04 07 2023

Անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետն ազատության մեջ է. aravot.am

Անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետն ազատության մեջ է. aravot.am

aravot.am-ը գրում է.

«Անցած ամիս «Հաղարծին»  ռեստորանահյուրանոցային համալիրի անչափահաս մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, նա ազատության մեջ է:

«Ես չեմ ճանաչել այդ տղային, ինքն էլ ինձ չի ճանաչել ո՛չ այդ պահին, ո՛չ՝ նախկինում: Ուղղակի այդ պահին իրար չենք հասկացել, իր խոսելու ոճը, իմը, մեկս մյուսին դուր չեկավ, մեր միջեւ վիճաբանություն առաջացավ: Գիշերակացի տեղի հետ կապված է մեր միջեւ խոսակցություն առաջացել՝ այս համարը, կամ այն համարը: Գումարայինի համար էլ այս խոսակցությունն է եղել, որ ասել եմ՝ ինձ ասա առավելագույնը, օրինակ մինչեւ առավոտվա ժամը տասը, թե ես յոթին դուրս կգամ, թե մի ժամից կփոշմանեմ, դուրս կգամ, չեմ կարող ասել, ասա ես ամբողջությամբ վճարեմ, որ ժամին դուրս կգամ, կհաշվես, հետ կտաս իմ գումարը: Հանել եմ, որ փողը տամ, ասել են՝ դուրս գալուց:  Ինքը կոնկրետ ուզում էր իմանալ՝ ես քանի ժամ եմ մնալու այդտեղ, ես էլ ասում էի՝ չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է անչափահաս լինելու հանգամանքին, եթե ինչ-որ մեկը կարող է պատկերացնել, որ գիշերվա ժամը մեկին օբյեկտի աշխատողը կարող է  անչափահաս լինել, ես շատ կուզենայի այդ մարդուն ճանաչել: Այդ տղան սպորտային կեցվածքով տղա էր, ես չէի կարող պատկերացնել, որ անչափահաս է»,- Aravot.am-ին ասաց Արսեն Ղայթմազյանը:

Նա հերքեց, որ դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. «Նման բան չի եղել, ես ալկոհոլի ազդեցության տակ չեմ եղել: Ուղղակի մի քիչ խնդիրներ եմ ունեցել, ցանկություն եմ ունեցել այդ օրը տանը չմնալ:Էդտեղ գիշերեմ, գնամ տուն, այն էլ չստացվեց»: Արսեն Ղայթմազյանն ասաց, որ իր լիազորությունները կասեցված են, իրեն մեղադրանք է առաջադրված. «Ընդունում եմ, որ այդ տղային ծեծի ենթարկել եմ, բայց չեմ ընդունում, որ իրեն խոշտանգել եմ կամ անչափահասի եմ ծեծել: Մեղադրանքի  իրավաբանական մասը չեմ ընդունում, փաստական մասն ընդունում եմ: Բայց փաստական կողմը դեռ դեպքի հաջորդ օրն եմ ընդունել: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, ապրիլի 11-ին  ես մեր ներքին անվտանգության  վարչությունում բացատրություն եմ տվել, որ ես սենց-սենց բան եմ արել, դեռ ոչ մեկ դեռ դիմում- բողոք գրած չի եղել, ես գնացել եմ ներքին անվտանգության վարչություն, բացատրություն եմ տվել»:

Արսեն Ղայթմազյանից հետաքրքրվեցինք՝ հաշտության ինչ առաջարկներ է արել երիտասարդին կամ նրա ընտանիքի անդամներին, գումար առաջարկե՞լ է, ի պատասխան նա ասաց. «Ոչ մի բան: Ներողություն բառը, իմ կարծիքով, աշխարհում այն բառերից է, որ գումարին էլ է փոխարինում, ամեն ինչին էլ է փոխարինում: Ասել եմ, եթե նյութական վնաս եմ քեզ հասցրել, ասել էր՝ բաճկոնս պատռվել է, ասել եմ՝ բաճկոնդ կառնեմ: Մնացածն էլ գնացել եմ իր հորից, հորեղբորից, մորից ներողություն եմ խնդրել, ասել եմ՝ պատրաստ եմ նույնիսկ քեզնից ներողություն խնդրել, որովհետեւ ես 17 տարեկանից  համազգեստ եմ կրում, կյանքս նվիրել եմ ոստիկանությանը: Ես էլ ուրիշ անելու բան չունեմ, չեմ կարող վաղը չաշխատել ու գնալ եսիմ ինչ  դառնալ: Սա աբսուրդ էր, չէր կարող ինձ հետ պատահել: Օպերատիվ տասնհինգ տարվա ստաժ ունեմ, սա ինձ համար խայտառակություն էր: Պատիժն այդքան էական չէ, ինչքան՝ խայտառակությունը: Ուղղակի մարդ ենք, սխալվել եմ, դիմացինս ուղղակի մի քիչ մեծահոգի պիտի գտնվի: Մարդիկ ասել են՝ չէ, բողոքում ենք: Ասել եմ՝ Աստված ձեր հետ»: Արսեն Ղայթմազյանից հետաքրքրվեցինք՝ իր կապե՞րն էր օգտագործել, որ մինչեւ դեպքի մասին լրատվամիջոցներով բարձրացված աղմուկը, դատախազությունը որոշել էր իր զղջումն ու ներողությունը հաշվի առնելով՝ քրեական հետապնդում չիրականացնել:

Ի պատասխան Ղայթմազյանն ասաց. «Ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքում  օրենքով նախատեսված է: Ամեն օր հանրապետությունում 5-10 գործով զղջալու հիմքով քրեական վարույթ է կարճվում: Ոչ մարմնական վնասվածք է ունեցել, ոչ քիթն է ջարդվել, ոչ աչքն է կապտել, նույնիսկ վախ չի արել: Ճիշտ է՝ ես հարվածում եմ, բայց չեմ ցանկանում վնասվածք պատճառել, քթից նույնիսկ արյուն չի եկել: Ես լավ բան չեմ արել, սխալ եմ արել, առաջին օրը հենց զղջացել եմ, ներողություն եմ խնդրել, չեմ հասկանում ուղղակի տրամադրվածությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ