15 08 2022

«Սուրմալու»-ի պայթյունի տակավին «ծխացող» հարցերը

«Սուրմալու»-ի պայթյունի տակավին «ծխացող» հարցերը

Երևանի կենտրոնում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգությունը, որ բազմաթիվ զոհերի ու մի քանի տասնյակ մարդկանց վիրավորվելու պատճառ դարձավ, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ու դրանք, ցավոք, տակավին «ծխացող» հարցեր են, այսինքն՝ պատասխանների սպասող հարցեր: Առանձնացնենք մի քանի հիմնական հարց:

Առաջին, դեռ նախքան հրդեհն ու պայթյունը հնչելիք հարցը պետք է լիներ հետևյալը. ո՞ր պետական մարմնի թույլտվությամբ է մայրաքաղաքի կենտրոնում, առհասարակ, որևէ  առանձին վերցրած 1 վայրում թույլատրվել ահռելի քանակությամբ պայթյունավտանգ նյութերի, ապրանքների պահեստավորում: Ո՞վ պիտի վերահսկեր այդ ամենը: Ո՞ւմ է մեղադրանք ներկայացվելու՝ ծանրագույն հետևանքների հանգեցրած անփութության ու թափթփվածության համար:

Հարց է ծագում նաև, թե իրականում ի՞նչ ծավալի հրավառային նյութեր ու ապրանքներ էին պահեստավորված եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում: Միանգամից հաջորդ հարցը, որին կարող են պատասխանել փորձագետները. ի՞նչ ուժգնության պայթյուն է տեղի ունեցել, և արդյո՞ք պահեստավորված հրավառային նյութերի բռնկումն ու պայթյունը կարող էին հանգեցնել նման հետևանքների ու ավերածությունների:

Հարց. տեղի ունեցածը անփութության ու անպատասխանատվության հետևանքով ու նման պայմաններում իրարահաջորդ չարաբաստիկ դեպքերի շղթայով պայմանավորված ողբերգությո՞ւն էր, թե՞ ահաբեկչական կամ դիվերսիոն գործողություն: Ֆիքսենք, որ մետրոյում, պետական և այլ հաստատություններում ականներ դրված լինելու մասին ահազանգերը քիչ չեն: Այստեղից է նաև պլանավորված գործողության կասկածը։

Ո՞ւմ կողմից պլանավորված: Փաշինյանի իշխանությունը, ինչպես հայտնի է, 10 օրից թշնամուն է հանձնում Բերձորը: Կարո՞ղ էր փաշինյանական իշխանությունը նման ողբերգությամբ շեղել հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքի հանձնումից: Նիկոլ Փաշինյանն ու իր խմբոնը վաղուց են ապացուցել, որ ընդունակ են ցանկացած ստորության:  

Կարո՞ղ էր թշնամին, ի դեմս ադրբեջանական հրոսակապետ Ալիևի, դիմել նման գործողության՝ մի շարք նկատառումներով:

Ի՞նչ երաշխիք կա, որ երբ Նիկոլ Փաշինյանն ավելի լայն բացի Հայաստանի դարպասներն ու ճանապարհները իր սիրելի թուրքերի և ադրբեջանական թուրքերի առաջ, Երևանում ու Հայաստանի՝ դեռևս թշնամի-թուրքերին չնվիրած այլ բնակավայրերում նորանոր «սուրմալուներ» չեն լինելու: Բացարձակապես ո՛չ մի երաշխիք չկա:

Ոչ պակաս հարցեր են ծագում պայթյունին հաջորդած զարգացումների վերաբերյալ:

Առաջինը. ժամեր շարունակ ոստիկանությունը ԲԱՑԱԿԱ էր: «Սուրմալու» առևտրի կենտրոնին, այսինքն՝ պայթյունի էպիկենտրոնին անմիջականորեն հարող տարածք ով ասես, երբ ասես՝ ելումուտ էր անում: Ո՞ւր էին ձրիակերական միլիարդանոց պարգևավճարներ ստացած, այն «կերած-խմած», բտված սև ու կարմիր բերետավորները, որոնց այդքան առատորեն բուծել է նիկոլական իշխանությունը և քսի է տալիս ցուցարար քաղաքացիների վրա՝ պարգևատրելով կանանց ու աղջիկներին, տարեցներին երեխաներին ծեծելու, ձեռք ու ոտք ջարդելու, առհասարակ՝ մարդատյացության ու դաժանության համար: Ո՞ւր էին հապա այդ նիկոլա-«ոստիկանները», ինչո՞ւ չէին շրջափակել քաղաքի այդ հատվածը՝ թույլ չտալու համար մարդկանց ավելորդ ու անհարկի կուտակումներ, որոնք անխուսափելիորեն պիտի խանգարեին փրկարարներին, հրշեջներին, շտապօգնության բրիգադներին՝ արագ անել իրենց աշխատանքը:

Ո՞ւմ, նիկոլական ո՞ր «քարոզչի» ցինիզմաթաթախ մտքով էր անցել՝ ծխացող ավերակների, մարդկանց դժբախտության ֆոնին… քանոն նվագող աղջիկ արձանագրել:

Ո՞վ էր որոշել, որ կամավորներ են պետք, կամ եթե անգամ դա մարդկանց ինքնաբուխ դրսևորում էր, ո՞վ պիտի այդ ամենը համակարգեր…

Էլի ու էլի հարցեր կան, բայց հիմնականն, ինչ երևաց օգոստոսի 14-ի ողբերգությանը հաջորդած ընթացքում՝ երկրում պետական իշխանության, Երևանում քաղաքային իշխանության իսպառ կամ բացարձակ բացակայությունն էր:

Հարցն այն չէ, որ իրեն ԱԺ նախագահ համարող մեկը, որ պետական միջոցները հաճույքով մսխում է, օրինակ, Բալիում ֆռֆռալու վրա, գնաց աղետի վայրում փիառվելու: Դա «իշխանության երևալ» չէ:

Պետական իշխանության իսպառ բացակայությունը երևաց պայթյունից հետո ուժային ու մասնագիտացած օղակների (ԱԻՆ, ոստիկանություն, ԱԱԾ, առողջապահական ոլորտ) չհամաձայնեցված, վատ կազմակերպված, չհամակարգված գործողություններով:  Իշխանության իսպառ բացակայությունը երևաց նրանով, որ ո՛չ մեկը հանդես չեկավ կոնկրետ հայտարարությամբ ու բոլոր պետական քարոզչամիջոցներով համապատասխան քայլեր չձեռնարկվեցին, այդ թվում՝ զվարճանքի զանգվածային միջոցառումների ու մարդկանց կուտակումների դադարեցում, այդ թվում՝ որոշակի թվով բեռնատարներ ու համապատասխան ծանր տեխնիկա մասնավոր սեկտորից ներգրավում, այդ թվում՝ կամավորների համակարգում, այդ թվում՝ բնակչությանը պարբերաբար տեղեկատվության տրամադրում և մերձակայքում գտնվող բնակելի շենքերում ապրող մարդկանց զգուշացում:

Չերևաց այն ամենը, ինչով պետք է զբաղվի որևէ իշխանություն նման դեպքերում:

Ու ընդհանրապես, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա նմաններն են իշխանության, Հայաստանում շարունակելու են տեղի ունենալ նման ողբերգություններ:

Դագաղներով իշխանության եկածները միայն մահ, կոտորած, ավեր ու աղետ  կարող են բերել, ինչը և անում են: Առայժմ՝ անպատիժ:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ