01 12 2021

Հստակ ծրագրեր կան, խոշորացման տակ անցած ոչ մի համայնք աչքաթող չի արվելու․ ավագանու ՀՅԴ թեկնածու

Հստակ ծրագրեր կան,  խոշորացման տակ անցած ոչ մի համայնք  աչքաթող չի արվելու․ ավագանու ՀՅԴ թեկնածու

2021թ. դեկտեմբերի 5-ին,  Մեծամոր  խոշորացված համայնքում   նախատեսված են   ավագանու ընտրություններ,  որի ժամանակ ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորելու է  ՀՅԴ Արմավիրի «Արամ Մանուկյան» մարզային կոմիտեի նախագահ  Արամայիս Մխիթարյանը։  Yerevan.Today-ի հետ զրույցում Արամայիս Մխիթարյանն ասաց, որ ՀՅԴ ցուցակում  ընդգրկված են ավագանու անդամի 24 թեկնածուներ, որոնք առանձնանում են  իրենց հմտությամբ, գիտելիքներով, փորձով։

«Թիմում ունենք պատրաստված մարդիկ, որոնք  գյուղատնտեսության,  կրթության, մշակույթի ոլորտներում կայացած մարդիկ են։ Ունենք կին թեկնածուներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում։ Ընտրվելու դեպքում,  հավասարապես  բոլոր գյուղական բնակավայրերում, նաև  մեկ քաղաքային բնակավայրում  իրականացնելու ենք   այն անհրաժեշտ ծրագրերը, որոնց  շնորհիվ հնարավոր կլինի լուծել եղած  խնդիրները»,-նշեց մեր զրուցակիցը։

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արամայիս Մխիթարյանը թիմի հետ ընտրության է գնում՝  «Հայրենիքը սկսվում է համայնքից»  կարգախոսով։ Ի դեպ  Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքն ունի 31 բնակավայր, որից 1-ը՝ քաղաքային է՝  Մեծամոր համայնքով։ Նախընտրական ծրագրի մասին խոսելիս Արամայիս Մխիթարյանը նշեց, որ  առանցքային կետերն առնչվում են գյուղական բնակավայրերի խնդիրներին։

«Հիմնականը ոռոգման ջրի խնդիրն է՝ սակավության առումով, ոռոգման համակարգերը նույնպես արդիականացնելու, վերանորոգելու անհրաժեշտություն կա, համակարգը հնամաշ է։   Մեծ խնդիր է գյուղմթերքի իրացումը, ընդ որում՝ կան մարդիկ, որ այս տարվա խաղողի բերքի մթերման վճարները դեռ չեն ստացել։  Առաջնային է նաև հակակարկտային ցանցի կայաննների տեղադրման  խնդրը, որպեսզի բերքը կարկտահարությունից ապահովագրված լինի։ Քաղաքային բնակավայրերի հետ էլ խնդիր կա․  օրինակ՝  Մեծամորում կա զուտ բնապահպանական խնդիր, Մեծամոր համայնքի հենց հարևանությամբ անցնում է  կոյուղագիծ որը լցվում է ջրաատար , ու այդ ջրատարից օգտվում  են մեր խոշորացված համայնքի բնակավայրերը՝ ոռոգելով հողամասերը, սա լուրջ բնապահպանական խնդիր է , ընդհուպ՝ հանրապետական նշանակության խնդիր է»,-ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, Արամայիս Մխիթարյանը  2002 թվականից խոշորացման տակ հայտնված Այգեշատ համայնքի ղեկավարն էր:  Վստահեցնում է, որ համայնքի ղեկավարի՝  կառավարման իր փորձը, կնպաստի  արդյունավետ համակարգել  թե՛ գյուղական բնակավայրերի, և թե՝  քաղաքային Մեծամոր համայնքի  խնդիրների լուծումը։  «Հստակ ծրագրեր կան, խոշորացման տակ անցած ոչ մի համայնք  աչքաթող չի արվելու»,-վստահեցնում է մեր զրուցակիցը։

Թվարկելով իր պաշտոնավարման տարիների ձեռքբերումները, Արամայիս Մխիթարյանը նշեց, որ վերանորոգել է գյուղի միջնակարգ դպրոցը, մշակույթի պալատը, կառուցել Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան պատերազմի զոհերի հուշակոթողը: Համայնքային բյուջեի և բարերարների միջոցներով վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը, ուր հաճախում են նաև հարևան համայնքների երեխաները: Ամբողջությամբ փոխվել է գյուղի խմելու ջրի ներքին ցանցը, լուսավորվել ՝ փողոցները։

Ընտրվելու իր հնարավորությունը ՀՅԴ  համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուն բարձր է գնահատում՝ ապավինելով ընտրողների գիտակցությանը  այն առումով, որ  իր անցած ճանապարհը, արած գործերը կգնահատեն իրականում։

Ի դեպ, Արամայիս Մխիթարյանը 1990-ականներից մասնկացել է հայրենիքի պաշտպանության մարտերին՝ Շահումյանի մարտական գործողություններից  մինչև 44-օրյա պատերազմ։

Հերմինե Զեյնալյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ