28  06  2019

Կալանքի որոշումը կայացված էր, բայց ձևական կողմն անգամ չպահվեց. Երվանդ Վարոսյան



«Դատական համակարգը մեզ մոտ այն վիճակում չէ, որ շտկելու համար գնանք ցնցումների: Հայաստանն Ալբանիան չէ, մենք ցնցումների գնալու անհրաժեշտություն չունենք: Դատական համակարգը պետք էր սկսել բարեփոխել դեռ մեկ տարի առաջ և մենք այսօր արդեն կարող էինք տեսնել առաջին ծիլերը: Դա դանդաղ պրոցես է, որով պետք է զբաղվեր Բարձրագույն դատական խորհուրդը: Բայց արդյո՞ք մենք ունեինք կամ ունենք այն դատական խորհուրդը, որը ի վիճակի է լինելու իր վրա դրված սահմանադրական պարտականությունները իրականացնել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանի գործողություններին՝ փաստաբանը նկատեց, որ դատավորը պետք է մնա իր դատավորական գործառույթների մեջ՝ անկախ նրանից, թե ինչ քրեական գործ է:

«Անկախ նրանից՝ ի՞նչ քրեական գործ է, ու՞մ գործն է և ի՞նչ հնչեղություն ունի, դատավորը պետք է մնա դատավոր, ոչ թե այն, ինչ մենք տեսանք դատավորի աթոռին: Չեմ կարծում, թե կար որևէ մեկը, ով այդ դատավորից այլ բան կսպասեր: Ամեն ինչ ակնհայտ էր ի սկզբանե: Իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում ես իրենից դրական բան տեսած չկամ: Իր ֆուկցիան հիմնականում դա է՝ դատախազության բողոքները բավարարելը»,- ընդգծեց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանն անդրադարձավ նաև նախավերջին նիստի ժամանակ Արմեն Դանիելյանի կողմից առանց պաշտպանական կողմին լսելու խորհրդակցական սենյակ գնալուն:

«Ինձ մոտ տպավորությունն է, որ այդ որոշումը կայացվեց նրա համար, որ հանրությունը չլսի մյուս կողմին: Բոլորը գիտեին, որ Արմեն Դանիելյանին միևնույն էր, թե ինչ էր խոսելու պաշտպանական կողմը: Բայց եթե դա իր համար միևնույնն էր, գոնե կարող էր ապահովել ձևական կողմը, իսկ ձևական կողմը չապահովելը ես կապում եմ այն բանի հետ, որ ինչ-որ ատյանում արդեն որոշում էր կայացվել, որ պաշտպանության կողմի դիրքորոշումը ոչ մեկը չիմանար»,- ընդգծեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ