Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի, ավերվել են հազարավոր տներ և շենքեր, իսկ հրդեհների հասցրած վնասն, ըստ AccuWeather-ի գնահատումների՝ գերազանցել է 250 միլիարդ դոլարը։
CNN-ը նշում է, որ ըստ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Լոս Անջելեսի շրջանի ևս ավելի քան 92 000 բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։ Այրվել է ավելի քան 155 քառակուսի կմ տարածք։
Հրշեջներն ավելի քան մեկ շաբաթ է՝ շարունակում են պայքարը կրակի դեմ, որն ավելի է բորբոքվում ուժգին քամիների պատճառով։ Լոս Անջելեսի ջրի և էլեկտրաէներգիայի վարչությունը հայտարարել է, որ առաջիկա օրերին, ուժգին քամիներով պայմանավորված, կարող է որպես կանխարգելիչ միջոցառում միտումնավոր անջատել էլեկտրական հոսանքը ՝ օգնելու կանխել անտառային հրդեհների տարածումը։
Ըստ AccuWeather ընկերության տվյալների՝ Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհները Կալիֆոռնիայի նահանգին պատճառել են 250-275 միլիարդ դոլարի տնտեսական վնաս, ինչը գերազանցում է 2024 թվականին «Հելեն» փոթորկի և 2020 թվականի անտառային հրդեհների ամբողջ սեզոնի ընթացքում պատճառված վնասը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը