ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը։
«Խստորեն դատապարտում ենք փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին:
Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումը աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում:
Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։
Հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ոչնչացման և ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը