Պարզվում է՝ ՀՀ կառավարությունը պաշտոնական հարցմանն ի պատասխան պաշտոնապես սուտ տեղեկություն է տալիս։ Խոսքը վերաբերում է որպես ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքային գործունեությանը․
Եվ այսպես․
Հունվարի 25-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ իրեն չի՞ մտահոգում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, սակայն ստանում է աշխատավարձ և օգտվում դատավորի համար օրենքով նախատեսված հասանելիքից, ասաց․ «Եթե այդպիսի երևույթ կա, մտահոգում է, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել»։ Մեկ այլ հարցի՝ ի՞նչ է պատրաստվում անել այդ մտահոգության առիթով, պատասխանեց․ «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան, և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:
Yerevan.Today-ը փետրվարի 5-ին հարցում էր ուղարկել կառավարություն՝ հետևյալ հարցերով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսից անցել է 11օր։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը իրավիճակը պարզելու վերաբերյալ, և ի՞նչ դիրքորոշում ունի կառավարության ղեկավարը ՍԴ դատավորի՝ ամիսներ շարունակ անհարգելի պատճառով աշխատանքի չհաճախելու մասին»։ Օրենքով նախատեսված ամենակարճ ժամկետում՝ հենց հաջորդ օրը, ստացանք հետրևյալ պատասխանը․ «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ պարգևավճար ստանալու, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից օգտվելու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»։
Եթե սա համարենք սպառիչ պատասխան կառավարությանն ուղղված մեր հարցերին, կստացվի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հետևյալն է (քանի որ մենք կառավարությունից խնդրել էինք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը)․ քանի որ Վահե Գրիգորյանը չի օգտվում վառելիքից, չի ստացել պարգևավճար, ուրեմն Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում նրա՝ աշխատանքներին չմասնակցելը։
Yerevan.Today-ը դիմեց Սահմանադրական դատարանի աշխատակազմին՝ հետևյալ հարցերով․
1․ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց ի վեր երբևէ ստացե՞լ է պարգևավճար, եթե այո, ապա ո՞ր ամիսներին և ինչ չափով, նրան հատկացվե՞լ է ծառայողական ավտոմեքենա և վառելիք, օգտվո՞ւմ է դրանցից, թե՝ ոչ։
2․ ՍԴ վարույթում գտնվող գործերից քանի՞սն են մակագրվել Վահե Գրիգորյանին և դրանց ի՞նչ ընթացք է տրվել դատավոր Վահե Գրիգորյանի կողմից։
3․ Եթե ՍԴ դատավորն այցելում է ՍԴ, բայց չի մասնակցում նիստերի, դա համարվո՞ւմ է անհարգելի բացակա, թե՝ ոչ։
4․ Եթե համարվում է անհարգելի բացակա, այդ դեպքում քանի՞ անհարգելի բացակա է ունեցել Վահե Գրիգորյանը։
5․ Անհարգելի բացակաների պարագայում ի՞նչ պատիժ է սահմանված։
Ստացել ենք պատասխան, որը բոլորովին տարբերվում է կառավարության պատասխանից, ավելին՝ հերքում է դրանք ամբողջությամբ։
Եվ այսպես, ներկայացնում ենք մեզ տրված պատասխանը․
«1․ Լիազորությունները ստանձնելու պահից մինչև սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանը չի իրականացրել որպես Սահմանադրական դատարանի դատավոր իրեն վերապահված որևէ գործառույթ։ Այդ թվում՝ չի մասնակցել որևէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 Սահմանադրական դատարանի նիստ), չի մասնակցել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում գործը քննության ընդունելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման նախագիծ։ Արդյունքում, որոշ գործերով կայացվել են աշխատակարգային որոշումներ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ պայմանավորված նրա անգործությամբ։ Նշված գործառույթների իրականացումը վերապահվել է Սահմանադրական դատարանի այլ դատավորների։
2․ Հարկ է նշել, որ նշված անգործության հարգելիության վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացվել վերջինի կողմից (այս համատեքստում բացառություն են կազմում այն մի քանի գործերը, որոնց քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ աշխատակարգային որոշումներ են կայացվել)։
3․ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համատեքստում դատավորի ֆիզիկական ներկայությունը Սահմանադրական դատարանում ինքնին չի դիտարկվում որպես դատավորի լիազորությունների իրականացում։
4․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա կատարել է էական կարգապահական խախտում (ի թիվս այլնի, էական կարգապահական խախտում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը):
5. Վահե Գրիգորյանի աշխատավարձի չափը կազմում է 793․680 դրամ։ Պաշտոնավարման ժամանակահատվածում նա 4 անգամ ստացել է պարգևավճար՝ 1 746 096 դրամի չափով։
6․ Վահե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելուց ի վեր հատկացվել է Hyundai մակնիշի 006 ՕՏ 01 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենա, որն իր կողմից շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների պատճառով վերանորոգվել է և վերստին հատկացվել նրան։
7․ Վահե Գրիգորյանին տրամադրվել է 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն»։
Հարց․ կառավարությունը, որը ցանկանում է ազատվել ՍԴ դատավորներից և նոր դատավորներով համալրել այդ կառույցը՝ դա բացատրելով այդ կառույցում ճգնաժամով, ինչո՞ւ է թաքցնում ՍԴ-ում ճգնաժամ հարուցելու փորձ անող դատավորի անգործությունը և ինչո՞ւ է պաշտպանում նրան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը