01 09 2021

Այն, ինչ կատարվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, դասական քաղաքական բռնության դրսևորում է. Լիլիթ Գալստյան

Այն, ինչ կատարվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, դասական քաղաքական բռնության դրսևորում է. Լիլիթ Գալստյան

Այն, ինչ կատարվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, դասական քաղաքական բռնության դրսևորում է: Սրանք քաղաքական բռնաճնշումներ են, որոնք Հայաստանում գնալով թանձրանում են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստայնը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում և նրան նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը փորձում է քաղաքական հաշվեհարդար տեսնել ոչ միայն Արմեն Չարչյանի նկատմամբ, այլ նաև իրենց մյուս պատգամավորների նկատմամբ:

«Հայաստանում հիմա քաղաքական բռնաճնշումներ են, առհասարակ Հայաստանում վաղուց արդեն արձանագրել ենք ժողովրդավարության մահը, պառլամենտարիզմի մահը, վերջին ծեծկռտուքը նաև ձեզ օրինակ»,- ընդգծեց Լիլիթ Գալստյանը և հավելեց, որ իշխանությունն ուղղակի օգտվում է իրավիճակին հանրային ոչ ադեկվատ գնահատականներից, հասարակության պասիվությունից և իր քաղաքական մեծամասնության այսպես ասված՝ բոլշեվիզմից, որովհետև պատգամավորի գնահատմամբ՝ ըստ էության, սա բոլշևիզմ է:

«Այն քաղաքական հաշվեհարդարը, որ իրականացվում է Արմեն Չարչյանի նկատմամբ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրավական համակարգը ամբողջությամբ ծառայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թելադրանքին և ուղղորդումներին: Սա մեզ համար նորություն չէ, որովհետև Փաշինյանն իրոք իր քաղաքական ճանապարհը սկսեց դատարանների բռնաճնշումով: Եվ առհասարակ Հայաստանում գոյություն չունեն օրենքներ, Սահմանադրություն»:

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ Արմեն Չարչյանի նկատմամբ նաև կտտանքներ են իրականացվում.

«Լավ կլիներ, եթե իսկապես Հայաստանն իրավական երկիր լիներ, բայց մենք վաղուց իրավական երկիր չենք, որտեղ Փաշինյանն ու իր թիմն իրենց գերսահմանադրական երևույթներ են հռչակել: Իսկ Արմեն Չարչյանի նկատմամբ նաև կտտանքներ են իրականացնում, որովհետև Չարչյանն արդեն շարունակ առողջական խնդիրների պատճառով մեկ հայտնվեց քրեակատարողական հիվանդանոցում, իսկ հիմա նրա վիճակն այնքան է բարդացել, որ տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Սա կտտանք է, սա հիվանդ մարդու հաշվեհարդար է»:

Ընդդիմադիր պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանը խորապես հայտնվել է դիկտատուրայի ռեժիմում.

«Նիկոլ Փաշինյանը մեծ կրքով ու ջանասիրությամբ Հայաստանում ներքին թշնամիներ է փնտրում: Ինքը ներքին թշնամիներ փնտրելով Արցախ գնաց երկու տարի առաջ և տեսանք, թե դա ինչով ավարտվեց, որովհետև ինքը բացարձակապես ոչ կամք ունի, ոչ ուժ ունի, չի կարողանում: Նա հանձնված է թուրք-ադրբեջանական ագրեսիային և նրա քաղաքական գոյությունը նպատակաուղղված է թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը: Եվ այն ծուռ վզով, երբ ինքը ներկայանում է միջազգային հարթակներում է, փորձում է այդ պակասը լրացնել Հայաստանում ներքին թշնամիներ նշանակելով և քաղաքական հաշվեհարդարներով: Հայաստանը խորապես հայտնվել է դիկտատուրայի ռեժիմում, Հայաստանը խորապես կորցրել է ինքնիշխանությունը, Հայաստանը խորապես ոչ իրավական երկիր է, սահմանադրական կարգի մասին խոսք էլ չկա, որովհետև այստեղ շահարկելով ժողովրդի անունը և իրենց ստացած քվեն, ջարդում են պետական ինստիտուտները և ամենակարևորը՝ իրավական համակարգը»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ