Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը` որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասի, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Րադգինի, 20-ամյա Սավելիյ Բիրյուկովի, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովի, 19-ամյա Ստեփան Սայի նկատմամբ, ովքեր բռնվել էին Հայաստանի սահմանում՝ Բագատաշենի անցակետից, երբ փորձել էին լքել ՀՀ տարածքը: Նրանք կասկածվում են խուլիգանություն կատարելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նշած 5 անձինք կալանավորվել և դատարանից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Մետոպոլիտենում: Անհայտ անձինք «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառի կոճակով կանգնեցրել էին: Մինչ գնացքավարը դիսպետչերին հայտնել էր տեղի ունեցածի մասին, այդ ընթաքում բաց տարածքում 4-5 դիմակավորված անձինք անցել էին պատն ու սկսել գնացքի վրա գունավոր ներկերով ինչ-որ գործողություններ անել, քարեր են նետել մետրոյի ուղղությամբ, խոչընդոտ առաջացնելով մետրոյի գնացքի տեղաշարժի համար:
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալներից Լուկաս Ռևինսկասը «Պոպիս» ճարտարապետական ստուդիայի տնօրենն է, Գեորգի Րադգինը սովորում է Մոսկվայի «МХПИ» քոլեջի 2-րդ կուրսում, Սավելիյ Բիրյուկովը սովորում է Սամարայի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ Ստեփան Սայը սովորում է Մոսկվայի ճարտարապետական և ինժեներական քոլեջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը