Մենք անընդհատ փորձում ենք խաբված, հիասթափված, դեռևս չկողմնորոշվող քաղաքացիների, այսպես ասած՝ աչքերը բացել, հիմնավորել, թե ինչու է կարևոր մասնակցել ընտրություններին և չքվեարկել այս իշխանության օգտին։ Բայց հավատացնում եմ, որ բոլորից ավելի լավ հենց սրա՛նք են դա անում։ Այսօր մի հայտարարություն եմ լսել մարդամեկից, որը կատարյալ հիմնավորում է, թե ինչու պետք է իրեն չընտրի մեր երկրում առնվազն կես միլիոն թոշակառու և տանը թոշակառու ունեցող ցանկացած ընտանիք։ Սրանք, որ 2018-ին իշխանության են եկել բարեկեցության խոստումներով, ցածր թոշակները շահարկելով, 8 տարի հետո հայտարարում են՝ թոշակառուն մեր օրոք շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ առնի, մի հատ թեյի բաժակ առնի։ Սրանով հպարտանում է Նիկոլը։
Ժողովուրդ ջան, երբ թոշակառուն տարվա ընթացքում կարողանում է իրեն թույլ տալ գնել ընդամենը մեկ զույգ կոշիկ, դա ծայրահեղ ցածր սոցիալականի մասին է․ դա գոյատևման հաշվարկ է։ Նիկոլը գոյատևում չի խոստացել, բարեկեցություն է խոստացել։ Երբ թոշակից մարդ կարողանում է տարվա կտրվածքով տնտեսել միայն մեկ զույգ կոշիկի համար, ուրեմն սնունդն ու կոմունալը հանած՝ նա եկամուտ չունի, զրո է։ Բարեկեցությունը ենթադրում է, որ թոշակառուն պետք է ազատ ֆինանսական միջոց ունենա, որ շոր գնելու, թատրոն գնալու, իր անձնական պարզ ցանկությունը կատարելու համար ֆինանսական ցնցման չենթարկվի։ Սա բարեկեցիկ ծերություն խոստացողը էսօր ասում է՝ թոշակառու, ինձ ընտրի, 8 տարի վարչապետ եմ, հասել եմ էնտեղ, որ տարեկան մեկ զույգ կոշիկ առնես։ Ծաղրում է։ 8 մլրդ դոլարով պետական պարտքը ավելացրել է, բայց տնտեսությունը զարգացել է մեկ զույգ կոշիկի աստիճանի։
Բայց արի ու տես, որ Նիկոլի և իր ՔՊ-ի համար «տարին մեկ զույգ կոշիկի» կանոնը չի գործում։ Հիմա գանք մարդամեկի ասած՝ երկրի հակառակ կողմին։ Օրերս հրապարակվեց ՔՊ-ական պաշտոնյաների աշխատավարձի մասին նյութ։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը ստացել է ամսական 1 մլն դրամ աշխատավարձ, 2026-ին՝ 2,6 մլն դրամ։ Ամսական։ Թոշակառուների ուսերին թառած՝ դարձել է վարչապետ, թոշակը բարձրացրել է 10 հազար դրամով, իր աշխատավարձը՝ 1,6 մլն դրամով։ Նիկոլ Փաշինյանը մեկ տարում ստանում է քո 57 տարվա թոշակը։ Կուկուռուզ կրծելով, պեռաշկի ծամելով գնում-կանգնում է թոշակառուի դիմաց՝ գովազդի վահանակ սարքած սառոչկայով ու ասում՝ ես ձեզանից մեկն եմ, ձեր տան տղեն եմ, դուք բոլորդ վարչապետ եք, բայց ես կարող եմ տարեկան գնել 57 զույգ կոշիկ, դուք՝ մեկ զույգ։
Ու ասում ա՝ ինձ ընտրեք։ Ինչի՞, որ 5 տարի հետո թոշակառուն գնի երկու զույգ կոշիկ, դու 115 զո՞ւյգ։ Նիկոլի աշխատակազմի ղեկավարը, որը, իմ գնահատմամբ, մեր երկրի ամենաանօգուտ ՔՊ-ականներից մեկն է, ամսական ստանում է 3 մլն դրամ աշխատավարձ։ Մեկ ամսում դա ստանում է թոշակառուի 5 տարվա թոշակը։ Մեկ ամսում։ Բայց որ նոր էր նշանակվել պաշտոնի, հայտարարագրել էր տարեկան կարծեմ 500 հազար դրամ եկամուտ, մոտավորապես այնքան, ինչքան թոշակառուի 1 տարվա թոշակն է։ Հիմա ստանում է տարեկան 30 մլն դրամ։ Հարստանալը էս ա, ժողովուրդ ջան, երբ տարեկան եկամուտդ 60 անգամ ավելանում է։ 60 անգամ։ Քո հաշվին դրա եկամուտը 60 անգամ ավելացել է, քո թոշակը 60 անգամ ավելացել է՞։ Ուսուցչի աշխատավարձը 60 անգամ ավելացել է՞։ Իսկ ոստիկանի՞նը․ իսկ զինվորի՞նը։ Եկել ասում են՝ մեզ ընտրեք։ Ինչի՞, որ եկամուտը ավելանա հաջորդ 5 տարում 120 անգա՞մ։
Պիլեսոսի մասնագետ Արարատ Միրզոյանը, որին անգամ ապառիկով տելեվիզր չէին տալիս, ամսական 2,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում․ երեկ գերիներից հարց են տալիս, ասում է՝ ծնգլ արիք։ Երեկվա էդ հայտարարությունից հետո էսօր նա էլի պաշտոնի է, 5 օրից ևս 2,5 մլն դրամ է անիմաստ ստանալու։ Ու դու հանդուրժում ես։ Մինչև հիմա զինվորներ ունենք խարխուլ պայմաններում ծառայող, մինչև հիմա ծնողները զինվոր զավակներին հագուստ, սնունդ ու անգամ վերմակ են ուղարկում, ՊՆ-ն 30 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ 2021 թվականի համեմատ մեր երկրի դիրքերը 200 ք/կմ-ով նահանջել են, 2021-ի համեմատ՝ Պապիկյանի աշխատավարձը կրկնապատկվել է, ինչքան դիրքերը պակասել են, զոհերը շատացել են, եկամուտներն աճել են Պապիկյան Սուրենի, ու ինքն էլ կանգնում բեմերից մատ թափ տալիս, թե՝ դո՞ւք ինչի չեք զոհվել։ Ինչքան զոհվել են, էնքան եկամուտն ավելացել է։
Թոշակի նախարարը առանձնատուն է կառուցում, Նիկոլը թոշակառուին ասում է՝ կարող եք մեկ զույգ կոշիկ գնել տարեկան։ Ու էլի ձայն է խնդրում։ Ինչի՞, որ պետպարտքը դարձնես 32 մլրդ դոլա՞ր հաջորդ 5 տարում ու հարստանա՞ք ՔՊ-ով։ Էսքանը դեռ քիչ է, մի հատ էլ պարգևավճար են իրենց դուրս գրում, մարդ՝ 7-9 մլն դրամ։ Հարցնում ես ինչքան են ստացել, ասում են՝ չենք հաշվել․ բայց ձեր թոշակը հաշվել են, տարին մեկ զույգ կոշիկ կազմում է։ Իրենք ուզում են մնալ, մի 5 տարի էլ․ որ Արարատ Միրզոյանը մի դղյակ էլ գնի, Սանոսյանն էլ, Թորոսյանն էլ, Կոնջորյանն էլ, Ալեն-մալենենք էլ, իսկ դուք 8 տարի հետո գուցե կարողանաք գնել ևս մեկ զույգ կոշիկ։
Հասարակության մեջ ռեսուրսների, հնարավորությունների, արտոնությունների, բարիքների անհավասար ու անարդարացի բաշխումը հենց սոցիալական անարդարությունն է։ Այն, ինչ այսօրվա Հայաստանում լիուլի առկա է․ մարդիկ զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, պաշտպանվածությունից, զարգացման հավասար հնարավորություններից։ Երբ երկրի հարստությունը կենտրոնացած է փոքրամասնության ձեռքում, մինչդեռ բնակչության լայն շերտերը բախվում են ֆինանսական դժվարությունների, ցածր աշխատավարձերի կամ ծայրահեղ աղքատության: Այս իրավիճակը քայքայել է հասարակական համերաշխությունը, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը իջեցրել է զրոյից ցածր։
Մեր երկրում շարքային թոշակառուն ստանում է օրական մոտ 1500 դրամ։ Մեզանից ցանկացածը, օրը ունենա 1500 դրամ, ի՞նչ կարող է անել։ Միսը, կարագը, մրգերը դառնալու են թանգարանային նմուշ։ Մյուս կողմում Նիկոլն է՝ իր ՔՊ-ական նախարարներով, որ օրական ստանում են 90-100 հազար դրամ։ Պատկերացնո՞ւմ եք՝ նախարարի ընդամենը մեկ լանչը ավելին արժե, քան մեր տատիկների ամբողջ ամսվա գոյատևման բյուջեն։
Կարճ ասած՝ ՔՊ-ն՝ իր առաջնորդով, վաղուց կտրվել է իրականությունից ու տեղափոխվել 3 միլիոնանոց աշխատավարձերի աշխարհ։ Նրանց ու ձեր միջև կապը այնքան է կտրվել, որ ձեզ վերաբերում են որպես ավելորդ բեռի։ Սրանց օրոք մեր երկրում եթե ինչ-որ բաներ աճել են, ապա՝ ոչ թե մարդկանց բարեկեցությունը, ոչ թե երկրի սահմաններն ու անվտանգությունը, երկրի հեղինակությունը, ոչ թե թոշակն ու եկամուտը, այլ աճել են գները, աճել է պետական պարտքը, աճել է ՔՊ-ականների աշխատավարձը, աճել-տարածվել է Եռաբլուրը, աճել է հանցավորությունը, աճել են թշնամուն տրվող տարածքները, աճել են կազինոների խաղադրույքները, աճել է թմրամոլությունը, աճել է ատելության մակարդակը, աճել է ՔՊ-ի հղփացածությունը։ Ու սրանք ձեր դուռն են եկել, ձեր քվեն են խնդրում հենց նրա համար, որ այս ամենը ավելի շատ աճի։
Ժողովուրդ ջան, դու ես որոշում՝ շարունակո՞ւմ ես ֆինանսավորել նիկոլենց շքեղ կյանքը և քո աղքատացումը, թե՞ սրանց թափ ես տալիս, ի վերջո։
Սևակ Հակոբյան




