Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան՝ խարսխված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։
Արարատ Միրզոյանը և Տոբիաս Լինդները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը:
Քննարկվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը։
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը