ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նոր գնդակոծություններն՝ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության ֆոնին, թե հակամարտության լուծման ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արևմուտքի պահանջով հակամարտություն է պետք։
«Փաշինյանը խաղաղ կյանքին անցնելու խնդիր չունի, քանի որ այլ նպատակներ ունի։ Նրան հակամարտությունն անհրաժեշտ է Արևմուտքի պահանջով։ Հիմա հաստատ հանգստության հույս պետք չէ ունենալ, քանի որ Փաշինյանն ամբողջովին իր ժողովրդին հանձնում է։ Փաշինյանը ժամանակակից Հուդա է։ Այժմ Արևմուտքը նպատակն ունի ևս մեկ հակամարտություն ստեղծել Ռուսաստանի սահմանների պարագծով, և գործարկել այն, երբ դրա կարիքը ունենան, երբ նկատվի դրա անհրաժեշտությունը: Արևմուտքը ստեղծում է թեժ հակամարտությունների պոտենցիալ կետեր։ Եվ ահա Կովկասն այդ կետերից մեկն է, և նրանք գտել են իրենց համար հարմար ծրագրեր իրականացնողին՝ ի դեմս Հայաստանի վարչապետի»,- ասել է Դուդչակը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության նոր էսկալացիային, ապա, ըստ քաղաքագետի, հավանականությունը շատ մեծ է:
«Հակամարտության նոր սրման հավանականությունը շատ մեծ է, քանի որ Արևմուտքին հակամարտություններ են պետք։ Այնպես որ, դա միանգամայն հնարավոր է, պարզ չէ միայն, թե երբ դա տեղի կունենա: Հայաստանն ու հայ ժողովուրդը պատանդ են վերցրել և առավելագույնս օգտագործելու են։ Քանի դեռ Երևանում պահպանվում է այդ ռեժիմը, հակամարտությունների հավանականությունը չափազանց մեծ է», — եզրափակել է Դուդչակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը