Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, նախընտրական թեժ փուլում արձակուրդից վերադարձել, ավագանու նիստ է գումարել և «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար տրամադրել ուսուցչի և դաստիարակի տոնը նշելու համար։
Yerkir.am-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գրավոր հարցում է ուղարկել հետևյալ հարցերի պարզաբանման համար՝ արդյո՞ք Կառլեն Մկրտչյանն իրավունք ունի նախընտրական թեժ փուլում վերադառնալ արձակուրդից և գումարել ավագանու նիստ, արդյո՞ք «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար տրամադրելը այդքան հրատապ հարց էր, նաև որի պատճառով թեկնածուն հրատապ կարգով վերադարձել է արձակուրդից և ընդունել որոշում, արդյո՞ք Կառլեն Մկրտչյանը հիշյալ նիստից անմիջապես հետո միանգամից համարվել է արձակուրդում գտնվող, արդյո՞ք Արտաշատի ղեկավարի թեկնածու Կառլեն Մկրտչյանի կողմից նախընտրական թեժ փուլում «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար տրամադրելն իր մեջ չի պարունակում պաշտոնական դիրքի չարաշահում, կոռուպցիոն տարրեր, արդյո՞ք այդ քայլը չի հանդիսանում նախընտրական կաշառքի ձևերից մեկը, արդյո՞ք վերնշյալը հիմք չէ թեկնածու Կառլեն Մկրտչյանի թեկնածությունը ընտրություններին անվավեր ճանաչելու համար։
Այսօր ԿԸՀ-ից ստացվել է ուշագրավ պատասխան (կցվում է)․ հղում անելով մի շարք նորմատիվ իրավական ակտերի և ենթաօրենսդրական իրավական ակտերի՝ ԿԸՀ-ն հայտնել է, որ հարցումը կից նյութերով փոխանցվել է թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ անուղղակի հայտնելով, որ թող նա, ժողովրդական լեզվով ասված, ջառմեն քաշի։
Դե, այստեղ մենք չգիտենք՝ այս նամակը ևս պետք է ուղարկել Նիկոլ Փաշինյանի նշած էլ հասցեին, թե ոչ, այդուհանդերձ, սպասենք թիվ 12 ԸԸՀ-ի որոշմանն ու պատասխանին։





