27 09 2023

44-օրյայի տեսարանների դեժավյուն ապրեցինք. հերոսանում են արցախցիներին օգնելու հաշվին. «Հրապարակ»

44-օրյայի տեսարանների դեժավյուն ապրեցինք. հերոսանում են արցախցիներին օգնելու հաշվին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է.

«Չհամարձակվեք արցախցիներին ցուցաբերվող օգնությունը որպես լավություն ներկայացնել, իսկ ձեր արածը` որպես հերոսություն: 3 տարի ամեն ինչ արեցիք, որ Արցախը թուլացնեք, խոցելի դարձնեք: Մեր արյունակից եղբայրներին, որոնք նույնքան եւ նույնիսկ ավելի շատ հայ են, քան դուք, թողեցիք մենակ ու անպաշտպան: Արցախից հանեցիք հայկական զորքը, հազար փաստաթուղթ ստորագրեցիք, հազար հայտարարություն արեցիք` ի վնաս Արցախի: Իսկ վերջում էլ ուղիղ հայտարարեցիք, թե Արցախն Ադրբեջանի մաս է կազմում եւ երբեք հայկական չի եղել:

Հիմա, երբ նույնքան վնաս եք տվել Արցախին, որքան Արցախի ոխերիմ թշնամիները, եւ հասել եք նրան, որ Արցախը հայաթափվում է, փորձում եք ներկայացնել, թե մեծ հերոսություն է ձեր արածը, որ ինչ-որ կացարաններում տեղավորում եք թուրքի յաթաղանից մազապուրծ մեր հայրենակիցներին: Որ ուղղաթիռ ուղարկեցիք Արցախ՝ այրվածքներ ստացածներին օգնելու: Որ Կոռնիձորում դիմավորում եք, ծածկ եք տալիս, որպեսզի փողոցում չմնան: Ու այնքան հպարտ եք ձեր արածով, որ օրը 2 անգամ կառավարության մամուլի սրահում ասուլիսներ եք տալիս` խոսնակով-նախարարով-փոխվարչապետով: 44-օրյայի տեսարանների դեժավյուն ապրեցինք:

Հիշում եք, չէ՞, ինչպես էին Արծրուն Հովհաննիսյանն ու ինչ-որ պաշտոնյաներ ամեն օր ամբիոններից հայտարարում, թե` «հաղթելու ենք»: Հիմա արդեն լիարժեք «հաղթել» են` Արցախը հանձնել են թշնամուն, ստիպել են, որ դարերով այդ հողի վրա ապրած հայ մարդն իր բարեկեցիկ ու բարեբեր հողը, տարիների ստեղծածը թողնի, վերցնի գաղթականի ցուպն ու մի կերպ սահմանն անցնի, որ փրկվի ասկյարի սրից: Եվ այսքանից հետո այնքան լպիրշ են, որ այս խեղճուկրակ, տուն ու տեղից զրկված, վիրավոր ու խոցված մարդկանց ցուցաբերած օգնությունը որպես հերոսություն են ներկայացնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ