05 12 2019

Բանտային առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագիր

Բանտային առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագիր

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը և քննարկել բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրի  ուղղությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սրբուհի Գալյանը, բարձր գնահատելով ԵԽ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունն ու համատեղ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, կարևորել է բարեփոխումներին ուղղված նոր փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ կադրերի վերապատրաստմանը, դատապարտյալների խնամքին ուղղված համապատասխան ուղեցույցների մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմանը և մի շարք այլ հարցերի:  Նշենք, որ բանտային առողջապահության ոլորտի բարեփոխումը Կառավարության կողմից հաստատված «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրի կարևոր ուղղություններից է:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդգծել է իրականացված և իրականացվելիք երկու ծրագրերի կարևորությունը և համատեղ ուժերով բանտային առողջապահության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿՀ-ներում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրան որակի բարձրացման, բժշկական անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, կադրերի վերապատրաստման, անհրաժեշտ ուղեցույցների մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում ձեռք էին բերվել բժշկական նորագույն սարքավորումներ, շուրջ 1000 քրեակատարողական ծառայողներ վերապատրաստվել էին՝ բժշկական էթիկայի, բժշկական գաղտնիքի և այլ թեմաներով, ՔԿՀ-ների բժշկական անձնակազմի համար ձեռք էր բերվել անհրաժեշտ կահույք, ինչպես նաև կազմվել էին «Բանտային առողջապահության հիմնախնդիրները և բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկը և «Կալանավորված և դատապարտված անձանց առողջապահական իրավունքների և դրանց իրացման մեխանիզմների» ուղեցույցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ