Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Սուրբ Պողոս- Պետրոս եկեղեցու բակում երեկ՝ մայիսի 12-ին, հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցկացրել՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, որը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Սփյուռքն իր անվերապահ զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի գլխավորած խորհրդանշական ու խորքային շարժմանը, որը տասնյակ հազարավոր մարդկանց միավորել է Երևանում և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տավուշից մեկնարկած այս երթը մերժում է զիջողական ու պարտվողական մոտեցումը, որը մեզ պարտադրում է օրվա վարչապետը։ Մենք դեմ ենք մահացու զիջմանը։
Իշխանությունները փորձում են այս շարժումն արժեզրկել, բայց այս շարժման ակնունքերը շատ ավելի խորքային են, այս շարժումը տեսակի ու տեսլականի պայքար է, հեռանկարի ու իդեալի պայքար է, պատվո ու արժանապատվության պայքար է, հավատքի, ինքնության ու արժեհամակարգի պայքար է։ Մենք այն ազգը չենք, որ պիտի ընդունենք և հանդուրժենք այս դավաճանությունը։ Մեզ պետք չէ անընդհատ սպառնալ պատերազմով։ Մեր սուրբ միասնության վերականգնման միջոցն այս իշխանության հեռացումն է»,- իր ելույթում նշել է «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը