Մենք Վալերի Օսիպյանի և Միքայել Համբարձումյանի հայտարարություններին ծանոթ ենք, բայց, ըստ էության, դրանք իրենց մեջ կոնկրետություն չէին պարունակում: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ դատախազությունում ընթաց տրվե՞լ է նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանի հայտարարություններին:
«Պետք է նկատի ունենալ, որ հայտարարություններն արվել են իրավապահ մարմինների նախկին ղեկավարների կողմից, որոնց երևի թե կարիք չկա լրացուցիչ նշելու, թե ապօրինի գործողությունների հետ առնչվելու դեպքում, որոնք պետք է լինեին իրնց գործողությունները: Ավելին ասեմ՝ հիմա էլ նրանք զրկված չեն իրավապահ մարմիններին դիմելու և դրանց մասին տեղեկացնելուց: Հայտարարություն անել, որ նման բան եղել է, մի բան է, կոնկրետ փաստական տվյալներ ներկայացնելը մի ուրիշ բան, իրենք ճանապարհը գիտեն, կարող են ներկայացնել իրավապահ մարմիններին, ներկայացնել, թե ինչ ապօրինի բաների են առանչվել, թող ներկայացնեն, դրան համապատասխան էլ իրավական ընթացք կստանան»:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում Yerevan.Today-ի հարցին՝ պաշտոնավարման ընթացքում ապօրինի հրաման ստացե՞լ եք, թե ոչ, Ազատության հրապարակում ցուցարարներին միացած նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց․ «Ստացել եմ, բայց չեմ կատարել»։
Նոյեմբերի 8-ին էլ պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանը, նոյեմբերի 12-ին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր․ «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը