04 10 2022

ՀԺ-ի լուրը հավաստի չէ. Ալեն Սիմոնյանը հակասում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքին

ՀԺ-ի լուրը հավաստի չէ. Ալեն Սիմոնյանը հակասում է  Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքին

Արցախի վերաբերյալ բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս՝ նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խոսելով խաղաղության պայմանագրի և քննարկվող ստորագրվելիք փաստաթղթի մասին, Սիմոնյանը ասաց, որ չկա փաստաթղթի որևէ օրինակ։

«ՀՀ-ն երբևէ տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից, Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ-ից, տարածքային պահանջի մասին երբևէ խոսք չի գնացել, խոսքը միշտ եղել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին և չեմ կարծում Արցախ բառը պետք է լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ։ Մենք պատրաստ ենք կնքել այդ պայմանագիրը՝ միջազգային նորմերին համապատասխան»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» այն տեղեկությանը, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանը միութենական պետության կազմի մեջ մտցնել՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀԺ-ի լուրը հավաստի չէ. «Նման որեւէ խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել: Նման խոսակցություն չկա: Ինձ համար չի էլ կարող դա լինել: ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»: Երբ լրագրողները ճշտեցին՝ կարող է կա նման բան, դուք չգիտե՞ք՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Բացառում եմ, որ նման բան լինի ու ես չիմանամ»:

«Հավաստի հեղինակի» հրապարակումների վերաբերյալ էլ Սիմոնյանն ասաց․ «Չգիտեմ լրագրողի նպատակը որն է եղել դա գրելու, բայց այն, ինչ գրվում է մի լրատվամիջոցում, որը կարելի է կապել գործող իշխանությունների հետ, չի կարելի վերագրել իշխանությունների ցանկություններին»։

Ճշտող հարցին՝ հավաստի համարում է  այդ աղբյուրը, ԱԺ նախագահը պատասխանեց․

«Ոչ, չեմ համարում, ես նման ինֆորմացիա չունեմ և չեմ համարում, որ նման բան Հայաստանում պետք է քննարկենք, ինձ համար ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը անքննելի են։ Զանգե՛ք «Հայկական ժամանակ» ճշտեք, ես ասում եմ չկա որևից է նախապայման»։

   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ