18 03 2021

ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատավոր Մհեր Պետրոսյանին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ. «Փաստինֆո»

ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատավոր Մհեր Պետրոսյանին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, եւ փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։  Ընդ որում, այցը տեղի է ունեցել նախքան դատարանը քննության առարկա է դարձրել  հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների  միջնորդությունը։

Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել  ԲԴԽ -ին։ «Փաստինֆո»-ին հաջողվել է կապ հաստատել դատավոր Մհեր Պետրոսյանի հետ, որը հաստատել է կայքի տեղեկությունները՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակցներն իրոք այցելել են  դատարան եւ ցանկացել հանդիպել իր հետ, ինչը ինքը մերժել է։

«Այո, նման այց եղել է, ես նրանց հետ չեմ հանդիպել առհասարակ, հրաժարվել եմ հանդիպումից՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում հանդիպումը կազմակերպել միայն ԲԴԽ միջոցով եւ անմիջապես տեղյակ եմ պահել ԲԴԽ-ին»,- նշել է դատավորը եւ ավելացրել, որ ԱԱԾ աշխատակիցների այցելությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արդեն հայտնի գործով կայացրել էր  հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը եւ այն տեղադրվել էր դատական համակարգի ծրագրում։ Միաժամանակ նա հաստատել է Նա հաստատել է մեր այն տեղեկությունը, որ այցը եղել է նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ արձագանքին, դատավոր Պետրոսյանը նշեց, որ այդ դեպքի հետ կապված ԲԴԽ-ին բավականին շնորհակալ է, նախ՝ մինչեւ այդ, երբ առավոտյան արդեն նման լուրեր են շրջանառվել, իրեն զանգել են, հետաքրքրվել, իսկ դրանից հետո տեղեկացրել են, որ ԲԴԽ բոլոր անդամները տեղյակ են եւ հարկ լինելու դեպքում,  համապատասխան օրենքով սահմանված լծակների կիրառմամբ, իրենց լիազորությունները կիրականացնեն։ «Բայց բանը դրան չհասավ»,- ասել է դատավորը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումները մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որը վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումներից մեկը եւ բավարարել դրա շրջանակներում ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ