17 01 2024

«Կարճ ասած»․ Վերջին մարդը, որ կարող է խոսել պետությունից ու հայրենասիրությունից



 

Երկու դեպք, որ կատարվեցին մեկ օրում։ Հունվարի 11-ին ոստիկանությունը հայտնեց, թե Արամուս գյուղում 5հոգու մասնակցությամբ միջադեպ է եղել, մեկին ձերբակալել են։ Խոսքը զինված ուժերի գենշտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասին է։ Ասում են՝ քաղաքական հողի վրա խոսակցություն է եղել, թեժացել է, կրակել է։ Զոհ չկար։ Կալանավորված է։ Նույն օրը մեկ այլ դեպքի մասին իմացանք, այս անգամ դեպքի մասին ո՛չ ոստիկանությունը հայտնեց, ո՛չ քննչական կոմիտեն։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել իրեն դիմած քաղաքացու կոկորդը: Քաղաքացին գնացել է անաշխատունակության տեղեկանք ստանալու, քաղաքապետն էլ տեղեկանքը տալու փոխարեն դանակով հարձակվել է վրան: Տուժողը դիմել է ոստիկանություն, քննությունը դոփում է տեղում, իրեղեն ապացույցները չեն վերցվում:

Դեպքերը կատարվել են նույն օրը, զենքի գործադրմամբ․ մեկը գեներալ է, անհատ՝ առանց պաշտոնի, մեկը գործող քաղաքապետ է, որը ունի լիքը լծակներ, այդ թվում էն մարդու վրա, որի կոկորդը փորձել է կտրել։ Նախկին գենշտաբի պետի տեղակալնին ափալ-թափալ կալանավորեցին, իշխանական մամուլը, պետական քարոզչությունը հարձակվեց վրան, բայց քաղաքապետը իր համար ֆռֆռում է։ Ինչո՞ւ։ Որովհետև Տիրան Խաչատրյանը ընդդեմ Նիկոլի ոչ մի բողոքի ցույց բաց չի թողնում, խնդացել է Նիկոլի էն արտահայտության վրա, թե՝ իսկանդերը կրակում է 10 տոկոս։ Իսկ Ստեփանավանի քաղաքապետը ոչ միայն ՔՊ-ական է, այլև, ասում են, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմը կամ ազգականը։ Իսկ Սուրեն Պապիկյանը նույն մարդն ա, որի ենթակայությամբ ամեն օր զոհ լինում է, բայց ռիսկ չեն անում գործից հանել։

Տիրան Խաչատրյանին մեծ շուքով տանում են կալանքի, Ստեփանավանի քաղաքապետին ասում են՝ դու մերոնցից ես, բա ամոթ չէ՞ բռնենք, ամեն քաղաքացի պետք ա ՔՊ-ական պաշտոնյայի հետ շփելիս իր տեղը իմանա։ Ու էսպես պետական իրավական համակարգը լուռ է բոլոր էն հանցանքների նկատմամբ, որ կատարում են ՔՊ-ականները։ Ինքը կարող է անգամ ոչ միայն քաղաքացուն, այլ, օրինակ՝ դատախազուհուն դանակահարել, որովհետև քննչականի ղեկավարությունն էլ, դատախազությունն էլ ՔՊ-ականներից վախենում են․ մի նայեք, որ ուսադիր են կրում։ Դա է ֆորմայի գինը։ Այ հենց սրա համար էլ Տիրան խաչատրյանը կարող է կոչվել քաղբանտարկյալ․ որովհետև եթե նա կրակելու ժամանակ գոչեր Կեցցե Նիկոլ Փաշինյանը, նրան կալանքի չէին տանի։ Այս երկու դեպքը գիտե՞ք ինչի մասին են խոսում, խոսում են պետության չաշխատելու մասին։

Ներքին գործերի նախարարը, ինքն իր ասածին չհավատալով, ասում է, թե կառույցը քաղաքականությունից ուզում է հեռու պահի․ բայց էն, որ զոհերի ծնողներին ծեծած ոստիկանները չեն պատժվում, բայց զոհի ծնողը պատժվում է, դրա բացատրությունը չունի։

Նիկոլը մի քանի օր առաջ ՔՊ-ականներին բացատրում էր, թե ինչ է պետությունը, հայրենիքը հայրենասիրությունը ու ասում էր, որ դա սկսում է կախիչից։ Ասում է եթե երեխան մտնի դպրոց ու կախիչը պոկված լինի, ի՞նչ կմտածի մեր պետությա մասին։

Երեխան, որ եկավ դպրոց, վերարկուն կախեց ամուր կախիչին, հետո ֆեյսբուքը թարթելուց տեսավ, որ նմանատիպ արարքի համար ձերոնցականներին խրախուսում եք, ձեր հականերին կալանավորում, ի՞նչ է մտածելու։ Եթե ես կախիչով գնահատելու լինեմ, 15 տարի իմ վերարկուն ոչ դպրոցում, ոչ համալսարանում կախիչից չի ընկել, ուրեմն իդեալական պետություն ենք ունեցե՞լ։

Երեխան, որը տեսնում է, որ մենք մեկ շաբաթվա ընթացքում բանակում 4 զոհ ենք ունենում լրիվ անիմաստ տեղը, ի՞նչ է մտածելու պետության ու պետությունը կառավարողների մասին։ Բանակում բոլոր մահերը ողբալի են, բայց ամենաաբսուրդ մահը, իմ կարծիքով, էն ա, երբ զոհվում է զինվորը տուն վերադարձի ճանապարհին։ Սուրեն Պապիկյանենք զինվորին ասել են դիրքերից իջի գնա տուն, զորացրվում ես ու էդ այլանդակ եղանակին ուղեկցորդ չեն դրել, ուվալնյատի օրը զոհվել ա։ Պետության մասին ի՞նչ պետք է մտածեմ ես։ Դու ամեն ինչ նեղացնում ես քո ուղեղի շրջանակներում ու դա սարքում ես պետության ռազմավարություն, ինչը անընդունելի է։ Հա շատ պետք է, որ դպրոցները լինեն իդեալական սարքած, բայց չմոռանանք, որ դու իշխանության ես համարյա 6 տարի ու նոր ես սկսում մտածել կախիչի մասի՞ն։ Երբ նորակառույց դպրոցի գերազանցիկ աշակերտը իմանում է, որ իր հայրենակիցները, նախագահները նստած են թշնամի պետության բանտերում ու դուք մատներդ մատին չեք տալիս, երբ իմանում է, որ պատերազմ է ու դու ուղիղ եթեր ես մտնում ասում ես՝ մենք ոչնչով չենք օգնի, կհետևենք ինտեռնետով, թե ինչ է կատարվում, ինքը մտածելու է, որ պետություն չկա ու էդ սարքած դպրոցներն էլ ոչինչ չարժեն։ Որ քո պետության մեջ թուրքի զորք կա ու դա տեսնում է դպրոցականը, նա լրիվ այլ պատկերացում է կազմում։

Դու եկել ես, քանդել ես էն, ինչ ունեցել ենք ու ասում ես «մենք չգիտենք՝ պետություն ունենալու, պահելու, զարգացնելու հետ կապված բազմաթիվ նրբություններ։ Պետք է սովորենք պետություն ստեղծել, ուժեղացնել, բայց դրա համար պետք է հասկանանք՝ պետությունն ի՞նչ է»։ 6 տարին հեսա լրանում է, որ երկիր է ղեկավարում, պետություն ու ասում է, որ հլը չի հասկացել ինչ է պետությունը։ Բայց մենք ունեինք, չէ՞ էդ պետությունը։

Ասում է՝ մի խումբ մանկավարժներ կամ գիտնականներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով Հայոց պատմություն առարկան, վերանվանել Հայաստանի պատմություն․ դե Հայոց պատմությունը պետություն չունենալու մասին է։ Ցնդաբանություն։ Նախ՝ հլը հարց է՝ մի խումբ ուսուցիչներ դիմել են, թե չեն դիմել։ Ոչ մեկս չի տեսել ո՛չ նամակ, ո՛չ ստորագրություն, բայց, օրինակ, տեսել ենք, որ ուսուցիչները նամակ են գրել ու պահանջում են ատեստավորում կոչվածը հանել։ Բա նրանց լսի։ Տեսել ենք լիքը մանկավարժներ, որ ձեր բարեփոխում կոչվածները խիստ քննադատում են ու ասում, որ թշնամիների ցանկությունների կատարում է։

Մարդ, որը հանձնել է իմ երկրի հողերը, որը կզած գնում է բանակցելու ու բանակցում է հանձնելու մասին․ մարդ, որը ինձ է ներկայացնում աշխարհում, բայց բոլոր միջազգային հարթակներում մի հատ հպարտ կեցվածքով նկար չունի, մարդ, որը վազում է իմ թշնամու երդմնակալությանը մյուս թշնամուս հետևում նստելու, մարդ, որը բանակից գիտակցաբար թռել ա ու իր բանակում ամեն օր զոհեր են լինում․ մարդ, որը մեկ օրում 200 զոհ է տալիս, 44 օրում՝ 5 հազար զոհ ու 10 հազար քառակուսի կիլոմետր, վերջին մարդն է, որը կարող է ինձ բացատրել՝ ինչ է պետություը, ինչ է հայրենիքը, ինչ է հայրենասիրությունը։

Կարճ ասած՝ մեր երկրում հայրենասիրություն, հայրենիք, պետություն բառերը ամենաշատը ասել է ու իրար է միացրել հենց Նիկոլ Փաշիյնանը։ Բայց նաև նա էն առաջին ու միակ ղեկավարն է  Հայաստանի, որ բազմիցս ակնարկել է պետության կորստի հնարավորթյան  մասին։ Մինչև իր գալը, ըստ նրա, չկար հայրենասիրություն մեր ներկրում, ոչ մեկ պետության իմաստը չէր հասկանում, բայց ունեինք կայացած երկու պետություն, երկու բանակ, զարգացող երկիր, իրական հպարտ ժողովուրդ, որը մտքի ծայրով էլ չէր պատկերացնում, որ կարող է մի օր գա ու էդ ամենից զրկվի՝ ընդամենը մեկ հոգու հավատալու պատճառով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ