ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն դատապարտում է ՀՀ ԱԺ-ում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ վերջին երկու օրերին հնչեցված հայտարարությունները, որոնք ժխտում են հայ ժողովրդի հերոսական պայքարի պանծալի դրվագները։ Այս մասին կոմիտեն հայտարարություն է տարածել:
«Գաղափարազուրկ անհատների մոտ սեփական փոքրոգությունը, պատմության առջեւ հանցանքի խարանը մաքրելու ապարդյուն փորձերը՝ բացահայտում են այդ մարդուկների իրական պատկերը։
Ցավալի է, որ հայրենի իշխանության աթոռներին հոխորտալով բազմած այդ մարդուկներին է վստահված միջազգային հարթակներում ներկայացնելու մեր պետությունը։
Անարժանապատվությունը նման մարդկանց հոգու խորքում է։ Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սեւ բիծ, ամոթալի հիշատակումներ, որոնք սերունդների մոտ օրինակ են ծառայելու՝ որպես հայրենիքի ուրացման ապացույց։
Սա եւս մեկ փաստ է, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն ներկայացնում հայ ժողովրդի իդեալները, այլ ծառայում են Հայաստանի դեմ թշնամական տրամադրություններ ունեցող ուժերին եւ քարոզում նրանց գաղափարախոսությունը։
Կամք եւ վճռակամություն է պետք, որպեսզի պատմության աղբարկղ նետվեն այդ մարդուկները»,-ասվում է հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը