22 12 2018

Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդայինը սխալ է հաշվվում

Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդայինը սխալ է հաշվվում

21.06.2005 թվականից ուժի մեջ մտած ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասը խախտման արդյունքում զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց լիարժեք  չի վճարվում իրենց հասանելիք արձակուրդային վճարումները։ Այդ անձանց իրավունքները փաստացի խախտվում են։

07.08.2010 թվականին ուժի մեջ մտավ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխված տարբերակը և այդ ժամանակից մինչև 16.12.2017 թվականը, երբ ուժը կորցրել էր «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, արձակուրդները հաշվարկվում էին աշխատանքային օրերի փոխարեն օրացուցային օրերով:

Բանն այն է, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով, մինչդեռ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց վճարում են նրանց դրույքաչափին հավասար հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից մոտ 40 %-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից:

Ինչ վերաբերվում է զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց արձակուրդային օրերի հաշվարկմանը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, որը փոփոխվել էր 24.06.2010 թվականին, ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատվածն է, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, որն ուժը կորցրել էր 16.12.2017 թվականին, արձակուրդի տևողությունը կազմում է`

  • մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,
  • 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,
  • 25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր»։

16.12.2017թ․ ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կագավիճակի մասին» ՀՀ փոփոխված օրենքում նվազեցվել է տրամադրվող օրերի քանակը և ավելացել է «օրացույցաին օր» ձևակերպումը՝ ըստ էության չանրադառնալով արձակուրդների տևողության յոթ տարվա սխալ հաշվարկի փոխհատուցման հարցին:

Եթե պետբյուջեով այդ գումարները հաշվարկվել են և փոխանցվել հիմնարկներին, նշանակում է, որ գործ ունենք կոռուպցիոն սխեմայի հետ։ Ամեն դեպքում, մոտավոր հաշվարկներով, 2005 թվականից պետության պարտքը զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց նկատմանբ կազմում է մոտ 120 մլն դոլարին համարժեք դրամից ավելի գումար։ Հենց այդքան գումարի բեռ այժմ բյուջեի վրա չդնելու համար է, գուցե, կառավարությունը խուսափում քրեաիրավական գնահատական տալ հարցին։ Սակայն այդ գումարները, ըստ ամենայնի, հատկացվել են, բայց չեն հասել աշխատողներին։ Այդ դեպքում, զոհ են գնացել ինչ-որ տեղ, ինչ-որ նպատակների համար կամ հոսել են ինչ-որ գրպաններ։

Ամեն դեպքում, սա հարց է, որով պետք է զբաղվեն թե մարդու իրավունքների պաշտպանը, թե աշխատանքի տեսչությունը, թե կառավարությունն ընդհանրապես և իրավապահ համակարգը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ