17 12 2024

Ինձ փոխանցվել է վարչապետի պահանջ, որ հրաժարական տամ, հրաժարվել եմ կատարել, և սկսվել է այս ամբողջ գործընթացը․ Ռուբեն Վարդազարյան

Ինձ փոխանցվել է վարչապետի պահանջ, որ հրաժարական տամ, հրաժարվել եմ կատարել, և սկսվել է այս ամբողջ գործընթացը․ Ռուբեն Վարդազարյան

Yerevan.Today-ն օրերս «Ամեն ինչ արեցին, որ Քոչարյանը չգա, իսկ ո՞ւր գնացին իրենք» հոդվածով անդրադարձել էր ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությանն ու դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին:

Թեմայի շուրջ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, զրուցել ենք ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:


Պարոն Վարդազարյան, օրերս տեղի ունեցավ ձեր գործով հերթական դատական նիստը: Կխնդրեմ մանրամասներ ներկայացնեք: Ի վերջո ի՞նչ հանգուցալուծում, ըստ ձեզ, կարող է ստանալ ձեր դեմ այս գործընթացը:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ինձ փոխանցվել է վարչապետի պահանջ, այն է՝ «վարչապետը ցանկանում է, որ ես հրաժարական տամ», ես հրաժարվել եմ պահանջը կատարել, և սկսվել է այս ամբողջ գործընթացը: Այսինքն՝ կեղծ մեղադրանքներ, կեղծ քրեական գործ: 

Կարող եմ ենթադրել, որ կունենա այսպիսի ավարտ՝ կդատապարտվեմ հայաստանյան դատարաններում, այնուհետև Եվրոպական դատարանը կկայացնի որոշում Հայաստանի դեմ, դրան կհաջորդի արդարացում ՀՀ դատարանների կողմից, և քրեական պատասխանատվության կենթարկվեն այն քննիչները, դատավորներն ու դատախազները, ովքեր այս կեղծ գործընթացի մասնակիցն են եղել: Ես դրան հետամուտ եմ լինելու:

Ձեր պարագայում դատական նիստերը դեռ շարունակվում են, բայց Գագիկ Ջհանգիրյանը կարծես ընդհատակ է անցել և չի անցնում որևէ քրեական գործով: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Որովհետև Գագիկ Ջհանգիրյանը չի հրաժարվել կատարել վարչապետի՝ հրաժարական տալու ցանկությունը: Վարչապետն ինձ ասել է հրաժարական տուր՝ չեմ տվել, ենթարկվում եմ քրեական հետապնդման, Գագիկ Ջհանգիրյանին և Կարեն Անդրեասյանին ասել է հրաժարական տվեք՝ տվել են: Ինձնից առաջ եղել է Գագիկ Հարությունյանը, որին ևս փոխանցվել է վարչապետի ցանկությունը, նա ևս հրաժարական է տվել, և քրեական հետապնդում չկա:

Ավելին ասեմ՝ ինձ առաջարկել են հրաժարական տալ և մնալ ԲԴԽ անդամ և դատավոր, ինձ ասել են հրաժարվել միայն ԲԴԽ նախագահի պաշտոնից. ես դա եմ մերժել: 

Ձեր՝ ԲԴԽ նախագահ չլինելու նպատակը ո՞րն էր, ըստ ձեզ։

Որ Գագիկ Ջհանգիրյանը լինի ԲԴԽ նախագահ, որ քաղաքական իշխանության կամքը ի կատար ածվի:

Փաստացի այդտեղ կար հանցագործության տար, այն է՝ ճնշում ԲԴԽ նախագահի նկատմամբ:

Գործը հարուցելու պահից մինչ օրս ես դա պնդում եմ, գոռում եմ, գոչում եմ, աղաղակում եմ, բայց ոչինչ չի փոխվում: 

Հովիկ Աղազարյանի մասով տեսեք ինչ աղմուկ բարձրացավ: Աղազարյանի մասով եթե ինչ-որ տեղ, 0,0001 տոկոսով կարելի է ասել, որ կուսակցության նախագահն իր կուսակցության անդամին ինչ-որ բան է ասել, ապա վարչապետը ԲԴԽ նախագահին որևէ բան ասելու իրավունք ընդհանրապես չունի: Նույնիսկ միտքը, ցանկությունը, երբ առաջանա իր գլխում, արդեն հանցավոր է, կարելի է ասել, որ դա նախապատրաստում է հանցագործության: Դրա մասին ակնհայտ ասում է Գագիկ Ջհանգիրյանը, որ ասում է՝ այսքան ժամանակ է տրված, դա ինքը չի որոշում, իր փոխարեն որոշել են արդեն: Ո՞վ կարող էր իր փոխարեն որոշել: Ակնհայտ ասում է, որ դա իր ցանկությունը չէ, այլ անձի ցանկություն է:

Ամբողջ խնդիրը հետևյալում է. այս ամենը կատարվում է դատական համակարգը ծնկի բերելու, դատական համակարգում 100 տոկոսանոց իշխանություն ունենալու, քաղաքական կամքը դատական ակտի տեսքով տեսնելու ցանկության համար:

Ես բուֆերային գոտի էի հանդիսանում, ես չէի թողնում, որ քաղաքական իշխանության ցանկությունները հասնեն դատավորներին, ես դա կանխում էի, հարվածը վերցնում էի ինձ վրա և դատավորներին ասում՝ «օրինական որոշում կայացրեք»:

Գուցե անհույս ռոմանտիկի քայլեր եմ արել, բայց հավատացել եմ, որ այդպես է պետք անել:

Համամի՞տ եք տեսակետներին, որ Հայաստանում քրեական գործերը հարուցվում են ընտրովի, և գործում է ընտրովի արդարադատություն:

Եթե իմ օրինակով վերցնենք՝ միանշանակ: Քաղաքական իշխանության ցանկությունն էր ինչ-որ ձևով ստիպել, որ ես հրաժարական տամ, չզբաղեցնեմ ԲԴԽ նախագահի պաշտոնը: Պատկերացնո՞ւմ եք ինչքան մեխանիզմ է փորձվել. սկսած անձնական տիրույթ մտնելուց՝ ընկերներ, ընտանիք, երեխաներ, ավարտած՝ գույքային հարաբերություններով:

Արդյունքում հասկացան, որ պետք է հայտնվի ինչ-որ մեկը, ով կեղծ ցուցմունք կտա իմ դեմ: Ցուցմունքի արժեքը Լոռու մարզի առաջին ատյանի դատավորի պաշտոնից ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում հայտնվելն էր (խոսքն Անդրանիկ Սիմոնյանի մասին է):

Երևի Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաթանկ գինն է եղել, որ վճարվել է կեղծ ցուցմունքի համար:

 

Հիշեցնենք. 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց սկանդալային ձայնագրություն:

Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանը համոզում էր Վարդազայանին հրաժարական տալ՝ նշելով հետևյալը.  «Ես էտի պտի անեմ, էտի իմ վզին դրածա: Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը գա: Եթե ես իմանամ, որ Վանեցյանն ա գալու, եթե ես իմանամ , որ Ղազինյանն ա գալու՝ կգնամ կկանգնեմ կողքները, բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակ, Սերժն էլ չիգալու»:

Վարդազարյանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի ապրիլի 15-ին, ԲԴԽ նախագահի լիզորությունները փոխանցվեցին հենց Գագիկ Ջհանգիրյանին:

Ջհանգիրյանը հրաժարական տվեց հրապարակված սկանդալային ձայնագրությունից հետո՝ 2022 թվականի հուլիսի 4-ին։


Կարդացեք նաև.
«Կարճ ասած»․ Ո՞վքեր քանդեցին մեր երկիրը, միայն թե Քոչարյանը չգար իշխանության

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ