Դա կատակ է եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով իր գրառմանը, որտեղ նշել էր, թե «կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»։
«Կատակով եմ ասել, բայց իմ կոչով փորձել եմ ընդգծել այն, որ հիմա Հայաստանում կան բազմաթիվ աշխատատեղեր, և այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ այստեղ կարող են լավ աշխատատեղեր ճարել», - ասաց Քերոբյանը՝ նշելով, թե գիտի, որ գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա։
Ի պատասխան լրագրողը նշեց․ «Ո՞վ է ձեզ դիմել հովիվ փնտրելու համար...հումոր անելու ժամանակը չէ, աշխատեք լրջացնել մեր զրույցը.... Ուզում եք ասել՝ ՀՀ-ում բոլորը մինիստրներ են, հովվին արտասահմանից են բերո՞ւմ»,- հարցրեց լրագրողը:
Նախարարը օրինակ բերեց․ «Սևանում կա տոհմային ոչխարաբուծարան, իրենք հովիվ են փնտրում՝ ամիսը 200 հազար դրամով։ Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են փորձում գտնել մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում կա ագրոհոլդինգ ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, այն պարագայում, երբ գյուղացիները չեն աշխատում», - ասաց նախարարի պաշտոնակատարը։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը