20 01 2025

ՔՊ-ի պոլի փետը․ «Կարճ ասած»



 

Այսօր ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի երդմնակալությունն է։ Ուշագրավ է, որ նրա երդմնակալությանը, որ հրավիրվել են մի շարք երկրների ղեկավարներ, հատկապես ռազմավարական գործընկերներ, Հայաստանը հրավիրված չէ․ սա խիստ տարօրինակ է, որովհետև ընդամենը մի քանի օր առաջ երկու երկրները ստորագրեցին ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Ի դեպ, Թրամփը հայտարարել է, որ չեղարկելու է Բայդենի բազմաթիվ հրամանագրեր, որոնք համարել է հիմար։ Հույս ունեմ, որ Արարատ Միրզոյանի հետ կնքած փաստաթուղթը «հիմարների» շարքին չի դասում։

Օրվա մյուս նորությունը հերթական ամոթի պատճառ հանդիսացավ։ Այսօր մեր ԱԺ-ն վերադարձավ նոր տարվա արձակուրդից։ Միակ նկատելի բանն այն էր, որ այսուհետ խորհրդարանում փակցված է այ էն մակետը, որը Նիկոլի ծոցագրպանում էր, ամեն տեղ ցուցադրում էր, որ սա Հայաստանի քարտեզն էն։ Այնտեղ չկա Արցախը։ Ու այդ քարտեզը խփած է հիմա Ալեն Սիմոնյանի գլխավերևում․ գոնե ուրիշ տեղ խփեին, դա Ալենին ինադու են խփել․ չէ՞ որ նա էր նռերը ձեռքին նկարվում ու ասում՝ Աղդամն իմ հայրենիքն է։ Հիմա ասում է՝ չէ, էս մեկելն ա իմ հայրենիքը։ Իր հրապարակած քարտեզով Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր թշնամին օկուպացրել է, ու ՔՊ-ն վերադարձնելու միտք չունի, որովհետև հնարավորություն չունի առաջին հերթին։ Բայց այ նոր տարածքներ հանձնել միշտ կարող է։ Նիկոլի քավորի եղբայրը, որը նաև Տավուշի մարզպետի եղբայրն է, որը նաև պատգամավոր է ու այն էլ Տավուշից, Տավուշից հողեր են հանձնել ու հանձնում, ու նա ասում է՝ դա իմ հայրենիքը չէ։

Սա պետության դեմ ոտնձգություն է։ Բայց ուզում եմ անդրադառնալ մեկ այլ թեմայի՝ արդարադատության դեմ ոտնձգությանը։ Փաշինյանն իր՝ ԲԴԽ դեմ արշավով վաղուց հեղինակազրկված այդ կառույցը վերջնական քանդում է։ «Քաղաքացիական պայմանագիրը»  ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը լավ ծանոթ ենք․ նա ում որտեղ ասես նշանակել է․ կրթություն չունեցող մարդկանց նշանակել է բարձր պաշտոնների․ այսօր ՔՊ-ական է դարձել պատգամավոր, որը հերթականն է, որ բարձրագույն կրթություն չունի․ նա պաշտոնների է նշանակել դատվածություն ունեցող մարդկանց, պաշտոնի է նշանակել իր, կնոջ բարեկամներին, թիմակիցների բարեկամներին, նշանակել է սորոսականների, նշանակել է թուրքի ագենտների, նշանակել է կներեք արտահայտությանս, կեղտը փառաբանողների, բայց անգամ այդ պարագայում այսօրվա թեկնածուն դուրս է բոլոր մտավոր երևակայությունից։ Թեկնածու է առաջադրել մեկին, որի բարոյական նկարագիրը բացասական են գնահատում անգամ ՔՊ-ականները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, գործընկերները։ Մարդ, որը հայտնի է ամենավերջին հայհոյախառն գրառումներով։ Ու պետք է արդարադատությամբ զբաղվող կարևոր կառույցում կարևոր պաշտոն զբաղեցնի։ Ատելություն քաղաքացիների, արցախցիների, դատավորների ու ընդհանրապես, շատերի նկատմամբ։ Իսկ ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանի նկարն է հաճախ հրապարակում և գրառումները։ Ինչն էլ երևի հիմք է հանդիսացել, որ նրա թեկնածությունն առաջադրեն։ ԲԴԽ անդամից պահանջվում է քաղաքական զսպվածություն, բայց հենց հայհոյանքը վկայությունն է նրա, որ ինքնազսպվել չի կարողանում։ Այս ընտրությունը, ժողովուրդ ջան, քաղաքական կոռուպցիայի օրինակ է, նշանակել մարդու, որը պետք է Փաշինյանի քիմքին հաճելի որոշում կայացնի։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասում է, թե ինքը ազատ խոսքի կողմնակից է, ով վատ է զգացել, թող դիմի դատարան։ Այսինքն թեկնածու են առաջադրել մեկին, որն ամեն գրառումից հետո դատի տալու մատերիալ է։ Դե սում է՝ մարդը կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են նաև հաճելի չլինեն այս կամ այն խմբի համար։ Վլադիմիր Վարդանյանի մտքերչը խիստ տարօրինակ են․ այո, ոչ մեկ չի պահանջում, որ բոլորը նույն կերպ մտածեն և խոսեն, դա սովորաբար միայն ՔՊ ֆրակցիայում է․ բայց վատ բառապաշարով խոսողներին նորմալ երկրներում բարձր ատյաններում անգամ կաթսայատանը չեն թողնում աշխատի, էլ ուր մնաց՝ ԲԴԽ անդամ։ Իսկ եթե թողնում են, ուրեմն կոռուպցիոն համագործակցություն է։

Խորհրդարանը քննարկում էր ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանին ՏՄՊՊՀ անդամ ընտրեու հարցը, ՔՊ-ականները քրքրել էին բոլոր գրառումները ու ասում էին դու այսինչ օրը Նիկոլի մասին այս բանն ես գրել, ու չընտրեցին։ Փայլուն իրավաբան է, քաղաքական հիմնավորված գնահատականներ է հնչեցրել․ բայց իրենց թիմակցի 7 հարկանի քֆուրները համարում են նորմալ։

Սիրունյանը գուցե ոչ էլ ընտրվի․ ամենայն հավանականությամբ, չի ընտրվի, բայց նրա թեկնածության հարցը քննարկելն արդեն ցույց է տալիս նրան առաջադրող ուժի բարոյական կործանումը։ Իսկ ինչո՞ւ են նրան առաջադրել․ որովհետև ՔՊ-ական է։ Էն Նիկոլը, որ ասում էր ԽԾԲ համակարգը մերժելու ենք, հիմա ասում է՝ պոլի փետ լինի, բայց ՔՊ-ական։ Ոչ ՔՊ-ական թեկնածուների մեջ չեն էլ փնտրում։ Իսկ միգուցե նորմալ մարդիկ հրաժարվո՞ւմ են ձեզ հետ աշխատել։ Հենց մի պաշտոն ազատվում է, առաջին հերթին քննարկում են Արփի Դավոյանի թեկնածությունը, մանավանդ որ իրավաբանի դիպլոմ են հեսա տալու ու նման մի քանի հոգու։

Խնդիրը ոչ միայն իրենց թեկնածուի մարդ տեսակն է կամ դրա բացակայությունը, այլ այն, որ ՔՊ-ն հերթական անգամ սեփականաշնորհում է էն կառույցները, որոնք անկախ են սահմանադրությամբ։ Նշանակում է ՔՊ-ականների։ Եթե հազվադեպ էլ պատահում է, որ պլստում են ու անցնում ոչ ՔՊ-ականներ, բռնի կուսակցականացումը օրերի հարց է։ Հիշեք Գյումրու քաղաքապետի թեկնածու դեպքը․ ոչ ՔՊ-ական ընտրվեց  (չնայած ինձ համար մեծ տարբերություն չկա «Լուսավոր Հայաստան» է, թե ՔՊ), բայց անմիջապես ՔՊ-ֆիկացվեց։ Դա, ժողովուրդ ջան, կոչվում է կոռուպցիա։

Բարձրագույն դատական խորհուրդը անկախ կառույց է, անաչառ, որը դատավորների դատավորն է, բարեվարքություն սահմանողն ու հետևողը։ Երբ այնտեղ նշանակվում է ՔՊ-ական, ուրեմն այդ պաշտոնում նշանակվել է ՔՊ կուսակցությունը։ ՔՊ-ական անդամը, օրինակ, ո՞նց է վերաբերելու էն դատավորին, որն ազատ է արձակում էն ընդդիմադիր ակցիա անողներին, որոնց հայհոյում է այդ ԲԴԽ անդամը։ Հիշեմ, որ ԲԴԽ-ն Նիոլը վաղուց է հեղինակազրկել․ Սիրունյանից առաջ ԲԴԽ անդամ, ապա նախագահ էր նշանակվել մեկը, որը աղոթում էր Նիկոլի նկարների տակ․ այ էդ աղոթքներով դատարանների հերն անիծեց, ազատեց լավ համբավ ունեցող դատավորներին, ու վերջում էլ ինքն իրեն ազատեց Նիկոլից ստացած ՍՄՍ-ով։ Դա ևս, ժողովուրդ ջան, կոռուպցիա է։ Նիկոլի քիմքին հաճո որոշումներ կայացրեց ու վերջում էլ իր հեռացման որոշումը, որը նաև Նիկոլի քիմքին վայել էր։

Սրանք սեփականաշնորհել են բուհերը՝ ռեկտոր, հոգաբարձուների խորհրդի նախագահներ նշանակելով ՔՊ-ականներին։ Նիկոլի խմբակցության անդամը նշանակվել է մայր բուհի ռեկտոր։ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները նշանակվել են հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողվի անդամներ, իսկ այդ կառույցը պետք է լիներ անաչառ, անկախ, անկուսակցական։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրեցին ՔՊ-ական պատգամավորի, դա հերիք չէ, պատգամավորն ինքը կողմ քվեարկեց իր թեկնածությանը։ ՀՀ Սահմանադրությունը պահանջում էր, որ անկախ, անաչառ, հանրության կողմից վստահություն վայելող մարդը նշանակվեր Մարդու իրավունքների պաշտպան։ Սրանք ընտրեցին իրենց թիմի անդամին, գլխավոր դատախազին նույնպես, նշանակեցին Նիկոլի օգնականին․ ՀՀ նախագահի պաշտոնում պետք է նույն չափանիշներչով մարդ ընտրվեր, դարձյալ նշանակեցին ՔՊ թիմի անդամ, կուսակցական Վահագն Խաչատուրյանին։ Նիկոլն ասում էր՝ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին կստեղծենք և ղեկավարումը կհանձնենք ընդդիմությանը։ Ստեղծեցին և նշանակեցին իրենց թիմից Սասուն Խաչատրյանին, հետո ՍՄՍ-ով ազատեցին գործից, երբ արդեն իրեն ամեն ինչով ապահովել էր։ Սասունի եղբորը, որը սորոսական էր, տարան հեղինակազրկված ԲԴԽ, հետո՝ առավել հեղինակազրկված ՍԴ։ ՍԴ կազմը նայեք մի հատ, անդամների կեսից ավելին գոնե մեկ օր դատավոր չեն աշխատել։ Սրանք, ժողովուրդ ջան, չմոռանամ դարձյալ շեշտել, որ քաղաքական կոռուպցիայի փայլուն օրինակ են։

ՔՊ ցուցակով պատգամավոր չընտրված Սարգիս Պետրոսյանին նշանակեցին դատավոր, ՔՊ միտինգների թմբկահար Դավիթ Արղամանյանին նշանակեցին դատավոր․ դա նշանակեց էն Նիկոլը, որը քարոզարշավի ժամանակ կոկորդ էր պատռում, թե կվերացնենք էն ինստիտուտը, որ հայր ու որդի դատավոր են։ Վերաքննիչի դատավորի որդուն նշանակեց դատավոր, որովհետև ՔՊ թիմից է։ Սա, ժողովուրդ ջան, ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա։ ՔՊ կոալիցիոն Արամ Սարգսյանի կուսակցության անդամին՝ դեպուտատ չդարձած Մասիս Մելքոնյանին, նշանակեց դատավոր, ու նա էլ կալանք է տալիս ընդդիմադիրներին։ Նիկոլական փաստաբանները դառնում են դատավոր, նորմալ դատավորներին էլ գործից հանում են, դառնում են փաստաբան։ ՔՊ-ական պատգմավոր Արթուր Դավթյանը նշանակվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ։ Ու գիտե՞ք էս նշանակումների մեծ մասը ոնց է տեղի ունեցել՝ իջեցրել են էդ պաշտոնի չափանիշը, որ իրենց կադրերը բավարարեն էդ պաշտոններին։

Սրանք ասում են՝ գնում ենք Եվրամիություն․ իսկ Եվրամիությունը այն պահանջները որ ներկայացնում է, 180 աստիճան հակառակն է այն ամենի, ինչ անում են սրանք։

Կարճ ասած՝ Ինչո՞ւ Նիկոլի կառույցները հանրային վստահութուն չեն վայելում, այ էս պատճառներով։ Ինչո՞ւ է պետությունը, լավից վատից կառուցված ինստիտուտները քանդվում․ որովհետև բոլոր ոլորտներում գերակայությունը մասնագիտացումը չէր, այլ՝ ՔՊ-ացումը, կոռուպցիոն կապերով նշանակումները։ Ու հլը հարցնում ենք, թե ինչու է երկիրն էս օրի՞ն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ