Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այսօր պարզաբանեց, թե ինչու պատրեազմը կանգ առավ նոյեմբերի 9-ին։ Ըստ նրա՝ այս հարցում շրջադարձային դեր է խաղացել Շուշիի անկման գործընթացը։
«Շուշիից անընդհատ ահագնոցող լուրեր էին գալիս։ Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո 2-րդ ու այդպես շարունակ։ Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Սա ծանր լուր էր ինձ համար։ Ասել էի՝ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Ասացի՝ պահեք Շուշին, ետ վերցրեք։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ որ մենք Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը՝ ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ հարձակումը կառավարության շենքի վրա ու երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը