ այսպես են վարվում, որովհետև կոմպրոմատների տա՞կ են, որովհետև գործ ունենք թշնամու ագենտների հե՞տ, որովհետև ուղնուծուծով, համոզմունքով ադրբեջանամետ ու թրքամե՞տ են, չեմ կարող ասել, կպարզվի հետագայում, երբ իշխանություն չլինեն։ Բայց հասկանում ենք իրենց պահվածքը, կզարմանանք անգամ, որ այլ կերպ վարվեն։ Բայց կոչ կանեի ՔՊ-ական իշխանությանը գոնե իրենց արածին չտալ «հայկական շահ», «պետության շահ», «Հայաստանի շահ», «ինքնիշխանություն», «պետականություն» անունները։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Դատական համակարգում խառնաշփոթ է։ Աղմկահարույց քրեական գործերով որոշում կայացնելուց առաջ դատավորների նկատմամբ ճնշումներ են գործի դրվում։ Գրում է Armlur.am-ը: Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը,...

Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. «Հետք»

Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. «Հետք»

Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Այս մասին գրում է «Հետք»-ը: Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական. Տեր Սարգիս

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական. Տեր Սարգիս

Տեր Սարգիս քահանա Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս մեդիա դաշտում, հանրային եթերներում (մասնավորապես կարգալույց Ստեփան Ասատրյան անունը կրող անձի խոսքերում) ինչպես նաև տխրահռչակ հայտնի զեկույցում հանդիպում եմ ինձ ու իմ ընտանիքին առնչվող թեմաներ, որոնք նենգաբար...

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում շնորհակալություն է հայտնել 2027 թվականին կազմակերպությունում Ադրբեջանի համանախագահությանը ցուցաբերած աջակցության համար։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ...

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։...