Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը՝ նոյեմբերի 9–ի ու հունիսի 20–ի արանքում
Նոր լայնամասշտաբ պատերազմի կամ առնվազն սահմանային նոր լարումների, նոր էսկալացիայի հոտ է գալիս։
Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրությունների արդյունքներից ու կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերում։
Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նա որպես խաղաղության հաստատման ու կոմունիկացիաների բացման նախապայման է դրել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Գումարած դրան՝ նա ընդգծված նշում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ զուգահեռաբար պահանջելով ոչ միայն հայկական զորքի ամբողջական դուրս բերում Արցախից, այլ նաև Հայաստանին ռուսական զենքի մատակարարման բացառում։
Ալիևը, փաստացի, սպառնում է Հայաստանին ու շանտաժ անում Մոսկվային՝ բացատրելով, թե ինչն է իրեն հիմք տալիս նման կերպ վարվելու։
«Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը վերընտրվել է։ Դրանով և՛ հայ ժողովորդը, և՛ ՀՀ ղեկավարությունը ցույց են տվել, որ համակերպվել են պարտության հետ։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՌԴ–ն ցանկանում զինել հայկական բանակը»,– հայտարարել է Ալիևը։
Ցավով պետք է արձանագրել, որ Ալիևի նման պահվածքը հնարավոր դարձավ ոչ միայն նոյեմբերի 9–ի փաստաթղթի, այլ նաև հունիսի 20–ի ընտրությունների արդյունքների շնորհիվ։ Բայց ժողովրդին մեղադրել պետք չէ սրա համար։ Մեղավորներին այլ տեղ է պետք փնտրել, բայց սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։ Ժամանակը կգա ու այդ մասին կխոսեմ և՛ ԱԺ ամբիոնից, և՛ այլ հարթակներում, բայց հիմա թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է ու իմ պարտքն է «SOS» հնչեցնելը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը