Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին և սանձարձակ հռետորաբանությանը, Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք անմիջապես հաջորդել են այս երկիրը պատած էյֆորիայի ավարտին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ, ի դեմս Թուրքիայի և Պակիստանի, այսպես կոչված, իխվանական («Մահմեդական եղբայրների») համասուննիական առանցքի ռազմաքաղաքական ազդեցության հսկայական աճն ավանդաբար շիայական բնակչությամբ երկիր Ադրբեջանում առաջ է բերել ներքին լարման կետերր՝ հատկապես շիա իսլամի այնպիսի պատվարներ հանդիսացող շրջաններում, ինչպիսին Բաքվից դուրս Ապշերոնն է կամ Թալիշստանը՝ հանգեցնելով նաև բնակչության թուրքամետ և իրանամետ հատվածների միջև բեկվածքների մեծացմանը։
Դրան նպաստում է նաև Իրանի բավական ակտիվ արտաքին ճնշումը Բաքվի բռնապետի վրա, որն իրականացվում է «մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությամբ և շատ հստակ դերաբաշխմամբ։
Գրեթե նույնանման քաղաքականությամբ Ադրբեջանի վրա ճնշումը մեծացրել է նաև Ռուսաստանը, որը չնայած այս երկրից ներս չունի համակիր կամ աջակից բնակչության զգալի խմբեր, սակայն, ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի (իմա՝ ռազմակայանի), տիրապետում է ազդեցության գործուն և լրջագույն լծակի։
Որքան էլ պարադոքսալ թվա, սակայն թուրքական գրեթե անսահմանափակ ազդեցությունը և Ադրբեջանի ինքնիշխանության որոշակի կորուստը չի կարող խանդավառություն առաջ բերել Բաքվի բռնապետի մեկ այլ աջակցի՝ Իսրայելի քաղաքական ղեկավարության շրջանում, որն իր ազդեցության պահպանման համար արդեն լրջորեն ստիպված է մրցակցել էրդողանական վարչախմբի հետ։
Եթե սրան ավելացնենք այն խնդիրները, որոնք առկա են Եվրամիության անդամ որոշ պետությունների և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ապա Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, հաճախ ստիպված է հանդես գալ լարախաղացի դերում․ որը ներքաղաքական և միջազգային նուրբ պարանի վրա ճոճվելիս փորձում է հավասարակշռությունը պահպանել նաև լեզվի անկանոն շարժումներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը