Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ վերջին 2 օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած ինվերսիա), որն ընդգրկում է Շիրակի և Արագածոտնի մարզերը, Արարատյան դաշտը իր նախալեռնային գոտով և Վայոց ձորի նախալեռնային հատվածները։
Հանրապետությունում ինվերսիոն շերտի առկայության պայմաններում, միաժամանակ շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում, որը 1600-2000մ բարձրություններում արտահայտվում է խիտ մառախուղի, իսկ ավելի ցածր բարձրություններում` ամպամածության տեսքով։
Այս երևույթով պայմանավորված հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն։
Այսպես, հունվարի 10-ի ժամը 14։00-ի դրությամբ, Կապանում և Դիլիջանում օդի ջերմաստիճանը եղել է +14․․․+15°C, իսկ Աշոցքում՝ -11°C։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը