Իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին, գրում է «Հետքը»:
Կասկածելի գործարքներով խնդրահարույց գույքեր ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանը դարձել է քրեական գործով անցնող ևս մեկ խոշոր գույքի սեփականատեր։ «Հետքը» պարզել է, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։
2021 թ.-ին տեղի ունեցած գործարքի մանրամասներից հայտնի է դառնում, որ 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ Այս ամենը տեղի է ունեցել քրեական գործի առկայության պայմաններում։
Նարեկ Նալբանդյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ արտոնյալ պայմաններով ձեռք բերեց նախկին պաշտոնյայից պետությանը վերադարձված՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, իսկ գործարարի կինը գնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործով անցնող Մոնումենտի առանձնատունը։
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի ու նրա սանիկի՝ Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ գործարքների հետևանքով տարիներ առաջ ունեզրկվեց գործարար Փայլակ Հայրապետյանը։ Հայաստանում ադամանդի վերամշակման բիզնես սկսելու պատրվակով Հայրապետյանի գույքերը գրավադրվել էին «Ամերիաբանկում», վարկեր էին ձեւակերպվել, որպեսզի Սիերա Լեոնեում (երկիր Արեւմտյան Աֆրիկայում) գտնվող եւ Աշոտ Սուքիասյանին իբր պատկանող հանքերում ներդրում կատարվեր, ադամանդ ձեռք բերվեր և փոխադրվեր Հայաստան։
Օֆշորային այդ սկանդալը 2013 թ.-ին բացահայտեց «Հետքը»։ Դրան հաջորդած քրեական գործի վերջնարդյունքում դատապարտվեց միայն Աշոտ Սուքիասյանը։ 9 տարի բանտում անցկացնելուց հետո Աշոտ Սուքիասյանը լքեց Հայաստանը` չկրելով պատժի մյուս մասը։
Այդ ընթացքում խարդախության զոհ դարձած գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանած անշարժ գույքի մեծ մասը վաճառվեց և ուղղվեց բանկի պարտքի մարմանը։
Չէին վաճառվել Սևանա լճի ափին գտնվող անավարտ հյուրանոցային համալիրը և հարակից ևս երկու գույք։
6 մլն դոլար արժեցող հյուրանոցը վաճառվել է 360 հազար դոլարով
Սևան-Գավառ ճանապարհի ձախ մասում՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վրա տասնամյանկեր առաջ կառուցվել և այդպես էլ ավարտին չի հասցվել «Հայրապետ» հյուրանոցային համալիրը։ Այն պատկանել է նույնանուն ՓԲԸ-ին, որի բաժնետերերը գործարար Փայլակ Հայրապետյանն ու իր որդիներն են։ Ընկերության գույքը նույնպես գրավադրվել էր ադամանդի «բիզնես ծրագրի» նպատակով ստացված վարկի համար։ Երբ օֆշորային սկանդալը բացահայտվել և քրեական գործ է հարուցվել, «Ամերիաբանկին» առաջարկվել է մինչ նախաքննության ավարտը ձեռնպահ մնալ գրավադրված գույքերն օտարելուց։ Որքան էլ տարօրինակ է, իրավապահները Կադաստրի կոմիտեին չեն արգելել գրավադրված գույքերի նկատմամբ գործարքները գրանցել։ Այդուհանդերձ, բանկը վաճառել է գրավադրված բոլոր գույքերը՝ բացառությամբ Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիրի և Ծովազարդ գյուղում գտնվող ևս 2 գույքի։
Փայլակ Հայրապետյանին խորդախությամբ ունեզրկելու քրեական գործը մինչեւ 2020 թ.-ը քննվել է Քննչական կոմիտեում։ 2020 թ.-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ հարուցված նոր քրեական գործի շրջանակում օֆշորային գործարքներին մաս կազմելու համար մեղադրանք է առաջադրվել Նավասարդ Կճոյանին։ Դրանից հետո Քննչական կոմիտեում քննվող քրեական գործը միացվել է ԱԱԾ-ում հարուցված քրգործին և մեկ վարույթում քննվել։
Զուգահեռաբար, դատարանում էր գտնվում Փայլակ Հայրապետյանին ունեզրկած գործարար Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» կոոպերատիվի սնանկության գործը։ Հենց այդ կոոպերատիվի վարկի համար էր գրավադրվել նաև Փայլակ Հայրապետյանի հյուրանոցը։
Չնայած ԱԱԾ-ում խարդախության և դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործի քննությանը, սնանկության դատարանը թույլ է տվել վաճառքի հանել Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիրի գույքը։ Երբ տեսնում ենք, թե ով է գնել հյուրանոցային համալիրը և ինչ արժեքով՝ գործարքի օրինականության նկատմամբ կասկածներն ավելի են խորանում։
Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը բաղկացած է եռանկյունաձև շենքից, որի ընդհանուր մակերսը 16 հազար քմ է։ Համալիրն ընդգրկում է աջ, ձախ և կենտրոնական մասնաշենքերը, ռեստորանը, հանգստյան տնակը, պահակատունը, ճաշարանը, պարիսպը և այլ շինություններ։ Սնանկության դատարանի թույլտվությամբ համալիրը աճուրդային կարգով ընդամենը 191 միլիոն դրամով(360 հազար ԱՄՆ դոլար) գնել է «Պրոյեկտ ինտեր–ինվեստ» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է։ Գործարքը տեղի է ունեցել 2021 թ.-ի ապրիլի 1-ին։ Այս հյուրանոցային համալիրը գրավադրման ժամանակ գնահատվել էր 6 միլիոն 640 հազար դոլար (4.3 մլն դոլար լիկվիդացիոն արժեքով)։ Այսինքն՝ 6 միլիոն դոլար արժողության հյուրանոցը վաճառվել է 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։
Հյուրանոցային համալիրի սեփականատեր դառնալուց հետո Նարեկ Նալբանդյանի ընկերությունը վարձակալել է պետական սեփականություն համարվող Սևանա լճի ափամերձ 15 հեկտար հողամասը։ Բնության հատուկ պահպանվող տարածքն ընդգրկում է նաև «Հայրապետ» հյուրանոցային համալիրի զբաղեցրած հողամասը։ «Սևան ազգային պարկ»-ի և «Պրոյեկտ ինտեր–ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագրով 15 հա տարածքը վարձակալության է տրվել 25 տարի ժամկետով, տարեկան 3 միլիոն դրամ վճարի դիմաց։
Նարեկ Նալբանդյանի ընկերությունը ևս 2 գույք է ձեռք բերել
Ինչպես վերը նշեցինք, «Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային հալիր» ՓԲԸ-ն, բացի հյուրանոցային համալիրից, ևս 2 գույք է ունեցել։ Դրանք գտնվում են Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում։ Մեկը 6 հա հողամասի վրա 10-ից ավելի կիսակառույց տներով տարածք է, որտեղ առկա են նաև այլ շինություններ։ Մյուս գույքն ավելի փոքր տարածք է զբաղեցնում՝ 0.7 հա հողատարածքի վրա 5 կիսակառույց տուն է։ Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր–ինվեստ» ՍՊԸ-ն այս գույքերը ևս ձեռք է բերել շուկայականից անհամեմատ ցածր արժեքով: Մեկը՝ 13.7 միլիոն դրամով, մյուսը՝ 4.7 միլիոն դրամով։
«Գոլդեն Փելիս» հյուրանոցը և Հովիկ Աբրահամյանի տունը՝ գործարքի առարկա
«Հետքը» ավելի վաղ գրել էր, որ Նարեկ Նալբանդյանը դարձել է Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, իսկ Նալբանդյանի կինը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան սեփականատեր։
«Գոլդեն փելիս» հյուրանոցը Մաքսային պետական կոմիտեի նախկին տնօրեն Արմեն Ավետիսյանի ընտանիքը 2019 թ.-ին քրեական գործը կարճելու դիմաց նվիրեց պետությանը։ Գույքը նվեր ստանալուց հետո պետությունը փորձեց վաճառել այն։ Հյուրանոցը 7.5 միլիարդ դրամով աճուրդի դրվեց, սակայն կրկնաճուրդներով գինը նվազեց։ Հետագայում որոշում կայացվեց հյուրանոցը վաճառել ոչ թե աճուրդով, այլ մրցույթով։ 2022 թ.-ին հայտարարվեց, որ հյուրանոցը տարաժամկետ վճարման պայմանով գնել է միակ հայտատուն՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Հյուրանոցը ձեռք բերելուց հետո առաջին վճարումը ժամանակին չկատարեց, ժամանակ խնդրեց 1 միլիարդ դրամը վճարելու համար։ Ամիսներ առաջ էլ ԱԳՆ-ի որոշմամբ, առանց մրցույթի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն անցկացվեց այս հյուրաոցում, որի համար պետբյուջեից վճարվեց 17 միլիոն դրամ։
2022 թ.-ին Նարեկ Նալբանդյանի անունը մեկ այլ կասկածելի գործարքում հայտնվեց։ Նրա կինը, քրեական գործի առկայության պայմաններում, ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցոիան կոմիտում (նախկին ՀՔԾ) գտնվող քրեական գործով արգելանք էր դրվել առանձնատան վրա, սակայն ՀՔԾ քնիչը արգելանքը հանել է, որից հետո Աբրահամյանները կարողացել են տունը վաճառել։ Առանձնատան համար 48 միլիոն դրամ կանխավճար էր տրվել Աբրահամյաններին, իսկ հիմնական գումարը՝ 2.4 միլիարդ դրամը, պետք է վճարվեր մինչև 2023 թ.-ի օգոստոսը։ Սակայն կողմերի միջև կնքված նոր պայմանագրով հիմնական գումարի վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ.-ի դեկտեմբեր։ Այս գործարքները տեղի են ունեցել ՀՔԾ քննիչի կողմից գույքն արգելանքից հանելու փաստով արդեն ԱԱԾ-ում հարուցված և քննվող քրեական գործի պայմաններում։
Նարեկ Նալբանդյանն իր գործարքները շահավետ է գնահատում
Մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր հարցեր ուղղեցինք «Պրոյեկտ ինտեր–ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Նարեկ Նալբանդյանին։ Գործարարն իր գրավոր պատախանում նշել է, որ ձեռք բերված գույքերի վաճառքի մասին իմացել է հրապարակային աղբյուրներից։ Ծովազարդ համայնքում գտնվող հյուրանոցային համալիրի վաճառքի մասին տեղեկացել է grav.am կայքից, իսկ Ծաղկաձորի հյուրանոցի վաճառքի մասին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կայքից։ Գործարարը հայտնել է նաև, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատունը ևս եղել է հրապարակային վաճառքի ենթակա գույք՝ չպարզաբանելով, թե քրգործով անցնող գույքը վաճառքի ո՞ր հրապարակային հարթակում է ներկայացված եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը