14 06 2022

Այո, մենք չունենք հայ սպանելու վճռականություն. Իշխան Սաղաթելյան



Հատված Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից․


Այս օրերի ընթացքում մենք արել ենք ամեն ինչ, որ նա վերջապես հեռանա` դրանով հնարավորություն տալով Հայաստանին ու հայ ժողովրդին ապրելու։

Ցանկացած այլ իշխանության համար եղածն ավելի քան բավարար կլիներ, որ հեռանար։ Սակայն սրանք կրկին փաստեցին, որ իրենց աթոռի համար պատրաստ են նոր արյուն թափել։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք այս ողջ ընթացքում առաջնորդվել ենք բացառապես խաղաղ ակցիաներ իրականացնելու սկզբունքով։ Մենք հայտարարել ենք, որ չենք գնալու արյունահեղության ճանապարհով։ Մենք հայտարարել ենք, որ մեր հոգին չի փառավորվում ոստիկանին մահակներով հարվածելուց, արյունահեղություն կազմակերպելուց։

Եթե որևէ մեկը մեզ սրա համար պետք է մեղադրի վճռականության բացակայության մեջ, ուղիղ հայտարարում եմ` այո, մենք չունենք հայ սպանելու վճռականություն։ Մենք հեռացնելու ենք նիկոլին, հեռացնելու ենք հաստատ, բայց դա անելու ենք անարյուն։

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջին օրվանից մենք հստակ դրել էինք մեր նպատակը և ընտրել մարտավարություն, որը մեզ թույլ էր տալու կոնկրետ ժամանակամիջոցում հասնել այս նպատակին։ Ես պետք է արձանագրեմ, որ մեր պլանավորած քայլերը մենք իրականացրել ենք ամբողջովին։

Սակայն այս իշխանությունների բացառիկ լպիրշությունը, ցինիզմը, աշխարհաքաղաքական իրավիճակը իրենց ազդեցությունն են թողնում մեր ծրագրերի վրա ևս։

Ոստի մենք հիմա կանգնած ենք մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ Մեզ հարկավոր է ստեղծված նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա հասնել մեր վերջնական նպատակին։

Բայց, մինչ այդ, ուզում եմ խոսել նաև Շարժման բացթողումների մասին։

Առաջինը. պետք է արձանագրել, որ Նիկոլին չընդունող և մերժող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան այս հրապարակում գտնվողներինը։ Մենք դեռ չենք կարողացել այդ բոլոր մարդկանց փողոցային պայքարի դուրս հանել, բերել այս հրապարակ։ Սա շատ կարևոր խնդիր է և մեր բացթողումներից մեկը։ 

Երկրորդը. դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թե սա պայքար է իշխանության համար, պայքար է նախկինի վերադարձի համար։ Սա վկայում է, որ մենք չենք կարողացել երկրին սպառնացող վտանգները հստակ բացատրել մեր քաղաքացիներին։ Իհարկե, մենք պետք է նաև գիտակցենք, որ գործ ունենք պետական հսկա ռեսուրսի, օտարերկրյա ցանցերի քարոզչական համակարգերի հետ, որոնք անընդհատ խաբում և մոլորեցնում են մեր քաղաքացիներին։ Բայց, միևնույն է, մենք պետք է կարողանանք հաղթահարել նաև այդ արգելքը և ժողովրդին բացատրել այն վտանգները, որ կանգնած են յուրաքանչյուրիս առջև։ Սա եղել է մեր ամենամեծ բացթողումներից մեկը, որը պետք է արագ շտկենք։

Ունեցել ենք նաև կազմակերպական բնույթի խնդիրներ։ Ճիշտ է, այստեղ բավական լուրջ աշխատանք է արվել, 24 ժամյա ռեժիմով հսկայական գործ, բայց ակնհայտ է, որ թերացումներն էլ են շատ եղել։ Դրանք ևս առաջիկա օրերին պետք է արագ շտկենք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ