Դեկտեմբերի 5-ին Հրազդանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ ընտրապայքարի մեջ են 4 քաղաքական ուժեր՝ «Լուսավոր Հայաստանը», «Ապրելու երկիրը», իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ՀՅԴ-ն։
Հրազդանում ՀՅԴ ցուցակը գլխավորող Վարդան Գևորգյանը Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց, որ ընտրապայքարն ընթանում է խաղաղ մթնոլորտում և Հրազդանում էլ ընտրություններին ընդառաջ խաղաղ իրավիճակ է։
Այս ՏԻՄ ընտրություններին մասնակցելու պատճառը Գևորգյանի խոսքով, իշխանությունների վարած սխալ քաղաքականությունն է։
«Մեր բողոքի խոսքը այս ընտրություններին մասնակցելով ենք արտահայտում։ Մեր քաղաքը հանգիստ քաղաք է, բոլորն իրար ճանաչում են, փոխադարձ հարգանքով են միմյանց հանդեպ լցված, բայց այս ընտրություններն իրականում քաղաքային ընտրություններ չեն»,-ասում է Գևորգյանը։
Նրա խոսքով այս ընտրություններում հրազդանցին պետք է հայացք գցի ՀՀ-ում տիրող ընդհանուր իրավիճակին․ «Գտնում ենք, որ հրազդանցին կոնկրետ այս ընտրություններով պետք է իր կարծիքը հայտնի ընդհանուր ՀՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Իր բողոքի խոսքը ներկայացնի այն ամենի վերաբերյալ, ինչ ՀՀ-ում կատարվում է, որը մեր կողմից բացասական է գնահատվում և գտնում ենք, որ ներկայիս երկրի քաղաքական ղեկավարությունը իր սխալ քայլերով կործանարար քաղաքականություն է իրականացնում և Հայաստանին դա լավ բանի չի բերի։ Կոչ եմ անում մեր հայրենակիցները իրենց հայացքն ուղղեն քաղաքի խնդիրներից դուրս, երկրի տիրող իրավիճակին, գնահատական տան և իրենց ձայնով բողոքի նոտա հղեն իշխանություններին»։
Ինչ վերաբերում է քաղաքում առկա խնդիրներին, Վարդան Գևորգյանը նկատեց, որ դրանք գրեթե չեն տարբերվում ՀՀ մյուս քաղաքների խնդիրներից և այստեղ ՀՅԴ-ն ունի խնդիրների լուծումների իր տեսլականները։ Գևորգյանը կրկնում է, որ առջանայինը հրազդանցին պետք է երկրում տիրող իրավիճակին գանհատական տա, իսկ քաղաքային խնդիրները լուծելի են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը