23 10 2017

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով  1 017 դիտորդներ:

Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275  ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող թվով 49 համայքներում առաջադրվել էին 143 թեկնածուներ, որոնցից 8-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության և 1-ը Համերաշխություն կուսակցության անդամներ են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ