28 03 2023

243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա

243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա

Չորս տարի տևած վերանորգումից հետո օրեր առաջ վերջապես տեղի ունեցավ Մեղրիի մանկապարտեզի բացումը: Կարմիր ժապավենն էլ կտրեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Մանկապարտեզը նորոգվել է համատեղ ֆինանսավորմամբ՝ գումարի 65 տոկոսը վճարել է կառավարությունը, մնացած 35 տոկոսը՝ «Իմ քայլը» հիմնադրամը: Հատկացումներն արվել են երկու փուլով: Մանկապարտեզի նորոգումը կառավարության սուբվենցիոն ծրագրերից մեկն էր:

Ընդհանուր առմամբ ծախսվել է 323 միլիոն դրամ, որից մոտավորապես 210 միլիոն դրամը հատկացվել է պետական բյուջեից, մնացած 113 միլիոնի ներդրումը հատկացրել է «Իմ քայլը» հիմնադրամը։

Մանկապարտեզի վերանորոգումը, սակայն, նախատեսված էր ավելի վաղ, բայց առաջացել էին ինչ-որ խնդիրներ կապալառու ընկերության հետ, շինարարության ձգձգման հարցը մինչ այժմ գտնվում է իրավապահների վարույթում: Թե ինչ կպարզվի արդյունքում, հայտնի չէ, բայց սա այս պատմության մեջ միակ ուշագրավ փաստը չէ:

Այսպես, չնայած Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամին վերջին շրջանում նվիրատվությունները հիմնականում արվում են անանուն և չի նշվում, թե ինչ նպատակով, բայց սկզբում ձևական մասը գոնե պահվում էր: «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատվությունների 2019 թվականի ցանկում նշված է 500 հազար դոլարի (243 մլն դրամ) անանուն նվիրատվություն՝ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար:  

Սակայն, ինչպես տեսանք, հիմնադրամը վերանորոգման համար ծախսել է հատկացվածի կեսից էլ պակաս՝113 միլիոն դրամ: Ինչո՞ւ է գումարը ծախսվել ողջ ամբողջությամբ, ո՞ւր է ուղղվել կոնկրետ նպատակի համար հատկացված գումարը, արդյո՞ք դոնորը տեղյակ է դրանից:

Այս հարցերը ուղղեցինք հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին: Հայրապետյանը նշեց, որ անձամբ ճանաչում է նվիրատուին, կարծում է, որ խնդիր չի եղել, քանի որ նման դեպքերում տեղի է ունենում գումարի վերաբաշխում նվիրատուի համաձայնությամբ: Ամեն դեպքում նա խոստացավ անձամբ խոսել դոնորի հետ և տեղեկացնել վերաբերմունքի մասին:

Սպասենք Մխիթար Հայրապետյանի արձագանքին: Իհարկե՝ նաև ավելացնենք, որ Մխիթարյանը նույն ասուլիսի շրջանակներում խոսում էր այն մասին, թե ինչ կարևոր է հիմնադրամի թափանցիկությունը և ինչ առանցքային է, որ նվիրատուները իրենց վստահեն:  Իսկ հարցին, թե ինչու են գնալով նվիրատվությունները դառնում անանուն, Հայրապետյանը պատասխանեց, որ դա նվիրատուների ցանկությունն է: Անձամբ իր կարծիքով պետք է բոլորը իմանան, քանի որ «Իմ քայլին» նվիրատվություն անելը ամոթ չէ:

Թե ինչու չեն ցանկանում, որ իրենց անունները հանրայնացվեն, դա էլ ուրիշ պատմություն է, բայց ստացվում է՝ գնալով նվիրատվություններն են դառնում անանուն, հանգանակության նպատակը չի նշվում, հետևաբար նաև հաշվետվողականությունն ու թափակցիկությունն է դառնում կասկածելի:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ