20 12 2019

Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակվել են ավելի շատ բացասական հոդվածներ, քան դրական. «Մեդիա պաշտպան»

Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակվել են ավելի շատ բացասական հոդվածներ, քան դրական. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի դեկտեմբերի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ Tert.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am, news.am և hrapark.am-ը։ Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 368 հոդված։ Որոնցից 70-ը՝ բացասական, 16-ը՝ դրական, 282-ը՝ չեզոք են։Այս տասնօրյակում Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակվել են ավելի շատ բացասական հոդվածներ։Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել այն որոշումը, որով վարչապետն ամիսներ առաջ նրան ազատել էր աշխատանքից:

Ըստ լրատվականների, Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ ընտրությունները պետք է տեղի ունենան 2018թ. աշնանը, ոչ թե գալիք գարնանը։ Այս պնդման պատճառն, ըստ լրատվականի, մինչ այժմ պատասխան չունի։ Սակայն, մի տեսակետ, այնուամենայնիվ, քննարկվում է։ Վերլուծության համաձայն, հեղափոխությունից մի քանի ամիս անց արդեն նկատվում էր էյֆորիայի չափաբաժնի թուլացում: Այդ մասին Նիկոլ Փաշինյանին հուշել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաեւ օտարերկրյա որոշ պաշտոնյաներ, որոնք ամեն օր այցելում էին Հայաստան ու քննարկումներ ունենում վարչապետի հետ: Այդպիսով Փաշինյանը, նախապատրաստվելու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ինչպես կարգն է քարոզչություն իրականացնելու հնարավորություն տվեց մյուս քաղաքական ուժերին, որոնք, մասնակցեցին ընտրություններին, որովհետեւ չմասնակցել ուղղակի չէին կարող:Միհրան Հակոբյանն էլ իր խոսքում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՀԴՄ-ների վերաբերյալ հայտարարությանն, ասել է. «Փաշինյանն իր քաղաքական ու տնտեսական մտքի սնանկությունը փորձում է քողարկել «ՀԴՄ կտրոնով զինվորին հաց ենք հասցնում» պրիմիտիվագույն թեզով»։«168 ժամ» թերթը գրում է. «2018 թ. թավշյա իրադարձությունները և իշխանափոխությունը որոշ գործարարների կյանքում մեծ փոփոխություններ են բերել։ Դա է պատճառը, որ նրանք ժամանակ առ ժամանակ առիթը բաց չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության, առհասարակ՝ նոր իշխանությունների գովքն անելու՝ չնկատելու տալով բազմաթիվ բացթողումներն ու արատավոր, կոռուպցիա պարունակող երևույթները։ Վերջերս գործարար Խաչատուր Սուքիասյանը քննադատում էր նախկին իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին… Եվ այսպես, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 3 միլիոն դրամից ավելի պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին պատկանող «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացրել է հենց Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը»։News.am-ը հրապարակել է 131 հոդված, բացասական՝ 30, դրական 2, չեզոք՝ 99։ Կայքում տեղ է գտել «168 ժամ» թերթի հոդվածը։ Փորձագետ Կարեն Վրթանեսյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ մենք մեծ քանակությամբ զենք ենք գնել։ Նա նախ նշում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, ապա ասում է, որ այդ հայտարարությունն Ադրբեջանը կարող է միջազգային հարթակներում օգտագործել մեր դեմ։Արմեն Աշոտյանի կարծիքը նույնպես տեղ է գտել կայքում։ Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պետք է քաղաքական ռեֆորմների գնա և արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարի։ Համաձայն մեկ այլ հրապարակման, Նիկոլ Փաշինյանին մեղադրել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգիծը որդեգրելու մեջ։Արարատի մարզի Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ գյուղի ամենամեծ խնդիրը ճանապարհն էր ու Փաշինյանն, ըստ նրա, այդ հարցը լուծել է, մնացածն իրենք կանեն։Hraparak.am-ը հրապարակել է 85 հոդված, բացասական՝ 23, դրական 4, չեզոք՝ 58։ Այս լրատվականում նույնպես տեղ է գտել «168 ժամ» թերթի հոդվածը։Էդուարդ Շարմազանովն էլ ասել է. «Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ եւ ՀՀԿ ԳՄ անդամ, վերահաստատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի:Միեւնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ եւ որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շարք հարցերի պատասխաններ»:Կայքն իր վերլուծականում, անդրադառնալով Արցախի հարցին, գրել է, որ Հայաստանի ու Արցախի դիրքորոշումները պետք է զգալիորեն տարբերվեին միմյանցից, այլ ոչ թե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում հայտարարել, 100 տոկոսով նույնական լինեին: Հակառակ դեպքում՝ ո՞րն է Արցախը, որպես բանակցային լիարժեք կողմ, գործընթաց վերադարձնելու իմաստը:Armtimes.com-ը հրապարակել է 79 հոդված, բացասական՝ 1, դրական 7, չեզոք՝ 71։ Կայքն անդրադարձել է այն քննադատություններին, որ Նիկոլ Փաշինյանը հող է հանձնում։ Ըստ կայքի, դա պարզունակ մանիպուլյացիա է։ Հրապարակման համաձայն՝ ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը որևէ քաղաքում Արցախը հանձնելու մասին թաքուն թուղթ ստորագրել, ու ինչպե՞ս կարող է ժողովուրդը դա չնկատել։Գաբրիել Բալայանն էլ, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե մենք մեծաքանակ ռազմամթերք ենք ձեռք բերել, ասել է. «Պարոն վարչապետը բավական համեստ է գտնվել իր հայտարարության մեջ: Ոչ միայն 2018-ին, այլեւ 2019-ին մենք հայտարարել ենք, որ նոր սպառազինություն ենք ձեռք բերում: Ցավոք սրտի, ես չեմ կարող բացահայտել, թե խոսքն ինչ զինատեսակների մասին է»:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «չելենջի» շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրաբերությունների թիվն արդեն իսկ անցել է 10 մլն դրամի շեմը։

Azatutyun.am-ը հրապարակել է 37 հոդված, բացասական՝ 1, դրական 3, չեզոք՝ 33։ ՀՅԴ ԳՄ-ի հայտարարությունն է տեղ գտել կայքում, ըստ որի, ԳՄ-ն կոչ է արել Նիկոլ Փաշինյանին սթափվել։

Դրական է գնահատվել այն լուրը, ըստ որի՝ 2020 թվականին երկրաշարժից տուժած 226 ընտանիք բնակարան է ստանալու։ Սիս գյուղի փոքրիկի կարծիքը նույնպես տեղ է գտել լրատվականում։Tert.am-ը հրապարակել է 36 հոդված, բացասական՝ 15, դրական 5, չեզոք՝ 16։ Կայքում տեղ է գտել Միհրան Հակոբյանի կարծիքը, ինչպես նաև՝ «168 ժամ»-ի հոդվածը, ՀՅԴ ԳՄ հայտարարությունը, ՀՅԴ երիտասարդների պահանջները՝ կապված ԿԳՍՄ նախարարի հրաժարականի հետ։ Հայկ Մարությանին ուղղված քննադատությունները, որոնք կապվում են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման հետ նույնպես տեղ են գտել լրատվականում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ