Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, մենք լայն համագործակցություն ունենք Հայաստանի հետ։ Ինչպես ասացի՝ մենք աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման: Այս մասին «Ինքնիշխան նախագծեր. Համագործակցությունը Եվրասիայում» թեմայով միջազգային ֆորումի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Նախևառաջ՝ Իրանը ճանաչում է երկրների տարածքային ամբողջականությունը, չեմ կարծում, որ Իրանի հարևանները որևէ գործողություն կնախաձեռնեն, որը դեմ է Իրանի անվտանգությանը։ Եթե որևէ փորձ ձեռնարկվի, որը վտանգ կներկայացնի Իրանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, դրա հետ չենք համակերպվի՝ համապատասխան վերաբերմունք կցուցաբերենք»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ դեսպանը նշեց, որ ՀՀ պաշտոնյաները տեղյակ են պահել հանդիպման և արձանագրության բովանդակության վերաբերյալ: Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
«Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- ընգծեց դեսպանը:
Անդրադառնալով Դամասկոսում Իրանի հյուպատոսության թիրախավորմանը՝ Սոհբանին տեղեկացրեց, որ դիմել են ՄԱԿ, սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնիսկ մեկ հայտարարություն չկարողացավ ներկայացնել:
«Երբ ՄԱԿ-ի կողմից որևէ քայլ չեղավ միջազգային օրենքի այդ կոպտագույն խախտման դեմ, մենք 10 օր ևս սպասում էինք արձագանքի, և երբ որևէ արձագանք չստացանք, իրականացրինք օրինական պաշտպանության իրավունքը և տվեցինք համարժեք պատասխան։ Մենք թիրախավորել էինք այն կենտրոնները, որտեղից թիրախավորվել էին մեր ենթակայության տակ եղած վայրերը։ Ի տարբերություն սիոնիստական ռեժիմի, մենք չենք թիրախավորել որևէ քաղաքացիական օբյեկտ, որևէ հիվանդանոց, դպրոց կամ մանկապարտեզ։ Մեր թիրախի տակ գտնվել են միայն ռազմական օբյեկտները, մենք մեր թիրախին հասել ենք, մեր գործողությունն ավարտված է»,- շեշտեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը